▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» հիմնադրամի տնօրենի պարզաբանումը

«Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի տնօրեն Վ.Շերմազանյանի պարզաբանումը լրատվական կայքերում այսօր  հրապարակված հոդվածի առնչությամբ:

«Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամը իրականացնում է Օձունի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու վերանորոգման և վերականգնման աշխատանքների ֆինանսավորումը համաձայն Հիմնադրամի, ՀՀ Մշակույթի նախարարության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու միջև 23.03.2012թ. կնքված հուշագրի: Ֆինանսական միջոցները տրամադրվում են մրցութային կարգով ընտրված շինարարական ընկերությանը՝ «ԼևԳուկ» ՓԲԸ-ին: Շինարարական աշխատանքներն իրականացվում են համաձայն հաստատված նախագծի: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պարբերաբար փոխվում են շինարարական աշխատանքների ծավալները և օգտագործվող նյութերը, ինչը շինարարական ընկերությանը հնարավորություն չի տալիս աշխատանքն իրականացնել որոշակի հաջորդականությամբ, որի արդյունքում մեծանում են նախապատրաստական աշխատանքները, «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամը շինարարական ընկերությանը տրամադրել է կանխավճար նորոգման աշխատանքները զուգահեռաբար տարբեր ուղղություններով միաժամանակ իրականացնելու համար: Մինչև 12.04.2013թ. շինարարական ընկերությանը փոխանցվել է 86,8 մլն ՀՀ դրամ, ինչի դիմաց արդեն կատարողական ակտերով ավարտին են հասցվել 43,9 մլն ՀՀ դրամի աշխատանքներ: Մնացած գումարը ուղղվել է նյութերի ձեռք բերմանը և նախապատրաստական աշխատանքների իրականացմանը: Չնայած այս ամենին, շինարարական աշխատանքների լայն թափով իրականացմանը խոչնդոտում է այն հանգամանքը, որ ընթացքում անընդհատ փոփոխություններ են իրականացվում նախագծում:

«Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի, ՀՀ Մշակույթի նախարարության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու միջև կնքված հուշագրի համաձայն, Հիմնադրամը ֆինանսավորում է շինարարական աշխատանքների իրականացումը, իսկ նախագծի կազմումը (փոփոխումը), հաստատումը, համապատասխան փորձաքննությունների անցկացումն իրականացնում է ՀՀ Մշակույթի նախարությունը:

Շինարարական աշխատանքների կատարման հեղինակային հսկողության իրականացման նպատակով «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի և «Սերվետ» ՍՊԸ-ի միջև 24.05.2012թ. կնքվել է համապատասխան պայմանագիր, համաձայն որի հեղինակային հսկողություն իրականացնողը պարտավոր է ապահովել իր ներկայացուցչի (տվյալ դեպքում նախագծող՝ Միշա Հակոբյանի կամ այլ լիազոր ներկայացուցչի) այցելություն Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու տարածք և արձանագրել կատարված աշխատանքների ընթացքը: Արձանագրությունները ենթակա են հանձնման «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամին՝ աշխատանքների հանձնման-ընդունման ակտի հետ միասին: Մինչև 12.04.2013թ. Հիմնադրամին  «Սերվետ» ՍՊԸ-ի կողմից չի ներկայացվել ոչ հանձնման-ընդունման ակտ, ոչ արձանագրություն, և ոչ էլ հաշիվ-ապրանքագիր: Չնայած այս ամենին, Հիմնադրամը «Սերվետ» ՍՊԸ-ին վճարել է կանխավճար 230 հազ. ՀՀ դրամի չափով:

Սույնով, ցանկանում ենք նշել նաև, որ ճարտարապետ Միշա Հակոբյանին վճարումներ «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամը չի իրականացրել, քանի որ հեղինակային հսկողության պայմանագիրը ոչ թե Միշա Հակոբյանի, այլ «Սերվետ» ՍՊԸ-ի հետ է կնքված, ուստի իր աշխատավարձի (նկատի ունենք հեղինակային հսկողության համար վճարումները) վճարման հարցով Միշա Հակոբյանը պետք է դիմի «Սերվետ» ՍՊԸ-ին, այլ ոչ թե Հիմնադրամին: Միաժամանակ հայտնում ենք, որ հեղինակային հսկողության իրականացման համար վճարումներ չիրականացնելու միակ խոչնդոտը հեղինակային հսկողություն իրականացնելու մասով ֆիքաված արձանագրությունները, հանձնման-ընդունման ակտերը, հաշիվ-ապրանքագրերը հիմնադրամին չներկայացնելն է: Նշված փաստաթղթերի ներկայացման դեպքում վճարումները կիրականացվեն անմիջապես:

Անհրաժեշտ ենք համարում նշել, որ ս/թ. ապրիլի 9-ին Հիմնադրամը գրություն էր ուղարկել «Սերվետ» ՍՊԸ տնօրեն Ս.Պողոսյանին, որով տեղեկացրել էր շինարարական աշխատանքների վերսկսման մասին և դիմել խնդրանքով՝ ապահովել լիազոր ճարտարապետի շաբաթական գոնե մեկ այցելություն:

Կարծում ենք, որ այսօր լրատվական կայքերում հրապարակված հոդվածն ինչ-որ չափով հանդիսանում է նշված գրության պատասխան, քանի որ «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամը նամակում նշել էր, որ ճարտարապետի շաբաթական գոնե մեկ այցելություն չապահովելու դեպքում ստիպված կլինի լուծել պայմանագիրը:

Նշենք նաև, որ նախագծի փոփոխված տարբերակները ևս ժամանակին չեն ներկայացվում շինարարական ընկերությանը, ինչը ևս հանդիսանում է խոչնդոտ շինարարական աշխատանքների իրականացման համար:

Սույն հարցի կարգավորման նպատակով ակնկալում ենք նաև ՀՀ Մշակույթի նախարարության միջամտությունը:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին