▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հենրիխ Մխիթարյան. «Իմ նպատակն աշխարհի առաջնությունում խաղալն է»

Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել rg.ru-ին: 

 

-Մի քանի տարի առաջ դու ասացիր, որ ցանկանում ես ամենաբարձր մակարդակի վրա խաղալ: Հիմա դու Մանչեսթեր Յունայթեդի ֆուտբոլիստ ես` աշխարհի լավագույն ակումբներից մեկում: Ո՞րն է քո հաջորդ նպատակը:

-Մանկությանս տարիներին ես երազանք ունեի հաղթել Չեմպիոնների լիգան կամ Եվրոպայի լիգան: Այդ նպատակներից մեկին ես հասել եմ: Իսկ ընդհանրապես իմ հաջորդ մրցաշրջանը պետք է նախորդից լավը լինի: Կարելի է ասել, դա իմ գլխավոր առաջադրանքն է:

-Դու հիշեցիր մանկությունդ: Քո հայրը, խորհրդային տարիների հայտնի ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանն է: Պատմիր նրա հետ կապված ամենավաղ հիշողությունը:

-Հիշում եմ, ինչպես էի խնդրում հայրիկին ինձ մարզման վերցնել: Ես 5 տարեկան էի: Նա այդ ժամանակ խաղում էր Ֆրանսիայում: Նա չէր ցանկանում մարզման ժամանակ շեղվել, անհանգստանալով իմ մասին: Եվ դրա պատճառով չէր վերցնում ինձ իր հետ: Ինձ թողնում էին սենյակում և ես չէի կարողանում բացել դուռը: Ես շատ փոքրիկ էի և չէի կարողանում ձեռքով բացել դուռը:

-Դու ասել ես, որ մանկությանդ տարիներին հայրիկիդ մասնակցությամբ տեսանյութեր ես դիտել: Հիմա է՞լ ես դիտում:

-Այո: Նա արագ հարձակվող է եղել, լավ հարվածով: Իդեպ, իմ խաղերը ես չեմ վերանայում:

-Ինչու՞:

-Քանի որ այնտեղ միայն իմ սխալներն եմ նկատում:

-Իսկ ընդհանրապես դու սիրու՞մ ես այլ թիմերի խաղեր դիտել:

-Իհարկե: Ինձ դուր է գալիս ոչ միայն Չեմպիոնների լիգան, այլ նաև այլ երկրների առաջնությունները. Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի, Ռուսաստանի: Ես երբեմն նաև Հայաստանի առաջնություն եմ դիտում: Այնտեղ խաղում են իմ ընկերները, ծանոթները:

-Կոնֆեդերացիաների գավաթը դիտելու՞ ես:

-Իհարկե, բայց ոչ-ոքի չեմ երկրպագւ:

-Հորդ մահից հետո, 1996թ. դուք ընտանիքով վերադարձաք Հայաստան, իսկ արդեն 13 տարեկանում գնացիք Բրազիլիա, դասընթացների: Դժվա՞ր չէր, առաջին անգամ ընտանիքից այդքան հեռու գտնվելը և այն էլ այդքան հեռու երկրում:

-Իհարկե, դժվար էր: Ես համեստ տղա էի, ով եկել էր հեռվից: Ես փորձում էի տղաներին բացատրել, թե որտեղ է գտնվում Հայաստանը, բայց դա անելը հեշտ չէր: Այդ ժամանակ չկային լավ հեռախոսներ և սոցիալական կայքեր: Բայց առանց դրա էլ մենք շատ շուտ ընկերացանք տղաների հետ: Բրազիլացիները շատ ուրախ են և շատ են կատակում: Իդեպ, ես այնտեղ միայնակ չեմ գնացել: Ինձ հետ ևս 2 հայ ֆուտբոլիստներ են եղել:

-Իսկ ինչպե՞ս էիր դու կապ պահում ընտանիքիդ հետ:

-Տնօրենի գրասենյակում հեռախոս կար: Մենք կարող էին այն միջազգային զանգեր կատարելու համար օգտագործել: Մայրս ինձ այդ համարին էր զանգահարում և մենք ամեն շաբաթ շփվում էինք:

-Բրազիլիայում դու լեզու սովորեցի՞ր:

-Դեռ Հայաստանում ես զբաղվում էի ուսուցչի հետ, բայց դա չի համեմատվի գործնական ուսման հետ: Մի բան է` նստել գրքերի դիմաց և կարդալ, մեկ այլ բան` իրական շփվել մարդկանց հետ:

-Դուք ապրում էիք մարզաբազայու՞մ:

-Այո: Այլ քաղաքներում ես այդպես էլ չկարողացա լինել: Մենք ամբողջ ժամանակ մարզվում էինք և գնում էինք դպրոց: Այն մարզաբազայի տարածքում էր: Կարելի է ասել, որ Բրազիլիայում է ձևավորվել իմ խաղաոճը:

-Կարո՞ղ ես պարզություն մտցնել: Քանի՞ լեզվով ես դու խոսում:

-6 լեզվով. Հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, պորտուգալերեն, գերմաներեն և անգլերեն: Ռուսերենը ես սովորեցի տատիկիս շնորհիվ: Նա ռուս էր:

-Ի՞նչ կրթություն ունես:

-Ես Հայաստանում ավարտել եմ ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը: Նաև սովորել եմ Սանկտ-Պետերբուրգի տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղում:

-Դու նույնիսկ Բորուսսիայում խաղալու տարիներին էլ ես սովորե՞լ:

-Այո: Քանի որ նրանց դիպլոմը վավեր է գրեթե 60 երկրներում:

-Արդեն 10 տարի է անցել Հայաստանի հավաքականում քո նորամուտից: Ո՞ր խաղն է հիշվում ամենից շատ:

-Այդպիսի շատ խաղեր են եղել: Նույն, Մոնտենեգրոյի դեմ խաղը, երբ մենք պարտվում էինք 0:2, բայց հաղթեցինք 3:2: 2013թ. Իտալիայի դեմ խաղը, երբ ես գոլ խփեցի Բուֆֆոնին և դարձա հավաքականի լավագույն ռմբարկուն: Կնշեմ նաև Դանիայի և Սլովակիայի դեմ արտագնա խաղերը, երբ մենք զարմացրինք բոլորին և հաղթեցինք 4:0 հաշվով:

-Հայաստանը 4 միավորով է ետ մնում ԱԱ-2018-ի որակավորման փուլի E խմբի երկրորդ հորիզոնականից: Ի՞նչ ակնկալիքներ ունեք մնացած խաղերից:

-Առաջին խաղերից հետո շատերը քննադատում էին մեզ այնպես, կարծես մենք արդեն ձախողել ենք այս որակավորման փուլը: Բայց ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է: Մենք շարունակում ենք պայքարել: Դա իմ և մեր նպատակն է` խաղալ աշխարհի առաջնությունում:

 

Աղբյուր՝ ArmFootball.com

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին