«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը պաշտոնի նշանակվել է 2021 թվականի սեպտեմբերի 8-ին։ Մինչ պաշտոնի նշանակվելը եղել է ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահ։
Մարզպետը քաղաքական դաշտ է եկել 2018 թվականի հեղափոխությունից հետո, «Իմ Քայլը» դաշինքի կողմից առաջադրվել էր Ազգային Ժողովի պատգամավորի թեկնածու։
Սուրեն Պապիկյանի հովանավորյալ Սարգսյանը նախկինում Ռուսաստանի Դաշնությունում է եղել. ինչպես ընդունված է ասել բոլոր մարտունեցիների դեպքում, խոպան է գնացել: Հենց այդ տարիներին նա մի բնակարան է ձեռք բերել այնտեղ։ Մարզպետը տրանսպորտային որեւէ միջոց չի հայտարարագրել, թեեւ 2022թ. հուլիսին հարբած ավտովթարի էր ենթարկվել Սեւան-Դիլիջան ճանապարհին:
Նշենք, որ Կարեն Սարգսյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 910 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 12 մլն 500 հազար դրամ։ Կարեն Սարգսյանը հայտարարագրել է 16 մլն 524 հազար դրամ տարեկան եկամուտ, որից 12 մլն 790 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմից։ Մյուս եկամուտների աղբյուրը թաքցվում է:
Մարզպետը նաեւ հիպոտեկով բնակարան է ձեռք բերել, իսկ նրա ստացած վարկերի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 20 մլն 301 հազար դրամ։
Հիշեցնենք, որ 2022 թվականի հուլիսի 25-ին ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 26 կմ հատվածում բախվել էին Գեղարքունիքի մարզպետ, 38-ամյա Կարեն Սարգսյանի վարած Mercedes մակնիշի, 01 QA 110 համարանիշի եւ Վարդան Թովմասյանի վարած Volkswagen մակնիշի, 36 TT 011 համարանիշի ավտոմեքենաները։
Վթարի հետեւանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չեն եղել: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության։ Պարզվել է՝ Mercedes-ի վարորդը` Կարեն Սարգսյանը, եղել է ոչ սթափ վիճակում: