«Կան երկրներ, որոնք առաջնորդվում են համամարդկային արժեքներով, և նրանց կողմից Ցեղասպանության ընդունումը կապված չի եղել Թուրքիայի վրա ճնշում գործադրելու հանգամանքով: Կան նաև այնպիսի պետություններ, որոնք փորձելով ճնշել Թուրքիային, որպես գործիք բերում են Ցեղասպանության ճանաչման հարցը: Իսկ Հռոմի պապն առաջնորդվեց համամարդկային արժեքներով՝ չընկրկելով Թուրքիայի սպառնալիքների առջև, ավելին, երեկ Սուրբ Մարթա եկեղեցում նա կրկին պատասխանեց Թուրքիային՝ ասելով.Եկեղեցու ճանապարհն անցնում է անկեղծության միջով և քրիստոնյան չպետք է վախենա ազատ խոսելուց ու խիզախ լինելուց: Հռոմի պապը հեղինակություն է, նրա վերաբերմունքն առանց արձագանք չի կարող մնալ՝ գոնե քրիստոնեկան շրջանակներում»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը:
Ինչ վերաբերում է Թուրքիայի արձագանքին, ապա թուրքագետի խոսքով, այն մեծ իրարանցում է առաջացրել Իտալիայում: Տեղի ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները պահանջում են երկրի իշխանություններից, որպեսզի արձագանքեն և դատապարտեն Հայոց Ցեղասպանությունը:
Ավելին, Իտալիայի ԱԳՆ-ն Թուրքիային մեղավոր համարեց՝ Հռոմի պապին քննադատելու հարցում:
Անի Կարապետյան