Այսօր Երևանում տեղի է ունեցել Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության (ՀԻԵԿ) հայաստանյան մասնաճյուղի պաշտոնական բացումը:
Բացման կապակցությամբ Երևան է ժամանել ՀԻԵԿ-ի տնօրենների խորհրդի նախագահ Սպիրիդոն Ֆլոգայդիսը: Վերջինս լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ իր համար մեծ պատիվ է գտնվել պատմական երկրում և հողում, որը, ինչպես իրենք սովորել են դասագրքերից, մարդկության ծննդավայրն է: Անդրադառնալով ՀԻԵԿ-ին` Սպիրիդոն Ֆլոգայդիսը նշեց, որ իրենք շատ ուրախ են, որ Հայաստանն այն երկրներից է, ով վավերացրել է ՀԻԵԿ-ի պայմանագիրը, ինչի շնորհիվ էլ շատ արդյունավետ ձևով ներգրավվել է իրենց կազմակերպության շարքերը.
«Այսօր մենք Հայաստանում բացում ենք ՀԻԵԿ-ի մասնաճյուղը, որն իր գործունեությամբ և ծավալով մեծ ազդեցություն կունենա ամբողջ տարածաշրջանի վրա: ՀԻԵԿ-ն արդեն շատ աշխատանքներ է կատարել Հայաստանում, և մենք պատրաստ են ընդլայնելու և խորացնելու մեր համագործակցությունը: Շնորհակալ եմ այս նախաձեռնության համար, ինչպես նաև վստահ եմ, որ այս մասնաճյուղում ամեն ինչ հարթ է ընթանալու, որովհետև այն շատ լավ ձեռքերում է»:
Հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրիգոր Մինասյանն էլ նշեց, որ ՀԻԵԿ-ի մասնաճյուղի բացումը Հայաստանում հնարավորություն կտա արդեն իսկ կայացած հայ իրավագետներին սկսել համագործակցությունը եվրոպական գործընկերների հետ.
«Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպությունը միջազգային մասնագիտացած լրջագույն կազմակերպություն է, որի անդամ են մի շարք պետություններ, համաշխարհային ճանաչում ունեցող մի քանի տասնյակ համալսարաններ եւ մի շարք այլ ակադեմիական հաստատություններ։ Պրոֆեսոր Ֆլոգայդիսի եւ ՀԻԵԿ-ի երկարատեւ աշխատանքի արդյունքում կարող ենք փաստել, որ այսօր Հայաստանում բացվում է տարածաշրջանի միակ եւ առաջին մասնաճյուղը»:
Գրիգոր Մինասյանի նաև նշեց, որ ՀԻԵԿ-ի բացումը երիտասարդ իրավաբաններին, Հայաստանի բուհերի իրավաբանական ֆակուլտետների ուսանողներին, ասպիրանտներին հնարավորություն կտա վերապատրաստվել առաջատար համալսարաններում, մասնակցել եվրոպական եւ ոչ միայն եվրոպական առաջատար համաժողովների, նաեւ հնարավորություն կընձեռի մեր երիտասարդ գիտնականներին իրենց գիտական հոդվածները տպագրել բարձրագույն որակավորում ունեցող միջազգային հանդեսներում:
ՀԻԵԿ-ը հիմնադրվել է 2007թ. Հունաստանում եւ արագորեն ընդլայնվել է։ Այսօր 14 երկրներ, 6 միջազգային կազմակերպություններ եւ Հանրային մարմիններ, ինչպես նաեւ 64 համալսարաններ ու ինստիտուտներ ՀԻԵԿ-ի անդամ են։ Ունենալով իր գլխամասն Աթենքում՝ ՀԻԵԿ-ն ունի 14 գրասենյակներ ամբողջ աշխարհում։
Մինչ այսօր ՀԻԵԿ-ը զարգացրել, կազմակերպել եւ աջակցել է շուրջ 200 կրթական, հետազոտական, վերապատրաստման, ինստիտուտների ստեղծման եւ այլ ծրագրեր ավելի քան 70 երկրներում։
Հեղինակ` Լիլիթ Հակոբյան