▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գիտե՞ս ինչ հեղինակավոր մարդկանց որդիներ են հերթի քննչականի համար...Բաց նամակ Սերժ Սարգսյանին

Մեծարգո պարոն նախագահ.

Ստիպված եմ դիմել Ձեզ՝  հույս ունենալով, որ Դուք կանդրադարնաք նման անարդար երևույթներին: 2004-2006 թթ. ծառայել եմ ԼՂՀ Պաշտպանության բանակում: 2007 թվականին ընդունվել եմ ՀՀ ոստիկանության ակադեմիա  և անմիջապես գործուղվել եմ ՌԴ ՆԳՆ Մոսկվայի համալսարան և մինչև 2012 թվականը:  Սովորել և ավարտել եմ նույն համալսարանի քննչական ֆակուլտետը՝գերազանցությամբ: Սովորելու հինգ տարիների ընթացքում, պետական ոչ մի աջակցություն չստանալով, սակայն պատշաճ վարքի և աշխատասիրությանս շնորհիվ պրոֆոսորա-դասախոսական կազմի և ուսանողության շրջանում վաստակել եմ օրինակելի ուսանողի համբավ և բարձր պահել Հայաստանի Հանրապետության և ոստիկանության համբավը:

        Դեռևս 2007 թ-ից մինչև ուսման ավարտը մեծ հույսեր և ակնկալիքներ ունեի ոստիկանությունում ծառայելու և ինչ-որ բանով օգուտ տալու հայրենիքիս: Վերադառնալով ՀՀ,  2012թ-ի հուլիսին ՀՀ ոստիկանապետի հրամանով նշանակվել եմ օպերլիազորի պաշտոնին: Իմանալով, որ ինձ նշանակել են օպերլիազորի պաշտոնին, զեկուցագրով դիմեցի ՀՀ ոստիկանապետին, խնդրեցի, որ ինձ տեղափոխեն քննչական մարմիններ, քանի որ ավարտել էի ՌԴ Մոսկվայի համալսարանի քննչական ֆակուլտետը, սիրում եմ իմ ստացած մասնագիտությունը, այդ իսկ պատճառով չէի կարող արդյունավետ աշխատել որպես օպերլիազոր: Պատկերացրեք, դա նույն բանն է, եթե բժշկության մեջ սրտաբանին նշանակեին որպես մաշկաբան: Մի՞թե  հնարավոր է  ինչ-որ արդյունք ակնկալել նրանից:

          Զեկուցագիր գրելուց  մի քանի օր հետո ինձ կանչեցին ոստիկանության կադրերի բաժին և հայտնեցին, որ իմ խնդրանքը հնարավոր չէ բավարարել` պատճառաբանելով , թե քննչական մարմիններում ազատ տեղեր չկան, բառացիորեն ասելով  «գիտես ինչպիսի հեղինակավոր մարդկանց որդիներ են հերթ կանգնած քննչականի համար»: Դա այն պարագայում, որ հենց այդ նույն պահին  երեք թափուր տեղ կար միայն իմ բաժնում, երևի դրանք ինձ համար չէին, այլ ծանոթ, ընկեր, բարեկամների կամ էլ աճուրդի էին դրված: Ինձ համոզեցին, որ գոնե մի  տարի ծառայեմ, դրանից հետո կտեղափոխեն: Այդ օրվանից ես սարսափելի հիասթափություն ապրեցի և ինքս ինձ հաճախ հարց էի տալիս. մի՞թե  ես մեղավոր եմ, որ իմ ծնողներս  «հասարակ»  մարդիկ են, չունեն պաշտոնավոր բարեկամ կամ  գումար:

          Մեկ ու կես տարի ծառայելով օպերլիազորի պաշտոնին՝ շփվելով ինձ ծանոթ Գավառի ու Իջևանի համալսարանների հեռակա ֆակուլտետներն ավարտած քննիչների հետ, հասկացա, որ հենց այնպես, առանց ծանոթ բարեկամի ու հնարավորության, անկախ մասնագիտական ունակություններից, անհնար է տեղափոխվել քննչական մարմիններ: 2013թ-ի սեպտեմբերին իմ զեկուցագրի հիման վրա ազատվեցի ՀՀ ոստիկանությունից:

         Այս պահին իմ միակ ցանկությունը կլիներ այն, որ ինչ-որ մեկը ինձ հետ կանգնեցներ արտագաղթելու և հայրենիքս լքելու մտքից :

 

 Հարգանքներով՝  ՀՀ քաղաքացի Վաղինակ Տոնոյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին