«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ նախագահի ընտրություններին առաջադրված են երկու թեկնածուներ՝ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը եւ հայտնի ֆուտբոլիստ Արազ Օզբիլիզը: Նախկին լրագրող Մելիքբեկյանն անցած շաբաթ վերջապես «աչքի ընկավ» հրապարակային խոսքով ու հարցազրույց-հաշվետվություն տվեց իր լրատվական ծառայությանը: Մելիքբեկյանը ջանք չէր խնայում «գոյություն» չունեցած արդյունքներ նկարագրել, օրինակ՝ թե ինչպես են ծրագիր իրականացրել «Կույր ֆուտբոլի» ոլորտում, կանանց թիմեր են ստեղծվել, ազգային հավաքականը վերջապես մեկ հաղթանակ է տարել եւ այլն:
Իհարկե, լրագրողներից խուսափող, հարցումներին ու հեռախոսազանգերին չպատասխանող Մելիքբեկյանը թերեւս հասկանում է, որ միլիոնավոր դոլարների մուտքեր ունեցող ընկերության ղեկավարին շատ հարցեր կան տալու, ու գնալով խնդիրները մեծանում են: Օրինակ՝ այդպես էլ մեկնաբանություններ չեղան, թե ինչու Աբովյանի մարզադաշտի վերականգնման մրցույթը շահեց Հակոբ Սիմիդյանի ընկերոջ հետ փոխկապակցված ընկերությունը, որը նման աշխատանքների փորձ չուներ եւ ավելի բարձր գնով է կատարել դա, քան այլ ընկերություն կաներ: Չպատասխանեց նաեւ, թե ինչու են հիմնական ներդրող ակումբները դուրս եկել իր դեմ՝ ի դեմս «Ուրարտու» եւ «Փյունիկ» ակումբների, ինչու է ազգային հավաքականը խայտառակ պարտություններ կրում, ինչու մարզերում կառուցված փոքր դաշտերը շարքից դուրս են գալիս եւ այլն: Թերեւս Մելիքբեկյանի ինքնագովազդ ուղերձում հատկանշական էր բանակի թիմին՝ ԲԿՄԱ-ին վերաբերող մասը. համարել էր ԲԿՄԱ-ն հաջողված ծրագրերից, իսկ, որպես հաջողություն, նշում է, որ այս թիմից ազգային հավաքական են գնացել ֆուտբոլիստներ: Իհարկե, բանակում չծառայած Արմեն Մելիքբեկյանը չի նշի, թե ԲԿՄԱ-ում գրանցված քանի ֆուտբոլիստ է, ըստ էութան, ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից:
Նշենք, որ 2019թ.-ին հիմնադրված ակումբը, ըստ էության, բանակից ազատում է երիտասարդների, որոնք հետագայում կա՛մ լքում են ֆուտբոլը, կա՛մ հանդես են գալիս համեմատաբար թույլ թիմերում ու այդպես էլ չեն կատարում իրենց առաջ դրված խնդիրը, բայցեւ չեն զորակոչվում ազգային բանակ: Մամուլը բազմիցս գրել է, որ բարձրագույն խմբում հանդես եկող ԲԿՄԱ-ում եւ առաջին լիգայում խաղացող ԲԿՄԱ 1-ում հայտնվում են խաղացողներ, որոնցից մեկի ծնողը, օրինակ, գործկոմի անդամ է կամ այլ կապերով կապված է ՀՖՖ ղեկավարների հետ: Այդ երիտասարդները, որ չեն զորակոչվում, այդպես էլ հայկական ֆուտբոլի վաղվա օրը չեն դառնում ու, ըստ էության, այդպիսով լուծում են զուտ չզորակոչվելու խնդիրը:
Հ.Գ. Քանի որ ՀՖՖ-ն չի պատասխանում մեր հարցումներին ու զանգերին, հաջորդիվ կանդրադառնանք Խորեն Հովհաննիսյանի անվան մարզադպրոցի կառուցման ծախսերին ու հավաքված տվյալներ կներկայացնենք շինարարական ոլորտի ներկայացուցիչների փորձագիտական եզրահանգումից»: