Եթե յուրաքանչյուրս ունենք մեկ, երկու, ծայրահեղ դեպքում երեք անուն` նայած որ երկրում ես ծնվել, սակայն մականունը հիմնականում մեկն է` դիպուկ ու, որպես կանոն, շրջապատի համար ծիծաղելի:
Գրում է esyes.am-ն ու արձանագրում, որ մականունը, ինչպես ճշմարտությունը, ոչ միշտ է հաճելի, դրա համար էլ բազմաթիվ բարդույթների պատճառ է դառնում: Եթե անկեղծ լինենք, կխոստովանենք, որ յուրաքանչյուրս էլ ունեցել ենք կամ ունենք գոնե մեկ մականուն: Սակայն հայ հայտնիներից շատերը esyes.am-ի հետ զրույցում խուսափել են նշել անգամ իրենց դպրոցական կամ ընկերական շրջապատում ունեցած մականունը, ինչը նշանակում է, որ լավագույն դեպքում կա°մ մոռացել են, կա°մ էլ, որն ավելի հավանական է, դեռ չեն ձերբազատվել բարդույթներից մականուններին ժպիտով ու թեթև վերաբերվելու համար:
Ջուս
-Շատ մականուններ եմ ունեցել: Դպրոցից սիրել եմ Մայքլ Ջեքսոնի արվեստը, հաճախ նմանակում էի նրա երգելաոճը, պարի շարժումները: Դրա համար էլ ինձ շատերը «Ջանեթ Ջեքսոն» էին ասում: Գանգուր մազերիս համար մեր դասարանի տղաները մինչև ութերորդ դասարան ինձ պուդել էին ասում: Դրանից շատ էի նեղանում, բայց ուշադրություն չէի դարձնում դրանց վրա: Հիմա տանը երբեմն ինձ Մուսիկ էլ են ասում: Իսկ վերջերս «Կոլիզեյի» պարուհիների հետ որոշեցինք իրար հին հայկական անուններ դնել` մեկին` Պայծառ, մյուսին` Պերճուհի, իմը Երջանիկ է: Անունս առանց այն էլ էկզոտիկ է` Ռուսաստանում է ծնվել, ընդհանրապես սիրում եմ չվիրավորող մականուններ:
Ռիփի
-Դպրոցում ինձ Բարբի էին ասում, չեմ էլ հիշում` ով առաջինն ասաց, բայց երրորդ դասարանից մինչև տասներորդը ինձ հաճախ այդպես էին դիմում: Ընկերներս էլ ասել են` Ռիպ, Ռիպա:
Փոքր ժամանակ, քանի որ թուխ էի, հաճախ նաև նեգր էին ասում: Շատ էի նեղանում, ուզում էի սպիտակել, բայց հիմա իմ թխությունն ինձ դուր է գալիս: Հիմա հաճախ ասում են` ինչ սիրուն արևայրուք ես ստացել, բայց դա իմ մաշկի գույնն է: Իհարկե, այնքան էլ ճիշտ չէ մականուններով իրար դիմելը, բայց եթե դա չի վիրավորում ու սազում է, ինչո՞ւ ոչ:
Արչի
-Իսկական անունս Հրաչյա է, բայց աշխարհում միայն երկու մարդ կա, որ ինձ միշտ Հրաչյա է ասում` մայրս և տատիկս: Դպրոցում տարբերվելու համար իրար անուններ էինք դնում, իմը դժվար էր արտասանելու համար, դրա համար էլ տառերը տեղափոխելով Արչի դարձավ: Մոսկվայում սովորելու տարիներին կուրսի
աղջիկների հետ էլ էի բավականին մոտ, ու նրանք ինձ կատակով «պտենչիկ» էին ասում: Չեմ կարող ասել, որ անունս սիրում եմ, չեզոք վերաբերմունք ունեմ, բայց հիմա ինձ ավելի շատ Արչի են ճանաչում, քան Հրաչ, ես էլ արդեն սովորել եմ դրան:
Հասմիկ Ղարիբյան
-Իմ ընկերները բոլորը գիտեն, որ չեմ սիրում, երբ ինձ Կարգին Հասո են ասում: Հոգնել եմ այդ անունից. մականուններ ընդհանրապես չեմ սիրում: Ինձ համար ցանկացած մականուն ավելի շուտ բացասական նշանակություն ունի: Չեմ թաքցնի, ես էլ եմ շատերին մտքումս մականուններ կպցնում, բայց հաճախ բարձրաձայն չեմ արտահայտվում: Կան մարդիկ, ում տեսնելիս շատ կոպիտ մականուններով եմ հիշում, և եթե փորձում են ինձ մականուն կպցնել, աշխատում եմ դնողին պարտք չմնալ և մի բան էլ ավելին փոխհատուցել:
Դավո
- Գիրությանս համար ինձ դպրոցում բուլկի էին ասում: Կարծեմ, յոթ տարեկանում դա հորինել էր իմ դասարանցի Գոռը: Հետո ուրիշ դպրոց տեղափոխվեցի ու մականունս մոռացվեց: Հիմա մականուն չունեմ, բայց ընկերներիս, ծանոթներիս շրջանում շատերը կան, որ ունեն: Ես շատ լուրջ չեմ վերաբերվում մականուններին, երբեք դրանց պատճառով չեմ վիճել որևէ մեկի հետ: Կուզեի, որ ընդհանրապես ավելի հանգիստ վերաբերվեին մականվանը և չվախենային, որ հանկարծ մեկը կիմանա դրա մասին:
Էրիկ Կարապետյան
-Դպրոցում, հարևանները, ընկերներս ինձ Էրոս էին ասում: Այդ ժամանակ Էրոս Ռամազոտտին արդեն հայտնի էր, ու ինձ էլ հենց նրա անունով էին կոչում: Բայց ածական չեմ ունեցել, միշտ Էրիկ են ասել: Ածականներ ընդհանրապես չեմ սիրում, դրանք ավելի շատ շներին են հարմար, քան մարդկանց: Եթե մարդն ունի անուն, դա հենց այնպես չէ, պետք է այդպես էլ նրան դիմել:
Անահիտ Շահբազյան
- Հատուկ մականուն չունեմ, պարզապես երգչուհի Անահիտ Սիմոնյանից տարբերելու համար ինձ հաճախ Շահբազ են ասում: Մականուններ այնքան էլ չեմ սիրում, սակայն դրանց դեմ չեմ, եթե վիրավորական չեն: Ընկերներիս երբեմն դիմում եմ անվան կրճատ ձևով, օրինակ, Լանային` Լանուշ և այլն, բայց դա անում եմ պարզապես պաշտոնական չդիմելու համար: