▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գալուստ Սահակյանի խնդրանքը՝ Փոստանջյանին

Մեկնարկել է ԱԺ հերթական քառօրյան:  ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը երախտագիտությունը հայտնեց Բոլիվիայի խորհրդարանի երկու պալատներին, երկրի ղեկավարությանը՝ Օսմանյան կայսրությունում իրականացված հայոց ցեղասպանության ճանաչման համար:

Ապա ներկակացրեց Զարուհի Փոստանջյանի՝ Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների, եզդիների և այլ ազգերի ցեղասպանության դատապարտման մասին օրենքի նախագիծը, որի վերաբերյալ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն չէր ներկայացրել:

Զարուհի Փոստանջյանը նկատեց.

«Երբ սկսվեց նիստը՝ նշեցիք, որ ևս մեկ պետություն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Իսկ նոր հայտարարեցիք, որ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հավանություն չի տվել իմ օրինագծին: Վերջ ի վերջո, անկախ Հայաստանի ԱԺ-ն ե՞րբ պետք է ճանաչի այլ ազգերի ցեղասպանությունը՝ Օսմանյան կայսրությունում»:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ ոչ ոք իրավունք չունի գնահատական տալ հանձնաժողովի որոշմանը: Մեծամասնությունը դեմ է եղել այս պահին օրինագիծը ներկայացնելուն:

Արտաշես Գեղամյանն էլ ասաց, որ նախագիծը խոցելի էր ոչ միայն հայկական լսարանի, այլև միջազգային հանրության համար:

«Եթե, Աստված մի արասցե, նախագիծը նման տեսքով մենք ընդունեինք, բոլոր քրտնաջան աշխատանքները՝ իշխանության, ընդդիմության կողմից արված, կարող էին ջուրը լցվել»:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ նկատեց, որ գաղափարը ողջունելի է, բայց կան փաստագրական ոճ ճիշտ ձևակերպումներ.

«Ես էլ գործընկերներիս հետ նախաձեռնելու եմ հայտարարության ընդունում, որը կդատապարտի Օսմանյան կայսրությունում ոչ միայն պոնտոսահույների, որը սխալ ձևակերպում է, այլև Օսմանյան կայսրությունում ապրող հույների, ասորիների և եզդիների ցեղասպան քաղաքականությունը»,-նշեց Շարմազանովը:

Բոլոր խմբակցություններն էլ ողջունեցին գաղափարը՝ նշելով, որ որոշ ճշգրտումներ պետք է արվեն, խնդիրը վերամշակման կարիք ունի. տեքստում կան փաստագրական սխալներ:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը խնդրեց Փոստանջյանին՝ հանել նախագիծը.

«Դուք պատկերացնում եք՝ ենթադրենք 90 հոգի կողմ քվեարկի, 10 հոգի դեմ: Քաղաքական ինչպիսի իրավիճակ կառաջանա մեր ազգի, պետության համար: Դրա համար առաջարկում են՝ քննարկել, ունենալ այնպիսի փաստաթուղթ, որ բոլոր պատգամավորները ստորագրեն»,-ասաց Գալուստ Սահակյանը: 

Փոստանջյանը չմերժեց խնդրանքը՝ ակնկալելով պատգամավորների գրավոր առաջարկությունները: Նրա այս որոշումը ընդունվեց ծափողջյուններով:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին