▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում լրագրությունը վերածվել է փեշակի

«Պարոնը կամ տիկինը լրագրող է ....»: Եթե ժամանակին այս մասին ասելիս դիմացինը, հատկապես եթե պաշտոնյա էր, մի քիչ զգաստանում էր, որովհետև եթե նույնիսկ հարգանք չկար, ապա կար վախ, ապա այսօր լրագրությունը ևս, ինչպես շատ ոլորտներ Հայաստանում, այլևս լղոզված է ու վերածվել է «փեշակի»: Կար ժամանակ, որ մի նյութ գրելուց հետո օրեր ու շաբաթներ պիտի սպասեիր, որ այն անցներ համապատասխան խողովակներով, «զտվեր» և ապա նոր «իրավունք» ստանար հայտնվել մամուլի էջերում: Այսօր դրա կարիքն այլևս չկա: Գրիր ինչ կուզես, հրապարակի ինչ մտքովդ կանցնի: Դաշտը բաց է ու ազատ ...

Ասում են ամեն ոք գրում է այն, ինչ կուզեր կարդալ և ինչպես աչքերը, նույնպես և  «գրիչը»  արտացոլում են մարդուն, մարդու հոգու հայելին են: Եթե այս սկզբունքն ընդունենք որպես աներկբա ճշմարտություն, ապա մենք այսօր ունենք առավելագույնս չարացած ու թունավորված հասարակություն հավաքական իմաստով և չար ու թունավոր մարդ` արդեն եզակիացված: Ու վատն այն է, որ քաջալերվում է այս վիճակը: Ուզում ես գրածդ հոդվածը կարդան, ուրեմն թույն դիր ամեն տողի ու բառի, կետադրական ամեն նշանի մեջ, «փչացրու» մարդուն, կապ չունի թե ով է, կարևորը չմոռանաս մի հատ հարցական-ի նշան դնես, որ հանկարծ գործը հասնի դատարան, «կռուտիտի» տեղ ունենաս, ու ամեն բան պատրաստ է` դու այլևս լրագրող ես, այն աստիճան լրագրող, որ ամեն նյութիդ հետ Վարդգես Պետրոսյանը, որ արդի մեր լրագրության հիրավի անգերազանցելի գագաթ է, գերեզմանում հոլ դառած պտտվում է ամոթից: Բայց դե ինչ հոգ: Կարևորը նյութդ լինի սուր, սկանդալային, «կպնողական». չէ որ նյութդ գնում է hամացանց ու այն պիտի դիտում ու «լայք» հավաքի:

Ով կբացի կկարդա կամ կլայքի ասենք մի նյութ, որ ունի սովորական «անմեղ» վերնագիր ու բովանդակային մասով էլ պահպանվել են դասական լրագրության կանոնները....երևի վերց հարյուր հազար համացանց օգտագործող հայաստանցիներից մոտ հազարը կամ հարյուրը: Բայց այ եթե վերնագիր դնես թե`  «ինքան է ասենք ԻՔՍ մարդու ֆալոսի երկարությունը կամ ԻՔՍ տիկնոջ հեշտոցի չափը»  կամ ԻՔՍ դերասանուհին ում հետ քնեց, ինչ կերավ եղունգները  քանի միլիմետր կտրեց կամ աճեցրեց,  ինչ գույնի ներքին սպիտակեղեն էր հագել, և այլն ապա երաշխավորված է hամացանցային բումը, հատկապես, եթե մի քիչ էլ կարողանում ես խորհրդավորության պատրանք հաղորդել ու ինտրիգանացնել: Չէ որ այդ դիտումից ու լայքից է կախված նաև լրատվական կայքի «կյանքը», որպես կոմերցիալ կառույցի, որը ապրում է գովազդի հաշվին կամ էլ  «պատվերի»:

Իսկ իրականում լրագրությունը սա չէ: Անշուշտ և ԱՄՆ-ում և Ռուսաստանում և Եվրոպայում կա այսպիսի լրագրություն, մեր լրատվական դաշտի նման լրատվություն, մեր շատ լրագրողների նման լրագրողներ: Սակայն այդ ամբողջը դիտարկվում է որպես «դեղին մամուլ» ու համահավասար է փոստաղբին: Մնում է մի պարզ եզրակացություն` կամ մենք ուզում ենք կարդալ միայն աղբ, կամ մեծավ մասամբ միայն աղբ, դրա համար ենք աղբ արտադրում հոդվածի ու նյութի տեսքով, կամ էլ օրվա հացի գոյապայքարն այնքան է սրվել, որ մեզ համար այլևս  «մեզանից հետո թեկուզ ջրհեղեղ» վիճակն է: Անշուշտ խոսքս այն լրագրողներին չի վերաբերում, ովքեր դեռ համատարած ճահճի մեջ փորձում են պահել լրագրողի հարգանքը, արժանապատվությունը բարի անունն ու մնացած դրական կողմերը:

Հարություն Հարությունյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին