«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Անշուշտ, անիմաստ գործ է Նիկոլ Փաշինյանի խոսքերի մեջ որևէ տրամաբանություն, պատճառահետևանքային կապեր որոնելը, այդ խոսքերից ինչ-որ եզրահանգումներ ու դրանց հիման վրա կանխատեսումներ անելը: Նախ, որովհետև ցանկացած պահի նա կարող է հակառակն ասել և արդարանալ, թե հարափոփոխ աշխարհում ենք ապրում: Երկրորդ․ նա հաճախ չի զգում իր այսօրվա և երեկվա խոսքի միջև առկա հակասությունները: Ասենք, ընդամենը մի քանի օր առաջ ասում էր, որ Արարատի պաշտամունքը մեզ խանգարում է արդիական զենք գնել, զենքով ապահովել բանակը: Երեկ` բանակի օրվա առիթով` անիմաստ ու անհարկի լոճած իր խոսքում ասում է. «Մենք իրականացնում ենք բանակի խորքային բարեփոխումներ և այս հենքի վրա ունենալու ենք ուժեղ, պաշտպանունակ բանակ»: Բայց ով չգիտի, որ ուժեղ բանակ` առանց արդիական զենքի, հնարավոր չէ: Ուժեղ բանակը հոգով արի հերոս զինվորականն է` գումարած արդիական հզոր զենք-զինամթերքը: Եվ չի կարելի հայկական բանակի օրը վերածել սեփական արհեստական օրակարգերն ու սին գաղափարները քարոզելու առիթի: Երեկ նա կրկին խոսում էր խաղաղության, Հայաստանի` միջազգայնորեն ճանաչված սահմանների, «29 743 քառակուսի կիլոմետրի», մեր բանակի «ուսերին անտանելի բեռներ դնելու» մասին: Հայաստանը փոքրացրած, Արցախի «բեռից ազատագրած» մարդը հիմա էլ որոշել է բանակի «բեռը» թեթևացնել: Իրականում` հենց իր` 2018-ից հետո որդեգրած քաղաքականության արդյունքում է մեր պետության դիվանագիտությունը զրոյացել, բանակցությունները` ոչնչացել, պետության ամբողջ բեռը դրվել բանակի վրա, որը, ցավոք, մնալով մենակ, չկարողացավ 2020 թվականին իր վրա դրված այդ բեռի տակից դուրս գալ, որովհետև բանակը միայն հերոս զինվորը չէ: Դա նաև այն զինվորականներն են, ում վերջին տարիներին հետապնդում են ու դատում, այն ոգին է, որը տարիներ շարունակ համառորեն կոտրում են` Ալիևի առաջ նվաստանալով և զինվորի պահած հողը հանձնելով, այն զենքն է, որը չեն կարողանում ներկրել, որովհետև ապաշնորհ են, այն ՊՆ նախարարն է, որը ոչ թե ՔՊ անդամ ու Նիկոլի կամակատարը պետք է լիներ, այլ ինքնուրույն, ուժեղ, հայրենասեր անձ»: