Իրանի Իսլամական Հանրապետությունում փետրվարի 26-ին կայանալու են խորհրդարանական ընտրություններ։
«290 տեղի համար պայքարում են պահպանողական և բարեփոխիչների թևի ներկայացուցիչները: Իբրև կրոնական փոքրամասնություն՝ հայերը 2 տեղ ունեն:
Այսօր տեղեկացանք, որ Վրեժ Տեր-Մարտիրոսյանն ինքնաբացարկ է հայտարարել և կարծում եմ, որ հարավային հատվածում հաղթանակ կտանի Ժորժիկ Աբրահամյանը, քանի որ նա որպես պատգամավոր 6-րդ Մեջլիսում է եղել ու արդյունավետ է աշխատել՝ կյանքի կոչելով համայնքի համար կարևոր օրինագծեր:
Հյուսիսային կամ կենտրոնական տեղի համար պայքարում են ՝ Կարեն Խանլարյանը, Իվետա Դանիելյանը, Ալբերտ Պողոսյանը, Արբի Թահմազյանը, Անդրանիկ Սիմոնյանը:
Այստեղ մեծ շանսեր ունի Կարեն Խանլարյանը: Համայնքը գոհ է նրա գործունեությունից, իսկ թեկնածությունը պաշտպանում է ՀՅԴ-ն»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց իրանագետ Գոհար Իսկանդարյանը:
Անդրադառնալով պաշտոնական այցով այսօր Թեհրան մեկնած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ իրանագետը նկատեց.
«Միջուկային ծրագրի չեղարկումից հետո Իրանում այցելությունների պակաս չի նկատվում: Դռները բացվել են և ովքեր ունեն հնարավորություններ՝ անել ներդրումներ, համագործակցել, կազմել բիզնես նախագծեր, գնում և թակում են Իրանի դռները: Տեսնում ենք, որ Ալիևն էլ է շտապում թակել, բանակցել, որպեսզի կարողանան առևտրաշրջանառության, տնտեսության ոլորտում որոշակի պայմանավորվածություն ձեռք բերել: Ադրբեջանը կփորձի նաև էներգակիրներն իր տարածքով անցկացնել, բայց, իմ կարծիքով, Իրանին դեպի Եվրոպա տանող այլընտրանքային ճանապարհ է անհրաժեշտ և դիտարկվում է Հայաստանը, իսկ այստեղ հարց է՝ արդյոք ՀՀ-ն կկարողանա՞ գտնել գումար՝ այդ նախագծերն իրականացնելու համար»:
Անի Կարապետյան