«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Աշխարհի ամենատարածված ու սիրված սպորտաձեւը համարվող ֆուտբոլը շատ երկրներում հանդիսանում է քաղաքական լուրջ գործոն. երկրի ղեկավարները փորձում են լավ հարաբերություններ պահպանել ֆուտբոլիստների, ակումբների եւ ֆանակումբների հետ:
Հայաստանում 2018թ.-ին իշխանության գալուց հետո աշխարհի ամենահայտնի ՀՀ քաղաքացի Հենրիխ Մխիթարյանին զրկեցին դիվանագիտական անձնագրից, ապա հասան նրան, որ իտալական «Ինտեր»-ի աստղը հրաժարվեց գալ ազգային հավաքական: Մեր աղբյուրները պնդում են, որ Մխիթարյանի ու իշխանությունների հարաբերությունները խառնելու գործում մեծ ազդեցություն է ունեցել ֆեդերացիայի ներկա նախագահ Արմեն Մելիքբեկյանը, որը, Նիկոլ Փաշինյանին լարելով Մխիթարյանի դեմ, հակասական տրամադրություններ է ստեղծել Հենրիխի հազարավոր երկրպագուների մոտ՝ ուղղված իշխանություններին:
Այսքանով, սակայն, իշխանություններին վնաս տալու սեփական «առաքելությունը» Արմեն Մելիքբեկյանը չավարտեց. անդադար ուղեկցելով տարբեր միջոցառումների Նիկոլ Փաշինյանին ու նրա մերձավոր շրջապատին, ցույց տալով իր եւ այս իշխանությունների անքակտելի կապը՝ Մելիքբեկյանը սկսեց գրեթե «ահաբեկչական գործողություններ» անել Հայաստանի ամենատիտղոսակիր թիմի՝ «Փյունիկ»-ի նկատմամբ:
Բանը հասավ նրան, որ հազարավոր երկրպագուներ ունեցող թիմին զրկեցին իրենց պատկանող մարզադաշտերում խաղալու իրավունքից, իսկ այս թիմը ոչ միայն հազարավոր երկրպագուներ ունի, այլեւ հարյուրավոր երեխաներ են պարապում նրա ակադեմիայում, որոնց շրջանում եւս հակաիշխանական տրամադրություններ բորբոքեց: Դեռեւս պարզ չէ՝ այս ամենը Արմեն Մելիքբեկյանն արել է դիտավորյալ, թե զուտ անձնական հաշիվներ է ունեցել, սակայն այն, որ Երեւան քաղաքում իշխանությունների կողմից ոչ բավարար ձայներ հավաքելու գործում ունեցել է զգալի ազդեցություն, քննարկման ենթակա չէ»: