▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանցաշխարհի ներկայացուցիչների հետ կապ ունեցողին պատրաստվում նշանակել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ. «Ժամանակ»

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ Ռուբիկ Ստեփանյանի լիազորությունների դադարեցումից հետո խոսակցություններ կան, որ «Նուբարաշենի» պետ են ուզում նշանակել ՔԿՀ-ներում, այնուհետև ոստիկանությունում ներդրված ԱԱԾ-ի կադր, հանցաշխարհի հետ սերտաճած Սերոբ Հարությունյանին (ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանը երկու ամիս առաջ՝ մարտ ամսվա սկզբին էր նրան պաշտոնանկ արել ոստիկանության Կոտայքի մարզային բաժնի պետի պաշտոնից՝ հանցաշխարհի ներկայացուցիչների հետ խրախճանքների մասնակցելու համար): Ո՞վ է նա և ի՞նչ ռեժիմ կարող է լինել նրա՝ ՔԿՀ վերադարձից հետո… 

 

Ներկայացնում ենք ծավալուն հոդվածից մի հատված:


«Դատապարտյալի կամ կալանավորի` կարանտինային բաժանմունքում տեղավորվելուց հետո, Սերոբ Հարությունյանի պարտադիր իմացությամբ, գործին կցվում էին ՔԿՀ-ի որոշ օղակներ, այդ թվում` օրենքից դուրս գործող: Դատապարտյալին և հատկապես նորեկին, սկզբում մոտենում էին սոցիալ-հոգեբանները և նրա «դարդուցավից» հարցնում, խնդիրներից, ընտանիքից, ձեռքի հետ էլ` ֆինանսական հնարավորություններից և նրան նախապատրաստում բանտային միջավայրին հարմարվելուն: Այս ինֆորմացիան փոխանցվում էր ՔԿՀ-ի «օպերներին», որոնք մշակելով այդ ինֆորմացիան, սկսում էին այդ ուղղությամբ աշխատել:


Ըստ օրենքի՝ յուրաքանչյուր դատապարտյալի համար վարվում էր անձնական գործ: Անձնական գործը պետք է ներառեր նրա անձին և պատիժը կատարելուն վերաբերող պարբերաբար թարմացվող տեղեկություններ, այդ թվում` դատապարտյալի նկատմամբ նախկինում կիրառված խափանման միջոցի մասին, ուղղիչ հիմնարկ ընդունելու և պատժից ազատելու ամսաթվերը: Իսկ արդեն ոչ փաստաթղթային և թարմացվող տեղեկությունների մեջ կարող էին մտնել նաև դատապարտյալներին վարկաբեկող կամ «կոմպրոմատային» տեղեկությունները` հետագայում այդ անձանց «ըստ նշանակության» օգտագործելու համար, որոնցով զբաղվում էին հենց «օպերները», և որոնց գործունեությունն անօրինական էր հենց միայն այն պատճառով, որ նրանց մասին օրենքում հիշատակում կարծես թե չկա:


Անդրադառնալով նրանց կողմից հավաքվող տեղեկությունների անօրինական կողմին` նշենք նպատակը: Օրինակ՝ եթե կարանտինային բաժանմունք ընդունվածը հայտնի անունով մեկն էր կամ օլիգարխիատի ներկայացուցիչ, նա կարող էր օգտագործվել ընտրությունների ժամանակ կամ հանդիսանալ ֆինանսական աղբյուր. նրան կարող էին փողի կամ ծառայության դիմաց տեղավորել հարմար խցում, ազատազրկման ժամանակահատվածը ավելի թեթև անցկացնելու համար տալ իրավունքներ, հնարավորություններ և նրան այնտեղ չէին նեղացնի:


Ի դեպ, օրենքը նախատեսում է անձնական գործում զետեղված տվյալների, տեղեկությունների գաղտնիությունը, և երևի թե պատճառը նաև այն էր, որ գործերի վրա գրվում էին արտահայտման կամ գրելու համար ոչ պարկեշտ բառեր և տվյալ անձինք ուղարկվում էին համապատասխան խցեր` այլ սեռի ներկայացուցչի կարգավիճակով: Իհարկե, կարող էր նման բան արվել նաև միտումնավոր` եթե վերևից կա տվյալ անձին ճնշելու կեղտոտ քաղաքական պատվեր:


Կամ հնարավոր էր նաև իրավապահներին լավություն անելու տարբերակ. եթե մարդը ոչ փող ունի, ոչ թիկունք, և ոչ էլ արատավորված անցյալ, նրան կարող էին գցել «ղումարբազների կամեռ», որ էնքան կրեն մինչև «նպատակային նշանակությունը» երևա: Դե եթե այնքան կրվեր, որ չկարողանար տակից դուրս գալ, ստիպված` ինչ-որ գործարքի պետք է գնար Սերոբ Հարությունյանի կամ նրա ներկայացուցչի հետ` հնարավոր պատվազրկումներից խուսափելու համար: Իսկ ներկայացուցիչը կարող էր լինել իրավապահը, ով չբացահայտված գործերը շալակին` կայցելեր դատապարտյալին` գործարքի առաջարկով: Ասենք՝ ամեն կրված 200 դոլարի դիմաց առաջարկելով մի հանցագործություն «վերցնել իր վրա»: Երկուստեք օգուտը այն կլիներ, որ իրավապահը կազատվեր «վրեն մնացած», մի քանի չբացահայտված գործերից, իսկ դատապարտյալը` կրված պարտքերից, պատվազրկումներից, իր և ընտանիքի նկատմամբ ճնշումներից:


Այլ կերպ ասած՝ սա դարձել էր Սերոբ Հարությունյանի անձնական, «ֆիլտրացիոն օֆիսը», որտեղ նա ԿԳԲ-ական նշանակության հարցերի հովանու տակ նաև իր անձնական բարեկեցության հարցերն էր լուծում»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին