Մայիսի 15-ին Ազգային ժողովն ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքը: Ըստ ընդունված օրենքի՝ գործատուները չպետք է կենսաթոշակային պարտադիր պահում կամ փոխանցում կատարեն այն աշխատակիցների համար, ովքեր համակարգին մասնակցելուց հրաժարվելու դիմում են ներկայացրել:
«Դ!եմ եմ» նախաձեռնության անդամներն այսօր՝ «Մեդիա կենտրոն»-ում խոսելով օրենքի ընդունումից հետո ստեղծված իրավիճակի մասին՝ ասացին, որ կենսաթոշակայինից հրաժարվելու համար դիմում գրելու մասին կետը նույնն է, թե մարդ ստիպված լինի գնալ բանկ և դիմում գրի, որ ինքն այդ բանկում չի ցանկանում հաշվեհամար բացել.
«Ապրիլի 2-ից մինչև հիմա կիրառվում են օրենքի կետեր, որոնք հակասահմանադրական են ճանաչվել և չպետք է գործեն, քանի որ ՍԴ-ի որոշումը գործում է ընդունման պահից»,-ասաց Սրբուհի Ղազարյանը:
«Բացի կոպիտ ճնշումներից կան նաև դեպքեր, երբ մարդկանց փորձում են մոլորեցնել՝ ասելով, թե մեկ է պարտադիր կուտակայինից ազատվելու են միայն երկու ամսով և հետո ստիպված են լինելու նորից վճարել»,-տեղեկացրեց նախաձեռնության անդամ Արմեն Աբրոյանը:
Դավիթ Մանուկյանն էլ տեղեկացրեց, որ դիմելու են ԱԺ ոչ իշխանական 4 քաղաքական ուժերին, որպեսզի օրակարգում մտցվի կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ նոր օրինագիծ, որը 180 աստիճանով տարբերվելու է այս պահին առկա օրենքից:
«Կուտակային համակարգը պետք է լինի կամավոր սկզբունքի հիմա վրա»,-նկատեց Դավիթ Մանուկյանը:
Անդրադառնալով խնդրին, որ կենսաթոշակային համակարգին չմասնակցելու մասին դիմումներ գրողներին դպրոցներում, ԲՈՒՀ-երում հորդորում են միանգամից նաև ազատման դիմում գրել, Դավիթ Մանուկյանը հորդորեց համարձակ լինել և խոսել.
«Եթե 1-2 նախադեպ լինի, ապա աշխատողին չեն համարի վասալ»:
Նախաձեռնության անդամը որպես օրինակ բերեց Մետրոպոլիտենի աշխատակիցներին:
«Դ!եմ եմ» նախաձեռնության անդամները տեղեկացրեցին նաև, որ հունիսի 11-ին՝ ժամը 19:00-ին նախաձեռնությունը սկսելու է բողոքի ակցիա՝ Մատենադարանի տարածքից: