Ռիչարդ Մադլենյանը՝ «Հայկական ժամանակին» տված հարցազրույցում ասել է՝ ««Մեր բակը»՝ աշխարհի ամենադեգեներատ ֆիլմերից մեկը, սկիզբ դրեց անկախ Հայաստանի ֆուֆլոնային մշակույթի ձևավորմանը»։
Քաղաքագետ Գագիկ Համբարյանն այս առիթով գրում է․
«Այս մտքի հեղինակը հանրության կողմից ճանաչվել է շնորհիվ սերիալների, որոնք «Մեր Բակի» հետ համեմատ, իր բառապաշարով ասած ավելի դեգեներատ և ֆուֆլոնային են...
Ի դեպ, սույն կերպարը ցածրակարգ սերիալներում հրաժարվել է նկարահանվել ոչ թե դրանց ցածրակարգության, այլ ցածր աշխատավարձի պատճառով...
Հուսամ, «Մադլեն Ռիչարդյանին» կարձագանքեն «Մեր Բակի» հեղինակները և հատկապես կարկառուն նիկոլական «մերբակականները»...»։
«Երբ որ փողոցով քայլում ես, չձևավորված ֆուֆլոններ կան, մեքենաների ղեկին նստած՝ գլուխները դուրս տնկած՝ անճաշակ երաժշտությամբ... Չեմ էլ ուզում դրա մասին խոսել, որովհետև միշտ է եղել, իսկ դրա կնքահայրը եղել է այն ֆիլմը, որ ամբողջ ազգով պաշտում են՝ «Մեր բակը»՝ աշխարհի ամենադեգեներատ ֆիլմերից մեկը, որը սկիզբ դրեց անկախ Հայաստանի ֆուֆլոնային մշակույթի ձևավորմանը: Այն, որ սովետից հետո ազատությունը եկավ, ֆիլմը նկարեցին, ամբողջ քաղաքային կեղտը լցրին դրա մեջ՝ «մանթո ես», «ժամո ես», չգիտեմ՝ ինչ ես, դա դարձավ պոպուլյար, հիմք հանդիսացավ, որ ամբողջ ազգը մինչև հիմա՝ 30 տարի մեքենաներից աքլորների նման գլուխները դուրս հանած շրջեն քաղաքում: Հասկանո՞ւմ եք, թե ի՜նչ ազդեցություն կարող է ունենալ մշակույթը: Սա, ըստ իս, եղավ հասարակության կործանման առաջին հիմնասյունը, դրանից հետո սկսեցին այդ բովանդակության և կոլորիտի դրսևորումները դառնալ դոմինանտ, որը դարձավ աղետալի»,- հարցազրույցում ասել է Ռիչարդ Մադլենյանը: