▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարյուրավոր միլիոնների վնաս.«Ժողովուրդ»

Հունիսի 11-ի երեկոյան շուրջ կես ժամ տեղացած կարկուտը վնասներ է պատճառել Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Արճիս, Լճկաձոր, Այրում, Հաղթանակ, Բագրատաշեն, Բերդավան բնակավայրերին: Կարկտահարության  պատճառած վնասները շատ մեծ են հատկապես Արճիս, Լճկաձոր գյուղերում եւ Այրում քաղաքում: Համացանցում տարածվել են ոչ պրոֆեսիոնալ նկարահանված կադրեր, որտեղ երեւում են հավի ձվի մեծության եւ նույնիսկ ավելի մեծ չափի սառցե գնդեր:

Կարկտահարությունից հետո բնական տարերքից տուժած բնակավայրերում ստեղծվել են տեղական հանձնաժողովներ, որոնք հաշվարկել են պատճառված վնասների չափը եւ տվյալները ուղարկել Տավուշի մարզպետարան: «Ժողովուրդի» հետ զրւյցում մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը հայտնեց, որ Արճիսում, Լճկաձորում եւ Այրումում ցանքատարածությունների եւ պտղատու այգիների բերքն ամբողջությամբ ոչնչացել է:

Ըստ տեղական հանձնաժողովների կատարած հաշվարկների՝ Արճիսում կարկտահարության պատճառած վնասը 244 միլիոն է, Լճկաձորում՝ 40, Այրումում՝ 15 միլիոն դրամի չափ է: Վերոհիշյալ 3 բնակավայրերում կարկտի հարվածներից բազմաթիվ տների տանիքների ազբոշիֆերներ, լուսամուտների եւ ավտոմեքենաների ապակիներ, ջերմոցների ծածկեր են ջարդվել: Դրանց հասցված վնասը ներառված չէ  կարկտահարության վնասների մասին ակտերի մեջ: Վ. Սուքոյանն ասաց, որ Լճկաձորում եղել է 1000-ից ավել մեղվաընտանիք: Կարկտահարության պատճառով դրանք գրեթե բոլորը ոչնչացել են: Լճկաձորում ավերվել է նաեւ 600 քառակուսի մետր մակերեսով ջերմոց: Թե ով պետք է փոխհատուցի այս կորուստները, հայտնի չէ:

Սուքոյանի տեղեկացմամբ` առաջիկայում Տավուշի մարզպետարանի հանձնաժողովը կլինի Հաղթանակ, Բերդավան, Բագրատաշեն գյուղերում եւ կպարզի, թե այդ գյուղերի տեղական հանձնաժողովների կողմից կազմված, կարկտահարության վնասների մասին տեղեկանքների տվյալները որքանով են համապատասխանում իրականությանը: Դրանից հետո կարկտահարության վնասների վերաբերյալ բոլոր տվյալները կներկայացվեն ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարություն: 

 

Ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ»  թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին