Երևանի 16 թաղամասի բնակիչ Գեորգի Միսակյանի ընտանիքի համար դեկտեմբերի 31-ը ողբերգության սկիզբը դարձավ:
Գրում է shamshyan.com-ը, որին Գ. Միսակյանի պատմածով` դեկտեմբերի 31-ին դստեր` 2-ամյա Լիա Միսակյանի ջերմությունը կտրուկ բարձրանում է և իրենք շտապօգնություն են կանչում: Շտապօգնության բժիշկները ստուգում են երեխային, ներարկում և տեղափոխում Արաբկիր բժշկական կենտրոն:
«Արաբկիր» ԲԿ-ում երեխային կաթիլային են միացնում և 2-3 ժամ հետո Լիան արդեն բուժքրոջ ձեռքը բռնած ման էր գալիս միջանցքում:
«Երեխան իրեն լավ էր զգում, միջանցքում քայլում էր բուժքրոջ հետ , մեծահասակ կին էր, որ ձեռքը թողնում էր` տատիկ էր կանչում ու վազում մոտը»,-պատմում է հայրը:
Գ. Միսակյանը հավաստիացնում է, որ առաջին գիշերը բուժքույրը դեղերով փորձել է երեխայի ջերմությունը կայուն պահել, ապա երկրորդ օրը դարձյալ կաթիլային են միացրել: Սակայն այդ օրը բժշկուհին երեխային այցելել է միայն մեկ անգամ` առավոտյան: Ծնողի հարցին, թե ինչպես է երեխայի վիճակը` բժշկուհին պատասխանել է, որ կայուն է և ընդամենը սովորական վիրուս է, որը իրենց միացրած կաթիլայինի միջոցով «դուրս է գալու» և անհանգստանալու կարիք չկա:
Հունվարի 2-ին արդեն երեխայի վիճակը բարդանում է. «Ամսի 2-ին մտա սենյակ, տեսա երեխաս հազիվ էր շնչում, խռպոցով: Անգամ ես, որ մասնագետ չեմ` հասկանում էի, որ դա սխալ շնչառություն է, որ երեխան չպետք է այդպես շնչի և, որ վիճակը լուրջ է: Բժշկուհուն ասացի, որ երեխան չի կարողանում անգամ հաց կուլ տալ, գուցե ինչ-որ բան ձեռնարկել` կոկորդը մաքրել կամ մեկ այլ բան: Բժշկուհին պատասխանեց, որ կոկորդին ձեռք տալ չի կարելի, իրենք թոքերը լսել են և ամեն ինչ նորմալ է: Կես ժամ անց մեզ ուղարկեցին ուլտրաձայնային հետազոտության (ԷԽՈ), հետո ռենտգենի: Մոտ մեկ ժամ սպասել ենք միայն ռենտգենի պատասխանին, քանի որ բժիշկ չկար: Մինչև ամսի 2-ը լաբորատորիան էլ չէր աշխատում, երեխայի, հենց առաջին օրը վերցրած մեզի անալիզները երկու օր մնացել է պալատում»,- պատմում է Գ. Միսակյանը:
Մահացած փոքրիկի հայրը shamshyan.com-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ միայն ամսի 2-ին երեկոյան 3-4-ից հետո են հակաբորբոքային նշանակել և ներարկել երեխային.
«Այն վիճակում, երբ նրանք պետք է արդեն վերակենդանացման բաժին պառկացնեին երեխային և թթվածին տային: Իսկ իրենք ասում էին` երբ երեխան քնի, կբերեք, թթվածին կմիացնենք, բայց երեխան չէր կարողանում քնել: Ամսի 2-ի ժամը 5-6-ի կողմերը նոր երեխային բարձրացրել ենք քիթ-կոկորդի մասնագետի մոտ, ինքն էլ նայեց ու ասաց, որ վիճակը շատ լուրջ է: Իսկ մինչ այդ երբ ուզում էի ԷԽՈ-ի կամ ռենտգենի պատասխանները` ինձ ասացին, որ աջ թոքի բորբոքում է, մնացած ամեն ինչ նորմալ է: Հետո մեկ այլ մասնագետ բերեցին, նա էլ ասաց, որ երեխայի կոկորդը շտապ մաքրեն: Բարակ խողովակով մաքրեցին` արյունախառը թարախային զանգված էր գալիս: Բայց այդ ամենը ձեռնարկեցին, երբ արդեն շատ ուշ էր. ժամը 12:20 երեխան ձեռքերիս վրա մահացավ: Նրանք շատ անտարբեր էին, անգամ վերջին պահին, երբ իրենք թթվածնային դիմակ էին միացրել, դարձյալ կինս էր պահում` բուժքույրը սենյակում կանգնած»,-պատմում է երեխայի հայրը:
Գ. Միսակյանը պատմում է, որ երեկոյան 20:00-ի կողմերը ինքը տուն է գնացել և վերադարձել` երեխային հագուստ և ուտելիք բերելով: Սակայն վերադառնալուց հետո երեխայի թույլ վիճակը անհանգստացնում է հորը և նա դիմում է բուժքրոջը.
«Ասացի երեխայի վիճակը դուրս չի գալիս, որովհետև շրթունքները սկսել էին կապտել: Բուժքույրը ասաց, թե հիմա բժշկուհուն կկանչեմ, վերադարձա պալատ ու զգացի, որ երեխան ասես չի շնչում, գոռացի` ձայնիցս բժշկուհին վազելով եկավ, արագ թոքերը լսեց և ասաց, որ բարձրացնեն վերակենդանացման բաժին: Բայց երեխաս արդեն չկար»,-պատմում է Գ. Միսակյանը:
Երկամյա Լիա Միսակյանի հայրը համոզված է, որ եթե առաջին իսկ օրից երեխան լիներ բժիշկների հսկողության տակ և ժամանակին քայլեր ձեռնարկվեին, այլ ոչ թե ամեն բան չթողնվեր ինքնահոսի, ապա այսօր երեխան ողջ կլիներ:
Գ. Միսակյանը պնդում է, որ իր դուստրը մահացել է մինչ վերակենդանացման բաժին բարձրացնելը, թեև բժիշկները հավաստիացրել են, որ իրենք մոտ 30 րոպե պայքարել են երեխայի կյանքի համար. «Ես հաստատ համոզված եմ, որ երեխան արդեն մահացած էր, երբ տարան, քանի որ երբ զանգեցին բաժնի վարիչին կանչեցին` նա մոտ 30 րոպե հետո եկավ ու աստիճաններով շատ հանգիստ էր բարձրանում վերակենդանացման բաժին: Եթե երեխաս ողջ լիներ` նա այդքան հանգիստ չէր լինի, այլ կշտապեր երեխայի մոտ»:
Երեխայի հայրը պատմում է, որ վերակենդանացման բաժնից միայն 2 ժամ հետո են բժիշկները դուրս եկել և ասել, որ երեխան կլինիկական մահ է տարել և իրենց ոչինչ չի հաջողվել անել: Լիա Միսակյանի մահվան թղթում բժիշկներն արձանագրում են աջակողմյան պլևրոպնևմանիա, սպեցիֆիկ անգինա, ֆեբիզ ցնցում, հանկարծակի սրտի կանգ:
Չհավատալով «Արաբկիր» ԲԿ մասնագետների խոսքին` երեխայի հայրը չի ցանկանում արդեն մահացած փոքրիկի մարմինը վստահել տեղի դիահերձարանին և դիմում է դատաբժշկական փորձագետի:
Փորձագետ Ս. Սևոյանը հունվարի 3-ին դիահերձման նախնական եզրակացության մեջ նշում է, որ երեխայի մոտ առկա է եղել երկկողմանի թոքաբորբ, իսկ մահվան հիմնական պատճառը (նախնական եզրակացությամբ)` երկկողմանի թարախային նշիկաբորբ:
2-ամյա Լիայի հայրը համոզված է, որ իր երեխայի մահվան մեղավորները «Արաբկիր» ԲԿ-ի աշխատակիցներն են. «Այնտեղ 20-25 տարեկան երիտասարդ աղջիկներ էին հերթապահում, ինչ պիտի անեին նրանք իմ երեխայի համար: Բոլորը համոզված պնդում եմ, որ Արաբկիրում ամենալավ մասնագետներն են, բայց այնտեղ բժիշկներ չկան, դրանք «ղասաբներ» են, ոչ թե բժիշկներ: Ինձ ասում էին` երեխաս սրտի հետ խնդիր ուներ` չկարողացանք փրկել, բայց իմ երեխան ոչ մի խնդիր չի ունեցել»,-վրդովվում է որդեկորույս հայրը:
Գեորգի Միսակյանը պատրաստվում է դիմել բոլոր հնարավոր ատյաններին` իր ճշմարտացիությունն ապացուցելու և երեխայի մահվան իրական մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:
Հայրը 2-ամյա Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրում է բժիշկներին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet