«Իրավունք» թերթը գրում է. «Ըստ որոշ տեղեկությունների Ռուսաստանի որոշ շրջանակներ լրջագույնս մտահոգվել են այն հարցով, որ մի շարք հայ իշխանավորներ ու գործարարներ, ունենալով մեծ բիզնեսներ Ռուսաստանում, զբաղված են հակառուսական ակտիվ քարոզչությամբ: Այդպիսի ամենակառկառուն դեմքերից մեկը Գագիկ Մելքոնյանն է` ՔՊ-ական պատգամավոր, որը նախկին իշխանությունների` Ռոբերտ Քոչարյանի օրօք, դարձել էր գեներալ-լեյտենանտ:
Սույն «բարձր ինտելեկտուալ» ռազմա-քաղաքական կերպարը ունի բազմաթիվ բիզնեսներ ոչ միայն Հայաստանում, այլ, ինչպես նաեւ պարզվեց, ՌԴ-ում: Մասնավորապես` Գագիկ Մելքոնյանը փաստացի տիրապետում է Կրասնոդարի մարզում Սեւ ծովի մերձափնյա տարածքում երկու հյուրանոցի, որոնց տիրություն է անում իր որդին: Նշենք, որ հյուրանոցները մեծ եկամտաբերությամբ են աշխատում: Այսինքն ստացվում է, որ Գագիկ Մելքոնյանը ռուսների դեմ աշխատելով թքում է նույն ամանի մեջ, որից սնվում է:
Մյուս կողմից Գագիկ Մելքոնյանը, բնականաբար, միայն այդ աղբյուրից չէ, որ ստանում է իր ֆինանսական եկամուտները: Հայաստանում նա ունի բազմաթիվ բիզնեսներ, այդ թվում` ինչքան էլ զարմանալի է կրթական ոլորտում: Հենց իրեն պատկանող քոլեջում օրերս իր թոռը դանակահարել է մեկ այլ քոլեջի սանի: Մի խոսքով, պտուղը ծառից հեռու չի ընկնում: Իհարկե, ճիշտ կլիներ, եթե Նիկոլի հակակոռուպցիոն պայքարիստները պատասխան տային, թե որտեղից Գագիկ Մելքոնյանին այսքան մեծ հարստություն, եթե նա կյանքի մեծ մասը եղել է պետական աշխատանքի` բանակի համակարգում: Եվ արդյո՞ք, երբ Նիկոլը ղժղժում է, թե հայոց բանակը նախկինների օրոք թալանվել է, այդ թալանողների առաջին շարքում չի՞ եղել գեներալ Գագիկ Մելքոնյանը:
Ի դեպ, հարց է ծագում, ինչպե՞ս ստացվեց, որ Գագիկ Մելքոնյանը, չունենալով որեւէ զինվորական կրթություն ու կիսատ-պռատ ավարտելով Դոնի Ռոստովի գյուղատնտեսական ինստիտուտը, 1990 թվականից հայտնվեց բանակում, որտեղից դուրս շպրտվեց միյան 2008 թ.-ին: Ընդ որում, մինչ բանակում հայտնվելը սույն «զորավարը», աշխատել է ընդամենը մեկ տեղ` Էջմիածնի շրջանի Հայկաշեն գյուղի կաթնամթերքային համալիրում։ Հատկանշական է, որ բանակում անցկացրած այդ 18 տարիների ընթացքում «մեծն ռազմավար» Գագիկ Մելքոնյանը զբաղեցնում էր, որպես կանոն, թիկունքի, այսինքն` բանակի նյութատեխնիկական մատակարարման յուղոտ պաշտոնները: Դատեք ինքներդ...
1991 թվականին՝ հատուկ գնդի թիկունքի պետ, ապա հրամանատար։
1996 - 1998 թվականներին՝ ՀՀ Պաշտպանության նախարարության թիկունք վարչության պետ։
1998 - 2000 թվականներին՝ Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական բրիգադի հրամանատար։
2000 - 2008 թվականներին՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ թիկունքի գծով-զինված ուժերի թիկունքի պետ։
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա չենք զարմանա, եթե Գագիկ Մելքոնյանի եւ իր նման Ռուսաստանում ուտող-ուրացողների որոշ հայ բիզնեսմենների համար, որոնք Ռուսաստանի աշխատած փողերով ֆինանսավորում են հակառուսական գործիչներին եւ գործընթացները, կյանքը այլեւս այդքան քաղցր չի թվա»: