▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գուցե հուզված չլինեի ու կարողանայի արտահայտվել, բայց գիտակցությունս ի զորու չէ կառավարել զգացմունքներս

Դուդուկահար Արտավազդ Թադեվոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ նվիրված իր ուսուցիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Գեորգի Մինասովին, ով մահացել է օրեր առաջ.

«Գուցե հուզված չլինեի այսպես ու կարողանայի արտահայտվել այնպես, որ սիրտս թեթեւանար, սակայն րոպեները ժամեր են դառնում, ժամերը օրեր, բայց գիտակցությունս ի զորու չէ կառավարել զգացմունքներիս, հիշողություններիս, որոնք յուրաքանչյուր պահին կարծես թշնամաբար հանգիստ չեն տալիս ինձ։ Ախր հասկանում եմ իրենց. իրենք էլ մեղք չունեն չէ՞ որ այդ հիշողություններս, գիտակցությունս ու զգացմունքներս ինչպե՞ս լռեն կամ ո՞ր պահը մոռանան։ Մոռանան այն օ՜րը, որ առաջին անգամ հանդիպեցինք իրար։ Ո՞նց մոռանամ։
Ո՞նց մոռանամ այն օրը, որ Դուք եկաք ԱՄՆ՝ մասնակցելու իմ մենահամերգին, եւ նույնիսկ բեմ բարձրացաք՝ ինձ հետ նվագելու Ձեզ նվիրած իմ «Վարպետիս» ստեղծագործությունը։ Ախր ես ու՞մ համար նվագեմ, կամ ու՞մ հետ նվագեմ այդ ստեղծագործությունը։ Հիշում եմ, թե այդ օրը որքա՜ն էիք Դուք հուզված, ավելի քան ես։ Յուրաքանչյուր աշակերտի հաջողություն համարելով Ձերը՝ մանկան նման ուրախանում էիք, ծնողի նման հպարտանում, վարպետի նման ոգեւորվում եւ վերջապես դուդուկի մեղմ ելեւէջների նման համեստորեն չքոքոզանում (մեջբերում Ձեր բառապաշարից)։

Ո՞նց մոռանամ այն օրը, որ ստիպված էի Ձեզ ուղեկցել օդանավակայան եւ ճանապարհել Հայաստան։ Այդ պահը, որը դարձել էր ատելի, այս պահին դարձավ երանելի։
Զգացմունքներիս ո՞նց համոզեմ մոռանալ Ձեր մատների շարժը, Ձեր իսկ պատրաստած «դուդԻՔի» վրա, որոնցից երկուսը նվիրեցիք ինձ։

Ախր ոնց համոզեմ ինձ հաշտվել այն իրականության հետ, երբ Ձեր իսկ ձեռքով պատրաստած դուդուկները այս պահին Ձեր գոյությունն ու չգոյությունն են հիշեցնում։ Ձեր ստեղծած գիրքը, որը որպես երաժշտի դարձել էր ուղեցույց, այժմ դարձավ «Նարեկ» սրբազան, որը պիտի ամոքի, բուժի այն կարոտը, որը այսուհետ կեղեքելու է ինձ։
Դե արի գիտակցություն ու հաշտվի այն մտքի հետ, որ ձեր սովորեցրած մեղեդիները, Ձեր իսկ շիրիմին պիտի նվագեմ։ Պիտի նվագեմ «Մուղամները» եւ ՄՈՒՂԱՄՈՎ սրբեմ աչքերիս արցունքները։

Ա՜խ երանի մի տեղ թերացած լինեյիք, որ այս պահին ես էլ թերանայի ու չնզովեի ներկայիս աշխարհաքաղաքական կապանքները՝ «պանդեմիայի տեսքով», որ ինձ թույլ չի տալիս Ձեր հուղարկավորությանը ներկա գտնվել։ Չնայած, միգուցե, բարին էլ սա է…
Նույնիսկ բարկացած պահին էլ էիք վարպետ. վարպետորեն էիք բարկանում, որ չկոտրեք աշակերտի սերը գործիքի հանդեպ։ Հիշում եմ՝ օրերից մի օր եկա Ձեր տուն. Ձեր պատշգամբում նստած ինձ էիք սպասում՝ գավաթով թեյը ձեռքիդ։ Քանի որ հաղթել էի «Դուդուկահարների Հանրապետական Մրցույթը», խիզախեցի Ձեզ առաջարկել նվագել ջութակի կոնցերտը դուդուկի վրա։ Ձեզ հարիր համեստությամբ եւ խոհեմությամբ լսեցիք ինձ, եւ «կարճ ասած» «դուրս վռնդեցիք» Ձեր տանից՝ ասելով, որ դա դուդուկի վրա ստացվելիք ստեղծագործություն չէ (չեմ վարանում օգտագործել վռնդել բառը. Ձեզ ճանաչողները կհասկանան)։ Սակայն լինելով անդրդվելի՝ հաղթահարեցի այդ կոնցերտի նոտաների փոխադրումը դուդուկի վրա եւ երեք օր՝ գիշեր ու ցերեկ, տքնաջան աշխատելուց հետո ստացա ցանկալի արդյունքը։ Այնուհետ ինձանից պահանջվեց եւս տասնհինգօրյա աշխատանք, եւ ես արդեն ունեի երաժշտության պատկերը։ Եկավ ամենադժվար պահը՝ ինչպես համոզել վարպետիս նախ՝ ինձ ընդունել, ապա՝ նաեւ լսել երաժշտությունը։ Երկար մտորումներից հետո, խնդրեցի ծնողներիս, այսպես ասած, «միջնորդ» հանիսանալ, որի արդյունքը սպասեցնել չտվեց։ Վերջապես իրավունք ստացա ներկայանալ Ձեզ։ Արդեն իսկ ուսումնարանում, գործը լսելուց հետո վարպետս ուրախությունից աչքերը լցրեց եւ ընդհամենը պատգամեց. «Ամբողջացրու՜ երաժշտությունը»։ Դա էր ինձ պետք։ Եւ արեցի…

Ա՜խր ո՞նց մոռանամ՝ չլինելով «Ժողովրդական Արտիստ» ժողովրդական մարդ էիք։ Երբեք չսպասելով որեւիցե մի կոչման, Ձեր կոչումը դարձնելով «Վարպետ Դուդուկահար»՝ ժողովրդական տիտղոսը, դուդուկը դարձրել էիք ձերը, Ձեզ էլ դուդուկինը եւ համահունչ, ընկերաբար շարժվում էիք առաջ. մի օր «Դլե Յամանի» պես մելամաղձոտ, մի օր մուղամների պես խորհրդավոր, մի օր էլ շնչաշատ պարեղանակի պես ուրախ ու հուժկու։ Սակայն տրամադրության բոլոր ելեւէջների մեջ էլ Դուք ուսուցիչ էիք։ Ուսուցիչ բառի բուն իմաստով՝ ով կրթեց ոչ միայն լավ դուդուկահարներ, այլեւ կերտեց հայրենիքին նվիրված մարդիք։ Ու այդ նվիրումով էլ տոգորված, հաղթահարելով բոլոր դժվարությունները, իմ առաջ նպատակ դնելով՝ մեր՝ իմ եւ Ձեր դուդուկը, հասցրեցի աշխարհի լավագույն համալսարանները՝ ապացուցելու եւս մեկ անգամ, որ դուդուկը` հայի’ հոգու գանձարանն է։
Դե ինչ, այսքանից հետո ինձ մնում է հիշել Ձեր հետեւյալ խորհուրդը՝ ապրել խոնարհ, բերքառատ ծառի նման։ Շարժվել այդ ուսմունքով ու համոզել իրար հետ կռվի բռնված գիտակցությանս ու զգացմունքներիս, որ հաշտվեք իրականության հետ, քանզի բախտ եմ ունեցել ճանաչել Ձեզ, կրթվել Ձեզ մոտ, դառնալ Ձեր ստեղծագործությունները աշխարհին ներկայացնող՝ կրելով ձեր անմահ ներկայությունը իմ գիտակության մեջ հավերժ։
Համոզել ու հաշտվել այն մտքի հետ, որ լինելով շատ բարի մարդ, այս պահին երկնային արքայությունը Ձեր իսկ երաժշտության ներքո դրախտի դռները բացած՝ Ձեզ է սպասում։ Հավատալով, որ այսուհետ էլ իրենց համար եք ստեղծագործելու, նվագելու այժմ արդեն հավերժ ու անվերջ։

Վարպե՛տ ջան, իմ վարպե՛տ,
Վարպետորեն եկաք աշխարհ, վարպետորեն ապրեցիք ու վարպետորեն էլ հեռացաք կյանքից՝ ապահովելով Ձեր ներկայությունը երկրի վրա՝ ի դեմս Ձեր ստեղծագործությունների։

Գնաք խաղաղությամբ…»:

Դիտեք նաև՝ 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին