«Ստեղծել ենք մի միություն, որը կոչվում է «Ժողովուրդների կամրջում» ու պայքարում ենք ատելության վերացման ուղղությամբ, ուստի Հայաստան ենք ժամանել՝ ներողություն խնդրելու համար:
«Գլուխներս խոնարհելով ներողություն ենք խնդրում»,-այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Թուրքիայից Հայաստան ժամանած Իզմիրի բժշկական համալսարանի դոկտոր, պրոֆեսոր Չեմ Թերզին՝ շարունակելով.
«Ցեղասպանություն նշանակում է նախապես պլանավորված գործողություն, որի նպատակն է՝ ոչնչացնել բոլոր արժեքներն ու այն ամենը, ինչ կապված է դրա հետ: 1915թ. նպատակ ունեին ոչնչացնել քրիստոնյաներին, այդ թվում՝ հայերին, ասորիներին, պոնտոսցիներին: Այս ժողովուրդները ոչնչացվեցին, նրանց հասարակական, քաղաքական, մշակութային կառույցները նույնպես: 100 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանությունն այսօր ժխտելը նշանակում է շարունակել նույն գործողությունները: Իսկ ողջ մնացածների մահմեդականացումը, նրանց գույքի բռագրավումը նշանակում է շարունակել այդ գործողությունները: Որպես մի պետության ժառանգորդներ, որը իրականացրել է ցեղասպանություն, պարտավոր ենք հիշել ու հիշեցնել տեղի ունեցածի մասին, կրել պատասխանատվություն՝ անցյալում տեղի ունեցածի համար: Թուրքիային ժողովրդավարության համար պարտադիր է այս իրականության հետ առերեսումը, որպեսզի վերանա նաև ատելությունը, ազգայանամոլությունը: Պարտավոր ենք առերեսվել իրականության հետ՝ հանուն բարեկամության և եղբայրության:
Պահանջում ենք, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը և պահանջում ենք, որ պատասխանատվությունը լինի իրավական և քաղաքական տեսանկյունից: Ցեղասպանության զոհերին մենք արդարություն ենք պարտք: Թուրք ժողովրդի 100-ամյա լռությունն անընդունելի է: Սա ցեղասպանության տրամաբանության շարունակությունն է: Մենք՝ որպես միություն, ընդունում ենք մեր քաղաքական պատասխանատվությունը: Պահանջում ենք սուգ պահել՝ ի հիշատակ ցեղասպանության զոհերի.կառուցել հուշարձաններ, կազմակերպել միջոցառումներ»:
Պրոֆեսորը նշեց, որ իրենք դեմ են հանցագործների անուններով փողոցների ու կառույցների անվանակոչմանը:
«Սա անընդունելի ենք համարում: Ուզում ենք, որ այս հանցագործների անունները հանվեն: Իրականությունն իմանալը իրավունք է: Պետք է վերացնել այն բոլոր արգելքները, որոնք ժողովրդին թույլ չեն տալիս իմանալ այն:
Թերզին նկատում է՝ մեծ ճնշում է կատարվում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ուղղությամբ աշխատանքներ տանող անձանց նկատմամբ:
Խոսելով դեռևս դպրոցական հյասակից թուրք սերնդին կեղծ տեղեկատվություն հաղորդելու մասին՝ թուրք պրոֆեսորը նշեց, որ իրենց ամբողջ կրթական համակարգը պետության կողմից է կառավարվում և այդ առումով երիտասարդները հնարավորություն չունեն ծանոթանալ իրական պատմությանը.
«Բազում խոչընդոտներ կան: Պարտադիր է փոխել պատմության դասագրքերը: Շարունակաբար ժխտող սերունդ է դաստիարակվում: Բայց ցանկացած սուտ հակառակ կողմն ունի: Այսօր շատերն են դեմ ժխտողական քաղաքականությանը: Ապագան փոխվելու է Հրանտ Դինքի նման մարդկանց միջոցով: Ցավոք, մեր եղբոր սպանությունը Ցեղասպանության շարունակությունն էր և պետք է այլևս նման բան թույլ չտանք»,-եզրափակեց նա:
Անի Կարապետյան