ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, դիմելով ՀՀ վարչապետին, ասաց. «Սեպտեմբերի 19-ին, երբ Ադրբեջանը հերթական պատերազմը սանձազերծեց ՀՀ-ի դեմ, ՀՀ ՊՆ-ն հայտարարություն տարածեց, որ ՀՀ սահմաններին խաղաղ է, Փաշինյանն էլ ասաց, որ այս փորձությունների միջով անցնում ենք՝ հանուն ՀՀ-ի: Սրանով՝ ՀՀ կառավարությունը ձեռքերը լվաց ու մի կողմ քաշվեց: Իշխանություններն Արցախը մատաղ արեցվին՝ պատճառաբանելով, թե անում են հանուն ՀՀ անկախության ու ինքնիշխանության: Օգտվելով առիթից՝ ՀՀ իշխանությունները շտապեցին տիրաժավորել թեզը, որ ադրբեջանական ագրեսիայի պատճառն Արցախում տեղի ունեցած ներքաղաքական փոփոխություններն էին: Ի՞նչ ուղերձ են սրանով ՀՀ իշխանությունները փորձում հղել: Եթե ՀՀ-ում էլ իշխանություն փոխվի, նույնը սպասվում է ՀՀ-ին: Այսինքն՝ անկախ ու ինքնիշխան ՀՀ-ն պետք է ունենա այնպիսի կառավարություն, որը կբավարարի Ադրբեջանին և այդ կառավարությունն իրենք են: Քաղաքագիտության մեջ սա հայտնի է որպես խամաճիկային կառավարություն»: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ում ում, բայց ձեր խմբակցությանը խամաճիկային կառավարություն արտահայտությունը ծանոթ է, որովհետև դուք և կողքի խմբակցությունը երկար տարիներ ՀՀ-ում ձևավորել եք խամաճիկային կառավարություն, որն ինքնուրույն ոչ շնչել է, ոչ արտաշնչել է, ոչ հազացել ու փռշտացել է: Չեմ էլ ուզում խոսել ԼՂ մեր գործընկերների վերաբերյալ, որովհետև այդ թվում նաև դուք եք նրանց հարվածի տակ դրել, որովհետև հիշեցնեմ՝ ինչպես էիք տոնում, երբ ԼՂ-ում իշխանության փոփոխություն էր տեղի ունենում... Թերևս, այն, ինչ տեղի ունեցավ, ձեր ծրագրերի մեջ էր մտնում»: Արթուր Խաչատրյանն արձագանքեց. «Պատերազմը սկսվեց, երբ Դուք, չունենալով դրա իրավունքը, ճանաչեցիք Ադրբեջանի գերիշխանությունն Արցախի նկատմամբ: Այն կառավարությունը, որին մաս ենք կազմել, առաջնորդվել է իր քաղաքականությամբ: Բայց հարցս այլ էր՝ եթե ՀՀ-ում իշխանություն փոխվի, Ադրբեջանը կարող է գալ պատերազմով ՀՀ-ի վրա. դրանով ուղերձը հստակ է՝ հանկարծ չփոխեք, որովհետև մենակ մեր կառավարությունն է բավարարում Ադրբեջանի պահանջները»: Փաշինյանը ասաց՝ ձեր քաղաքականություն վարելու մոդելը երևաց ԼՂ-ում, ապա շարունակեց. «Ոչ դուք եք որոշում՝ ՀՀ-ում իշխանափոխություն կլինի, թե ոչ, ոչ էլ ուրիշ մեկը, դա որոշում է ՀՀ ժողովուրդը: ՀՀ ժողովուրդը որ որոշի՝ կարող ա էսօր իրիկունն էլ իշխանափոխություն անի: Եվ ՀՀ ժողովուրդը ձեզ հետ մի քանի անգամ էդ իշխանափոխությունն արել է ու ամեն օր էլ անում է»:
«ՀՀ-ն պետք է ունենա այնպիսի կառավարություն, որը կբավարարի Ադրբեջանի՞ն». Խաչատրյանը՝ Փաշինյանին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet