«Մեր ժողովուրդը մեծ պատրաստություն տեսավ՝ կապված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ: 100-րդ տարելից ասելն էլ է սխալ, քանի որ եթե նկատի ունենանք մշակութային ժառանգության ոչնչացումը, այն մինչ օրս էլ շարունակվում է, իսկ հայկական ցեղասպանությունը սկսվել է Աբդուլ Համիդի ժամանակաշրջանից՝ 1894 թվականից: Հիմա թե ինչի հարյուրամյակն է՝ չգիտեմ»,-այսօր՝ լրագրողների հոտ հանդիպման ժամանակ ասաց պատմաբան Գևորգ Յազիչյանը:
Նրա խոսքով՝ շտապողականություն էր և՛ ՀՀ-ում, և՛ Սփյուռքում:
«Ընդհանրապես ընդունված է, որ Դպրեվանքի կամ Էջմիածնի հոգևոր ճեմարանի ուսանողները երբ կավարտեն, այն ժամանակ էլ կօծեն նրանց: Այս տարի Արամ վեհափառը Ապրիլի 24-ի նախօրեին նոր աբեղաների օծեց՝ սա կապելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ: Այնինչ, նրանք դեռ չէին ավարտել: Այսինքն, օտարներին ենք ավելին ցույց տալիս, քան մենք մեզ ենք ուզում ինչ-որ խորհուրդ փոխանցել: ՀՀ նախագահն ասում է, թե Թուրքիայից հողային պահանջներ չունենք: Սա ի՞նչ է, դիվանագիտությո՞ւն ենք խաղում: Հայոց հայրենիքը հայ ժողովրդի սեփականությունն է, և որևէ մեկը իրավունք չունի զիջել կամ գործարքներ իրականացնել: Մենք պահանջներ ունենք Թուրքիայից և առաջին տեղում հենց հողն է: Մեզ ներկայացնում են մի բանաձև, այն է՝ հողի դիմաց փող: Սրա մեջ է մտնում նաև Սիսի կաթողիկոսարանը ներկայացրած հայցը՝ Թուրքիայի Սահմանադրական դատարան: Նշված է, որ պահանջում են Սիսի կաթողիկոսարանի տարածքը, կամ 100 միլիոն թուրքական լիրայի հատուցում»,-նկատեց Գևորգ Յազիչյանը:
Պատմաբանը հարց է բարձրացնում, թե ինչո՞ւ Հայաստանը փողային հատուցում չի պահանջում Գերմանիայից.
«Փաստ է, որ գերմանացի սպաները մասնակցել են, կամ աչք են փակել այն ամենի վրա, ինչ կատարվել է 1915-18թթ.: Ամաչո՞ւմ ենք հարց բարձրացնել»,-ասաց Գևորգ Յազիչյանը:
Նրա կարծիքով՝ ամեն ինչ անլուրջ է ու արվում է՝ թուրքերի հետ հաշվելու համար.
«Թուրքերը ներողություն խնդրեն, փող տան, հայերը ներեն և վերջ…»:
Asekose.am-ի թղթակցի հարցին, թե ինչո՞ւ է ձգձգվում Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը և որտե՞ղ է թերանում ԱԳՆ-ն, պատմաբանը պատասխանեց.
«Նրանք ինչ-որ կերպ հաշվի են առնում թուրքական գործոնը՝ որպես դաշնակից պետություն: Նրանց համար խնդիր է նաև թուրքական մի քանի միլիոնանոց զանգվածի գոյությունը, որը անախորժություններ կարող է պատճառել: Գերմանիայի համար ցանկալի չէ վատթարացնել Թուրքիայի հետ հարաբերությունները: Ինչ վերաբերում է ՀՀ ԱԳՆ-ին, ապա շատ թույլ, ոչ կազմակերպված աշխատանք է արվում գերմանական պետական կառույցների հետ»:
Անի Կարապետյան