Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Մինչ Թուրքիան ճնշում էր գործադրում Ֆրանսիայի նախագահի վրա՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին չաջակցելու համար, այժմ ստիպված է պայքարել մեկ այլ երկրի՝ Հունաստանի դեմ, որը մի քանի օր առաջ օրենք ընդունեց՝ անօրինական համարելով ցեղասպանությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության ժխտումը: Հունաստանը երրորդ երկիրն է Եվրոպայում՝ Շվեյցարիայից և Սլովակիայից հետո, որը նման օրենք է ընդունում։ Շվեյցարական օրենքը, սակայն, քննվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից (ՄԻԵԴ)՝ թուրք ամբաստանյալի խոսքի ազատության խախտման համար:
Ֆրանսիայի Ազգային ժողովը (2011թ.) և Սենատը (2012 թ.) ընդունել են ցեղասպանության ժխտումը քրեականացնող նմանատիպ մի օրենք, որը Ֆրանսիայի Սահմանադրական դատարանը չեղյալ համարեց: Մերժված օրենքի փոխարեն ֆրանսիացի պատգամավոր Վալերի Բուայեն անցյալ շաբաթ մի նոր օրինագիծ ներկայացրեց խորհրդարան: Նախագահ Ֆրանսուա Օլանդը նույնպես խոստացել է աջակցել Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացմանը:
Չնայած Եվրոպայում նման օրենքների վերաբերյալ իրավական անորոշությանը՝ Հունաստանի խորհրդարանը սեպտեմբերի 9-ին, ձայների 54 կողմ և 42 դեմ հարաբերակցությամբ այլատյացության դեմ քրեական օրենք ընդունեց՝ պայքարելով խտրականության, այլատյացության և ռասիզմի դեմ՝ անօրինական դարձնելով Հրեական հոլոքոստի և մյուս ցեղասպանությունների ժխտումը, որոնք ճանաչվել են միջազգային դատարանների կամ Հունաստանի խորհրդարանի կողմից, այսինքն՝ Պոնտոսի հույների ցեղասպանությունը, Փոքր Ասիայի հույների ցեղասպանությունը և Հայոց ցեղասպանությունը: Այս օրենքը խախտողները կարող են տուգանվել մինչև 30 հազար եվրոյի չափով և ազատազրկվել մինչև երեք տարի ժամկետով:
Հունաստանի օրենքը բխում է Եվրամիության 2008 թվականի «Ռասիզմի և այլատյացության դեմ պայքարի շրջանակային որոշումից», որը կոչ է անում Եվրամիության պետություններին՝ օրենքներ ընդունել՝ ռասիզմը, այլատյացությունը, ցեղասպանության ժխտումը, մարդկության դեմ գործած հանցագործությունները և ռազմական հանցագործությունները պատժելու համար:
Անակնկալի գալով՝ թուրք պաշտոնյաները և ադրբեջանցի պրոպագանդիստները հակասական հայտարարություններ արեցին հունական օրենքի վերաբերյալ: Սկզբում, Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտեց հունական օրենքը, պնդելով, թե «այն հակասում է ժողովրդավարական սկզբունքներին և խոսքի ազատությանը»: Սակայն շուտով արտգործնախարարությունը հակասեց ինքն իրեն և հույս հայտնեց, որ նոր հունական օրենքը կօգնի պաշտպանելու Հունաստանում ապրող թուրքերի իրավունքները… Պետք է նշել, որ Հունաստանն այս օրենքը ընդունեց, չնայած սեպտեմբերի 5-ին Ուելսում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում նախագահ Էրդողանը զգուշացրել էր Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասին, ով վճռականորեն պատասխանել էր Թուրքիայի նախագահին, որ հունական օրենքը չի հակասում միջազգային օրենքին… Նման նախազգուշացում Էրդողանն արել էր Ֆրանսիայի նախագահին, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ որևէ նոր օրենքի ընդունումը կբարդացնի իրենց երկրների միջև եղած հարաբերությունները:
Ադրբեջանցի մեկնաբանները նույնպես իրարամերժ պնդումներ արեցին՝ չնայած որ հունական օրենքը ոչ մի կերպ չի առնչվում Ադրբեջանի հետ: Մի ադրբեջանցի գրող անգամ պնդել էր, թե հունական օրենքը չի հիշատակել Հայոց ցեղասպանությունը, և որ Հունաստանի խորհրդարանը երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Իհարկե, այս երկու պնդումները լիովին սուտ են: Ակնհայտ է, որ այս ադրբեջանցի գրողը ձևացնում է, թե չգիտի, որ Հունաստանի խորհրդարանը 1996 թ. ապրիլի 25-ին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իսկ 1996 թ. հուլիսի 10-ին նախագահ Կոնստանտինոս Ստեֆանոպուլոսը հրամանագիր է ստորագրել՝ Ապրիլի 24-ը սահմանելով «Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանության հիշատակի օր»:
Մյուս ադրբեջանցին՝ Վ. Սեիդովը, ոչ միայն ընդունել է, որ հունական օրենքը ընդգրկում է Հայոց ցեղասպանությունը, այլև հավելել է, թե հունական ոստիկանությունը չի համարձակվի ձերբակալել իրեն այն բանից հետո, երբ նա, ինչպես ծրագրել է՝ Աթենքում հայտարարի, որ «Հայոց ցեղասպանությունը պատմական իրողություն չէ» ... Եթե Սեիդովը համարձակվի իրականացնել իր բլեֆը, ապա մնում է տեսնել, թե ինչպես է նա կամ հայտվում հունական բանտում, կամ «հերոս» հռչակվում ժխտողական քաղաքականություն վարող Թուրքիայի և Ադրբեջանի կողմից՝ կախված ՄԻԵԴ-ի վերջնական վճռից:
Հայաստանի արտգործնախարարը և խորհրդարանը բարձր են գնահատել Հունաստանի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման օրենքի ընդունումը: Սակայն, ճիշտ ժամանակն է, որ Հայաստանի Ազգային ժողովը պաշտոնապես ճանաչի հույների ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում: Նախկինում այս ուղղությամբ ջանքերը, անհայտ և անհասկանալի պատճառներով, մերժվել են Հայաստանի կառավարության կողմից...
Սեպտեմբերի 22-ին նախատեսված է Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի հանդիպումը Հունաստանի վարչապետ Սամարասի հետ Աթենքում, որի ընթացքում ակնկալվում է, որ Նորին Սրբությունը իր երախտագիտությունը կհայտնի Հունաստանի կառավարությանը՝ Հայոց ցեղասպանության ժխտման դեմ օրենքի ընդունման համար:
Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախօրեին շատ նպաստավոր կլինի, եթե ՄԻԵԴ-ը չեղյալ համարի շվեյցարական օրենքի վերաբերյալ իր ավելի վաղ կայացրած վճիռը, իսկ եթե Ֆրանսիան Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող մի նոր օրենք ընդունի, ապա ճանապարհ կհարթի այլ եվրոպական երկրների համար՝ հետևելու իր օրինակին:
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի