▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյուղնախարարը ոչ մի խոստում էլ չի տվել.«Ժողովուրդ»

Արդեն վաղուց գաղտնիք չէ, որ ՀՀ մարզերի մի շարք համայնքներ գյուղմթերքի իրացման խնդրի առաջ են կանգնած: Գյուղացիները չեն կարողանում նույնիսկ իրենց բերքի ինքնարժեքը ստանալ: Մինչդեռ շատերը, հավատալով գյուղնախարարի խոստմանը, թե գյուղացին այս տարի բերքի իրացման խնդիր չի ունենալու, վարկեր  են վերցրել եւ  արդյունքում՝ կանգնել փաստի առաջ:

 

Հիշո՞ւմ եք՝ նման խոստումներով էլ մոտ օրերս ՀՀ  գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մեկնեց Արմավիրի մարզ, որտեղ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ մի շարք համայնքներում ծանոթացավ սկսված բերքահավաքի ընթացքին: 

Նշենք, որ գյուղնախարարը եղել է Արտիմետ համայնքում, այնուհետեւ այցելել է Առատաշեն, Հովտամեջ, Զարթոնք, Ծիածան  եւ Հացիկ համայնքներ, որտեղ ներկա է գտնվել կաղամբի, ձմերուկի ու սեխի բերքահավաքի աշխատանքներին: Եվ առիթից օգտվելով, նշված համայնքների բնակիչներն իրենց հուզող խնդիրների շուրջ զրուցել են գյուղնախարարի հետ: Հացիկ համայնքի բնակիչները գյուղնախարար Սերգո Կարապետյանի հետ զրույցում դժգոհել են  ոռոգման ջրի սակավությունից: Սակայն նախարարն, ի պատասխան բնակիչների մտահոգության, նշել է, որ այս տարի, ընդհանուր առմամբ, սակավաջուր տարի է, եւ քայլեր են ձեռնարկվում այդ խնդրի լուծման ուղղությամբ:

Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց Զարթոնք համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանի հետ եւ տեղեկացավ, որ գյուղնախարարն իրենց համայնք չի այցելել: «Ընդամենը եղավ համայնքին պատկանող եւ հարակից տարածքում գտնվող ձմերուկի դաշտերում: Գյուղ չմտավ: Բայց մեզ ոչ մի խոստում էլ չտվեց: Մենք տեղեկացրեցինք, որ տեւական ժամանակ է, ինչ ոռոգման ջրի հետ կապված խնդիր ունենք: Ու գյուղնախարարին բացատրեցինք, որ եթե ջուր չեղավ՝ մարդիկ իրար հետ անընդհատ կկռվեն, իսկ եթե ջուր ունեցան, ապա նրանք գլուխները կախ, խելոք կաշխատեն: Բայց նախարարն, ի պատասխան, միայն ասաց, որ գյուղացուն առանց ջրի չենք թողնի: Ու վերջ»,-պատմեց Սարգսյանը:

Ի դեպ, Արմավիրի մարզ այցելության շրջանակներում Սերգո Կարապետյանն անդրադարձել է նաեւ լոլիկի բերքահավաքին եւ նշել, որ առաջիկայում կսկսվի այս մշակաբույսի մասսայական բերքահավաքը, վերամշակող ընկերությունները պատրաստակամություն են հայտնել մթերել ողջ բերքը, եւ լոլիկի մթերման գինն Արմավիրի վերամշակող ընկերությունների հայտարարությամբ կկազմի 40 դրամ՝ մեկ կիլոգրամի համար: Մինչդեռ, որ շատ գյուղացիներ վարկեր են վերցրել, որպեսզի գյուղատնտեսության մեջ ներդրում անեն, վնասներ են կրել ու հիմա չեն կարողանում վարկերը փակել: Արդյունքում նրանք հիմա ստիպված են կես գնով հանձնել իրենց ապրանքը եւ ձեռնունայն նստել:

Նյութերը՝ ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ


Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին