Բլոգումս արդեն մի տեղ պատմել եմ հայտնի մի առակ, որ երեկ հիշեցրեց ընկերներիցս մեկը: Ինքը վերջերս ա ֆեյսբուք մտել ու արդեն հասցրել ա զզվել, այսպես կոչված, հասարակական կարծիքից: Իսկ ես ամիսներ առաջ, երբ գրում էի առակը, մտքովս չէր անցնում, որ էլ ավելի խայտառակ օրեր են գալու: Ըստ երևույթին՝ էդ առակը պիտի գրենք նաև մեր սահմանադրության մեջ՝ որպես խոսքի ազատության հայաստանյան ընկալում:
Հիմա ստիպված նորից եմ պատմում առակը. ուրեմն, մի գյուղացի ծերուկ իր թոռան հետ, էշն առաջ գցած, քաղաք ա գնում: Ճամփին անցորդները տեսնում են ու հռհռում՝ հլը էս ապուշներին, էշը թողած՝ երկու-երկու ոտքով են գնում: Բիձեն մտածում ա՝ ճիշտ են ասում, էլի, հեծնում է իշուն, ու շարունակում են գնալ: Քիչ հետո ուրիշ անցորդներ են հանդիպում, սրանք էլ ասում են՝ այ քեզ բան, եքա մարդ ա, ինքը առոք-փառոք բազմել ա էշին, էն մատղաշ էրեխուն հետևից քաշ ա տալիս: Բիձեն իջնում ա, էրեխուն դնում էշին, ու գնում են: Հաջորդ անցորդներն էլ են կարծիք ունենում, ասում են՝ հլը տես, է, աշխարհի բանը, թառլան տղեն չի ամաչում, ինքն էշով ա գնում, խեղճ պապը հազիվ ա ոտները շարժում: Բիձեն փորձում ա վերջին տարբերակը, ինքն էլ ա հեծնում էշին թոռան կողքը, բայց «հասարակական կարծիքը» սա էլ ա դատապարտում՝ չեն էլ ամաչում էս անխիղճները, երկու-երկու նստել են էն խեղճ անասունի վրա…
Էս առակի միջավայրը մեր հին գյուղն ա: Ո՞ւմ մտքով կանցներ, որ 21-րդ դարի հայկական մայրաքաղաքում տեղեկատվական բարձր տեխնոլոգիաներն ընդամենը միջոց են դառնալու, որ էս առակը կյանքի կոչվի ամեն օր ու ամեն ժամ: Որ «հասարակական կարծիք» ներկայացնելու հավակնությամբ ԶԼՄ-ներն ու ֆեյսբուքը ձեռք-ձեռքի պիտի մարմնավորեն էդ անցորդներին ու անոռուգլուխ բլթոցով ու ղժժոցով լցնեն ողջ էն տարածքը, որտեղ հնարավոր էր իսկապես լուրջ քննարկումներ ծավալել: Բայց ոնց որ կացին ախպերը կացնից բեխաբար գյուղում տաք զենքի վերածվեց ու այրեց մարագը, էնպես էլ տեղեկատվական տեխնոլոգիաները մեզանում վերածվել են սառը զենքի, որով, անգամ մի երկու տասնյակով, կարող են էնպիսի պաղ ցինիզմ արտաշնչել ֆեյսբուքով մեկ, որ օգտառուները սառույց կտրեն: Իսկ ով էլ որ սառույց չի կտրում, շաաատ ջրիկ ջրի պես հոսում ա աջուձախ ու ընդունում էն ամանի ձևը, որում հայտնվում ա:
Նման պայմաններում էլի կանխատեսելի են մնում նախագահական ընտրությունները, որքան էլ շատերն աշխուժացել են՝ Հայրիկյանի վրա մահափորձից առաջացած ԶԼՄ շուխուրը քաղաքական պրոցեսի տեղ դնելով: Մինչդեռ էդ շուխուրը իրականում շատ նման էր առակի անցորդների արձագանքներին: Մեկն ասում էր՝ ինչի չի դիմում սահմանադրական դատարան, ուրեմն՝ ծախված ա իշխանություններին, մյուսն ասում էր՝ եթե դիմի, ուրեմն ջուր ա լցնում խաղից դուրս մնացած ուժերի, Ռուսաստանի կամ եսիմ էլ ում ջրաղացին: Ընդ որում՝ կարծիքների ոչ մի տրամաբանական հետևողականություն, մահափորձը խաղից դուրս մնացած ուժերին ու ռուսական ուժերին վերագրողը միաժամանակ նաև պնդում ա, որ Հայրիկյանը պիտի հետաձգեր ընտրությունները: Ու էդ ողջը էնպիսի տոնով, ասես դեռ մահափորձը չեղած մի բոլ գցել-բռնել էին, վերլուծել ու հանգել էն եզրակացության, թե իշխանության դեմ պայքարելու միակ ճիշտ ձևը ընտրությունները հետաձգել/չհետաձգելն էր:
ԶԼՄ-ները, ըստ կուսակցական/թեկնածուական պատկանելության կամ լրագրողական տգիտության գյորա, մարդա մի նախադասություն կամ նախադասության մի կես ա պոկում Հայրիկյանի խոսքից, կոնտեքստից հանում ու ֆեյսբուքի բերան գցում: Ու սկսում են ղժժալ կայֆառիկները, վայ արա, էս ինչ ա ասում, ինչքան են փող տվել, ինչ են սրսկել, ու գնաաաց հումորիստների մրցույթը: Կատակասերները լավ են նայվում, եթե լրջությունը շատություն ա անում, բայց երբ միայն էդ կատակներն են քաղաքական թեմայի ողջ ռեպերտուարը, էդ արդեն կատակ չի, կյանքի ժանրային սնանկություն ա:
Ընտրությունների թեմայով հարցազրույցիս մեջ արդեն ասել էի, որ քաղաքական միակ լուրջ քայլը համարում եմ միասնական թեկնածու առաջադրելը :
Էսօր Հայրիկյանը սկզբունքորեն ու հետևողականորեն էդ քայլն ա անում ու պնդում, ընդ որում՝ առանց իրեն որպես միասնական թեկնածու ներկայացնելու նախապայմանի և ընդդիմադիր թեկնածուների համագործակցության լայն ու ճկուն հնարավորություններ մատնանշելով: Բոլոր նրանք, որ տարված չեն արդեն աչքադրած թեկնածուին որպես պապան ա է՜ կամ քաղցր բալիկ ընտրությունների բեմին տեսնելու ու մի քանի հազար ձայնի վրա որդիաբար կամ ծնողաբար հրճվելու հեռանկարով, այլ ուզում են կանխատեսելի ընտրություններում բեկում մտցնելու գոնե փորձն անել, ու նաև ի վիճակի են մամուլի ու ֆեյսբուքյան մեծամասնության թելադրանքներին կուլ չգնալ, չվախենալ ծիծաղելի լինելուց ու չենթարկվել իրենց հետ դամ չպահողներին ծաղրող-օտարող շանտաժին էդ նույն համայնքների, որ, ինչպես նույն ընկերս էր ասում՝ Հայրիկյանից խեղկատակ են կերտում, քանի որ սիստեմից դուրս ա, ահա էդ մարդկանց առաջարկում եմ ինքնուրույն հետևել Հայրիկյանի ասածներին ու տեսնել, թե մարդը վերջապես ինչ ա առաջարկում:
Հեղինակ` Վիոլետա Գրիգորյան
tert.am/blog