«Հրապարակ»-ը գրում է. «Որ Հայաստանի սահմանների որևէ փոփոխություն կարող է կատարվել բացառապես հանրաքվեով, գիտեն բոլորը ու շարունակ պնդում էին այդ մասին։ Հիմա ինքը՝ իշխանությունն է սկսել այդ մասին խոսել։ Փաշինյանը հասկանում է, որ Կիրանցով սկսված հողատվության գործընթացը, որին ինքն ու Ալիեւը «սահմանազատում» անունն են տվել, հեշտությամբ չի մարսելու։ Այդ պատճառով էլ Սյունիքում խոսեց հանրաքվեի հավանականության մասին՝ նպատակ ունենալով առաջիկայում սպասվող նոր միակողմանի զիջումների պատասխանատվությունը դնել ժողովրդի ուսերին եւ փորձել օրինականացնել հողատվության հաջորդ արարները։ «Կարող է ինչ-որ պահի Հայաստանն ու Ադրբեջանը քննարկեն, թե 100 քառակուսի մենք զիջենք, 100 քառակուսի էլ՝ իրենք, բայց սա պետք է արվի հանրաքվեով»,- Շինուհայրում՝ Հայաստանի մակետը ձեռքին, համոզում էր նա։
«Եթե նա ժողովրդի կարծիքն իմանալ ցանկանար, հանրաքվեն կանցկացներ 2021թ․ դեկտեմբերին, երբ Շուռնուխի հատվածում Հայաստանի սահմանը փոխվեց, կամ հանրաքվե կանցկացներ ամբողջ պարագծով՝ ի՞նչ իմաստ ուներ Շուռնուխում ու Տավուշում տարածք հանձնել ու հետո խոսել հանրաքվեի մասին։ Այնպես որ, եթե ինքը ցանկանա հանրաքվե անցկացնել, դա կունենա մեկ պատճառ՝ պատասխանատվությունը թողնել ժողովրդի վրա եւ ժողովրդին մանիպուլացնել խաղաղության մասին գեղեցիկ խոսքերով, որն իրականում հերթական անվերապահ կապիտուլյացիան է լինելու»,- ասում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատյանը՝ ընդգծելով, որ Շուռնուխում Փաշինյանն ալիեւյան GPS-ով մի անհասկանալի գիծ գծեց ու դա կոչեց պետական սահման, իսկ Տավուշում հողերի հանձնումն անվանում են սահմանի վերարտադրություն։ «Ո՞վ հորինեց այդ տերմինը, որտե՞ղ է այն ամրագրված եւ ինչո՞վ է տարբերվում սահմանազատումից։ Իշխանությունը պարտիզանի նման լռում է, բայց ակնհայտ է, որ ՀՀ տարածքից հող է տրվել թշնամուն, որն արդարացնելու համար ասում են, թե կադաստրային քարտեզներում սխալ է եղել»։ Խաչատրյանը կասկածներ ունի՝ թշնամին Հայաստանին նոր տարածքային զիջումներ է պարտադրում, որը փաթեթավորելու համար Փաշինյանը հանրաքվե է անցկացնելու եւ արդյունքը փաթաթելու է ժողովրդի վզին։
Հանրաքվե անցկացնելու հնարավորությունը չի բացառում նաեւ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը, ում կարծիքով, հողերի հանձնումը կարող են փաթեթավորել նոր Սահմանադրության գաղափարի հետ, ինչն իրականում Ալիևի նախապայմանն է՝ «նոր Սահմանադրություն, խաղաղություն» գաղափարի ներքո։ Ամեն բան, ըստ նրա, կախված է PR կամպանիայից։ «Հայաստանը նախկինում էլ է փորձ ունեցել՝ փոխելու Սահմանադրությունը երեւացող եւ չերևացող մեխանիզմներով, և չի բացառվում, որ իշխանությունը կփորձի չերեւացող մեխանիզմներով իր համար ցանկալի արդյունք գրանցել, եթե գնա այդ քայլին»,- ասում է Բադալյանը։
Հանրաքվեով Փաշինյանը կփորձի հողատվության բեռը դնել ժողովրդի վրա
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet