▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հետտոնական հրատապ մեսիջ քաղաքական ուժերին

Հայաստանում դասակարգային պայքարի ուրվականն է ի հայտ գալիս:
Դասակարգերի և դասակարգային պայքարի գիտական տեսությունը մշակել են մարքսիզմի հիմնադիրները: Շատերի կարծիքով՝ Մարքսի, Էնգելսի, Պլեխանովի, Ռոզա Լյուքսեմբուրգի և այլոց աշխատանքներն այլևս ակտուալ չեն: Միգուցե դա իսկապես այդպես է, բայց որ Հայաստանի նման աղքատ երկրում բացառված չէ դասակարգային պայքարի ի հայտ գալը՝ նույնպես իրականությունից հեռու չէ: Հարուստն ու աղքատը հավիտենական հակամարտության մեջ են եղել իրար հետ, անընդհատ պայքար են մղել՝ մերթ թաքնված, մերթ բացահայտ պայքար, որը միշտ ավարտվել է ամբողջ հասարակական շենքի հեղափոխական վերակառուցմամբ կամ պայքարող դասակարգերի ընդհանուր կործանմամբ: Զարգացած երկրներում այդ պայքարն ընդամենը տեսական պոտենցիալ ունի և վերջ, իսկ աղքատ երկրներում այն տեսականից ամեն վայրկյան կարող է գործնական դաշտ տեղափոխվել, մանավանդ երբ դասակարգային պայքարի մի կողմի՝հարուստների շարքերում կան այնպիսիները, ովքեր հարստացել են զուտ երկրի բյուջեն թալանելու, կոռուպցիայի և մենաշնորհի շնորհիվ: Հայաստանում աղքատների շարքերն օր օրի համալրվում են, այստեղ մեծ դեր է խաղում այն հանգամանքը, որ իշխանությունների վարած ներքին քաղաքականության շնորհիվ շատ միջին և փոքր բիզնեսներ իրար հետևից փակվում են: 
Հասկանալի է և կասկածից վեր, որ քաղաքական գործունեությամբ զբաղվող, իշխանություն ձևավորելու հավակնություն ունեցող և այդ նպատակով ժողովրդի քվեն հայցող ցանկացած ուժ կամ գործիչ առաջին հերթին պետք է այս ամենն ի գիտություն ընդունի, ապա նոր միայն անցնի տարբեր իրավիճակային խնդիրներ արծարծելուն կամ լուծումներ առաջարկելուն այն պարզ պատճառով, որ ինչպես էլ նա փորձի խուսանավել, շրջանցել նման հարցադրումները, միևնույն է՝ վերջնահաշվում նա նորից կանգնելու է այդ խնդրի առջև:
Հ.Գ.

Հարգելի քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, դուք պետք է գիտակցեք, որ այսօր ով կարողացել է արդեն արտագաղթել է և մնացել են նրանք, ովքեր պատրաստ են հանուն իրենց երեխաների արժանավայել ապագայի, կտրուկ գործողությունների գնալ, չէ որ նրանք այլևս բացի անսահման պարտքերից, սովից ու անբժշկությունից և ծայրահեղ աղքատությունից ոչինչ չունեն կորցնելու: Հարգելի իշխանության ներկայացուցիչներ, դուք էլ ձեր հերթին պետք է այսքանը գիտակցեք և երբեք նմանատիպ հարցերում չափից ավելի ինքնավստահություն չցուցաբերեք:

 

Կարեն Թումանյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին