«Հայաստանը, շրջապատված լինելով մահմեդական պետություններով, կարող է հայտնվել այդ սպառնալիքի կիզակետում, եթե մեր դիվանագիտական միտքը ճիշտ դրսևորում չունենա»,-այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Արևելքի (Հյուսիսային Իրաք, Սիրիա, Պաղեստին, Իսրայել) ներկայիս վիճակի մասին` ասաց արևելագետ Խաժակ Թոմոյանը:
Նա համոզված է` ամբողջ աշխարհում կատարվում է անհավատների (ոչ մահմեդականների) դեմ մահմեդական աշխարհի սրբազան պարտքը` «Ջիհադ»-ը:
«Կոտորվում է խաղաղ բնակչություն և մենք որպես դա վերապրած ժողովուրդ, անարձագանք չթողեցինք: Արաբական աշխարհը ոտքի է ելել, և այս ամբողջը, իմ կարծիքով սկսվում է 1992 թվականից, երբ ԱՄՆ-ը որպես բարի կամքի դրսևոում փորձեց արաբ ժողովրդին ձերբազատել Սադամ Հուսեյնից, բայց իրականում արաբ ժողովուրդը հասկացավ, որ սա նավթի և ոչ թե իրենց բարեկեցիկ կյանքի համար էր: Այսօր ամբողջ աշխարհում կատարվում է մահմեդականների սրբազան պարտքը` «Ջիհադ»-ը, որը նշանակում է ջանք, եռանդ: Ասել է, թե պետք է իսլամ դավանող աշխարհի համար ջանք ու եռանդ չխնայեն, որպեզի իսլամը տարածվի, փառաբանվի»,-անդրադառնալով Հյուսիսային Իրաքում կատարվող դեպքերին` եզդի ժողովրդի սպանդին` նշեց բանախոսը:
Արևելագետը պատահական չի համարում Հայոց Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ ևս մեկ ժողովրդի ցեղասպանությունը:
«Խոշոր պետությունները կամ այն պետությունները, ովքեր որ չեն ցանկանում ընդունել հայերի Ցեղասպանությունը և միշտ մերժողականությամբ են հանդես գալիս, կազմակերպում են այնպիսի իրադարձություն, որ հայտարարեն, թե ևս մեկ ցեղասպանություն տեղի ունեցավ, ով է հիշում դրանց մասին: Որքան մոտեցավ Ապրիլի 24-ը, այնքան լարված է լինելու ամբողջ աշխարհը»:
Ինչ վերաբերում է եզդի ժողովրդին զենք տրամադրելուն, արևելագետն այստեղ ավելի մեծ վտանգ է տեսնում.
«Այստեղ ես ոչ թե օգնություն եմ տեսնում, այլ հակառակը, մահմեդական աշխարհին զայրացնել եմ տեսնում: Եթե նրանք խաղաղ բնակչին էին ջարդում, պատկերացնո՞ւմ եք, եթե մի եզդի կրակի նրանց վրա: Մեծ բորբոքում կառաջանա»:
Արևելագետի համար հանելուկ է, թե Պաղեստինում խաղաղ բնակչությանը ջարդող Իսրայելին ինչո՞ւ նույն ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Գերմանիան երբեք չեն քննադատում:
«Կամ, ինչո՞ւ Սիրայում, երբ հայերը տեղահանվեցին, ոչ ոք Թուրքիային չպատժեց: Որովհետև սա հասկանում են որպես Սիրիայի դեմ պատերազմ, ոչ թե հայերի ջարդ: Եվ ահա, այստեղ է հիմքը, թե ինչն է մեզ համար սպառնալիք: Այսօր մեզ համար սպառնալիք է մեր նկատմամբ որևէ անուշադրություն: Պետք չէ մոռանալ, որ միշտ ուժեղի հետ են հաշվի նստում: Պետք է լինենք հանդուրժող և խիստ: Հանդուրժելը որպես վախ չպետքէ ընկալվի ու դրսևորվի»,-ասաց Խաժակ Թոմոյանը:
Նրա խոսքով` այսօր ամբողջ աշխարհում գնում է դիվանագիտական պատերազմ:
«Սա դարեր ի վեր եկած հասկացություն է. այն երկրները, որոնք հաղթում են դիվանագիտական պատերազմում, հաղթում են նաև ռազմական բախումներում և պատերազմական գործողություններում»:
Նա համոզված է, որ այն պետությունները, որոնք զենք են արտադրում, բնականաբար, դա պետք է սպառեն, իսկ պատերազմը զենքի սպառման ամենահեշտ և լավ միջոցն է:
Անի Կարապետյան