▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքը միայն ռազմակայան չէ

Սպիտակն ու Գյումրին հարվածած երկրաշարժից 26 տարի անց հարցումը մնում է հրամայական: Աղետի գոտին վերածվե՞լ է զարգացման գոտու: Իհարկե չի կարելի անտեսել այն ճիգերը, որոնք անցնող քսանամյակում կատարվել են պետական եւ հասարակական մակարդակներում` աղետի գոտին դուրս բերելու իր վիճակից: Բնակարանների շինարարությունից, ճանապարհաշինությունից մինչեւ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացում, կարելի է ասել, որ շրջանը դիմափոխվել է:

Հատկապես Գյումրին, իբրեւ երկրորդ կարեւորագույն քաղաք, քաղաքաշինության համապետական ծրագրերի մաս է կազմում։ Հայաստանի Հանրապետության երեւանակենտրոնությունը կամ Երեւանից դուրս, մնացյալ քաղաքների եւ գյուղերի ոչ համաչափ զարգացման միտումների գործընթացը շրջելու համար, առաջին աշխատանքային վայրը Գյումրին կարող է նկատվել։

Իհարկե աշխատանքները բավարար չեն  եւ ակնկալված արդյունքը դեռեվս չի երեվում այս իմաստով: Երեւանակենտրոնությունն ու քաղաքների անհամաչափ զարգացումը  միայն Գյումրուն կամ առհասարակ աղետի գոտուց զարգացման գոտու անցման խնդիր չէ: Սա համապետական խնդիր է, մանավանդ, երբ նկատի ունենանք  ժողովրդագրական անվտանգության երեսը:

Աղքատության հաղթահարման ծրագրերի ոչ արդյունավետ աշխատելը հիմնական խոչընդոտ է ոչ միայն Գյումրու ու Սպիտակի, այլ նաեւ ամբողջ հանրապետության ոչ ակնկալված չափերով զարգացման  ցուցանիշերի գրանցումը։

Մարդկանց հիշողության մեջ երկար քանդակված պիտի մնա կիսափուլ հրապարակային ժամացույցի երկրաշարժի ճիշտ ժամը սահմանող եւ այդպես էլ քարացած, անշարժացած սլաքները: Այդ օրից ի վեր այդ սլաքները որքա՞ն ժամանակի ճշգրտությամբ են շարունակել իրենց անընդմեջ երթը, դժվար է չափել: Դժվար չէ սակայն համոզվել, որ ժամանակի կշռույթով չի աշխատել երկրաշարժի ժամին կանգ առած ժամացույցը: Վերը նշված պատճառներով, կարեւոր մասով:

Մնացյալ մասը անպայման մեր հանրապետության շրջափակումն ու հակառակորդների կողմից մեր երկրի դեմ հայտարարված տնտեսական պատերազմը չէ: Թեեւ է՛, կարեւոր մասով:

Գյումրին Հայաստանի Հանրապետության ռազմավարական հատուկ գործընկերոջ` Ռուսաստանի Դաշնության համար  համարվում է զինվորակայան: Այնտեղ ռուսական ռազմակայանի կեցության համաձայնագրի վերանորոգումը երկարատեւ կտրվածքով, ռուսական ջոկատների նոր տեղակայումները եւ զինուժի նորագույն արտադրությունների Գյումրիում հայտնվելը համոզում են, քաղաքին կամ  առհասարակ տարածքին ներկայացրած ռազմական եւ ռազմավարական կարեւորությունը:

Իբրեւ Թուրքիայի սահմանակից հայկական քաղաք Գյումրուն տրված ռազմական այս նշանակությունը իր հիմնավորումներն ու բացատրությունները ունի: Սակայն մեր ռազմավարական գործընկերները պիտի իմանան նաեւ, որ Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքը միայն ռազմակայան չէ: Դա քաղաք է, որը պիտի ապրի, շնչի, զարգանա ու բարգավաճի, ժամանակակից հասկացողությամբ իբրեւ ԵՏՄ-ի անդամ հանրապետության կարեւորագույն երկրորդ քաղաք: Ռազմավարական գործընկերները միայն ռազմական հիմնադրույթների վրա չեն մշակում իրենց հայեցակարգերն ու համագործակցության դաշտը ընդհանրապես:

Այս բոլոր հանգամանքների նկատառումով է միայն, որ պետք է մտածել, թե արդյոք կայացե՞լ է աղետի գոտուց զարգացման գոտի անցումը:

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին