▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գարեգին Բ-ն կոչով դիմել է Ուկրաինայի իշխանություններին

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն Ուկրաինայի իշխանություններին կոչ է անում չխախտել ուղղափառ համայնքի պատմականորեն հաստատված միասնությունը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է նրա խոսնակ Եսայի քահանա Արթենյանը՝ մեկնաբանելով Ուկրաինայի Գերագույն ռադայի որոշումը, որը թույլ է տալիս արգելել կանոնական ուկրաինական ուղղափառ եկեղեցու գործունեությունը։

«Ցավոք, այս օրինագծի վավերացման հնարավոր անցանկալի հետևանքների և հոգևոր-կանոնական կյանքի, ուղղափառ բնակչության վրա դրա բացասական ազդեցության վերաբերյալ հնչեցված հիմնավոր մտահոգություններն արձագանք չգտան։ Ամենայն Հայոց կաթողիկոսը դիմում է Ուկրաինայի բարեկամ ժողովրդի զավակներին՝ իշխանություններին և օրենսդիրներին՝ կոչ անելով չխախտել ուղղափառ համայնքի պատմականորեն ձևավորված միասնականությունը, պաշտպանել գործող կրոնական համայնքների, հավատացյալների և հոգևորականների իրավունքները, հարգել սրբավայրերի անձեռնմխելիությունը»,- ասել է Արթենյանը։

Արթենյանը նաև հավելել է, որ Հայ Առաքելական եկեղեցու և բարեպաշտ ժողովրդի ցանկությունն է, որ Աստծո ողորմությամբ շուտափույթ լուծվի ռուս-ուկրաինական հակամարտությունը, բացառվեն եկեղեցական կյանքը խաթարող անընդունելի երևույթները և եղբայրական ժողովուրդների միջև բարեկամությունը վերականգնվի։

***

Ուկրաինայի Գերագույն ռադան օրենք է ընդունել, որն արգելում է կանոնական ուկրաինական ուղղափառ եկեղեցու աշխատանքը։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը։

«Ռադան լրամշակված օրինագիծ է ընդունել՝ Ուկրաինայի տարածքում կրոնական կազմակերպությունների, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության հետ կապ ունեցող կազմակերպությունների գործունեության արգելքի մասին: Ժողովրդական լեզվով ասած՝ «մոսկովյան եկեղեցու արգելքի մասին» օրենք»,- հայտնել է Ժելեզնյակը։

Երկրորդ ընթերցմամբ փաստաթուղթն ընդունվել է 265 պատգամավորների կողմ քվեարկությամբ։ Օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակումից 30 օր անց։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին