▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հերոսին վայել չէ...«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. Իջեւան-Երեւան միկրոավտոբուսային երթուղին իրականացվում է «Գազել» մակնիշի մեքենաներով: Այդ երթուղին սպասարկող ընկերության տերը Վարուժան Կարապետյանն է, ում Տավուշի մարզում «հերոս» են կոչում: Լիբանանի քաղաքացի Վարուժան Կարապետյանը 1985թ. Փարիզի Օռլի օդանավակայանում պայթուցիկ գործարկելու եւ դրա հետեւանքով բազմաթիվ զոհերի համար դատապարտվել է ցմահ ազատազրկման: Մոտ 18 տարի Ֆրանսիայի բանտերից մեկում կրելով պատիժը` նա ներման է արժանացել, ապա ազատ արձակվելով` 2001թ. տեղափոխվել է Հայաստան: Իջեւանի տաքսիստներից տեղեկացանք, որ Երեւանի Հյուսիսային ավտոկայարանում եւ Իջեւանի ավտոկայարանում Վ. Կարապետյանի մարդիկ չեն թողնում, որ տաքսիները ուղեւոր վերցնեն: Այդ արգելքը հատկապես խիստ է Երեւանի Հյուսիսային ավտոկայարանում: Իջեւանի տաքսիստների վկայությամբ` այդ արգելքին չենթարկվող տաքսիստներին ծեծի ենթարկելու դեպքեր են եղել: Նրանց խոսքով` Երեւանի Հյուսիսային ավտոկայարանում հանրապետության այլ վայրեր մեկնող տաքսիստներն ազատ կերպով ուղեւորներ են վերցնում, նրանց հանդեպ ոչ ոք արգելքներ չի հարուցում: Ուղեւորն ինքն է որոշում օգտվել միկրոավտոբուսային երթուղուց, թե ավելի թանկ վճարով՝ տաքսու ծառայությունից: Միայն «հերոսին» պատկանող գծի դեպքում են տաքսիստներին ավտոկայարանի տարածքից հեռու վանում: Հավելենք, որ Վարուժան Կարապետյանը բնակվում է Դիլիջան քաղաքի վարչական տարածքում գտնվող անտառապատ տեղանքում, գեղեցիկ բնության մեջ: Առանձնատունը գտնվում է բարձր կետում` հպարտ միայնության մեջ: Դիլիջանցիներն ասացին, որ վերջերս Հայաստանի բանկերից մեկի տերը Վարուժան Կարապետյանի տան հարեւանությամբ իր համար առանձնատուն է սկսել կառուցել:

 

Ուշագրավ այլ նյութեր՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին