▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ-վրացական դիվանագիտական սկանդալը հարթվել է.«Ժողովուրդ»

Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ իշխանություններին վերջնականապես հաջողվել է հարթել մի քանի օր առաջ ծագած հայ-վրացական դիվանագիտական սկանդալը, որի պատճառը դարձել էր ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: ԱԺ նախագահը անցած շաբաթվա վերջին խորհրդարանում ընդունել էր Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետության խորհրդարանի խոսնակ Անատոլի Բիբլիովին: Վերջինս էլ վերադառնալով Օսիա՝ հայտարարել էր, թե իբր իր այցը եղել է աշխատանքային, եւ ինքը ՀՀ ԱԺ նախագահի հետ քննարկել է երկու երկրների համագործակցությանը վերաբերող հարցեր: Արդյունքում պաշտոնական Թբիլիսին պարզաբանում էր պահանջել հայ գործընկերներից: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ իշխանություններին հաջողվել է Վրաստանի ղեկավարությանը համոզել, որ 67-ամյա Գալուստ Սահակյանը, երբ համաձայնել է ընդունել Անատոլի Բիբլիովին, չի գիտակցել իր քայլի հետեւանքները, քանի որ տարիքն առած, սրտաբաց մարդ է, քաղաքական եւ դիվանագիտական նրբություններից բան չի հասկանում: Վրաստանի ղեկավարությունը, որի մեծ մասը Գալուստ Սահակյանի հետ հանդիպելու առիթ ունեցել է, հայկական կողմի բացատրություններն ընդունել է:

Հ.Գ. Ի դեպ, Գալուստ Սահակյանը, պարզվում է, շատ վատ է տիրապետում ռուսերենին ու ստիպված է եղել ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Վիկտոր Բիյագովին կանչել, որպեսզի նա թարգմանի զրույցը: Հանդիպումն էլ շատ կարճ է տեւել. Գալուստ Սահակյանը եւ նրա՝ Օսիայից եկած հյուրը մի-մի բաժակ սուրճ են խմել ու «մի քիչ» էլ կոնյակ:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ»  թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին