ԵՎ, ԱՅՆՈՒՀԱՆԴԵՐՁ, Ո՞Վ ԿԴԱՌՆԱ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ
ԿԱՄ՝ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ «ԱՌԵՂԾՎԱԾԸ»
ՆԱԽԱԳՐՈՒԹՅՈՒՆ.
Հազիվ թե Հայաստանում գտնվի մեկ այլ լրագրող, որն այնպես հետևողականորեն գրել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ՝ երբեմն անգամ անձնական վիրավորանքներ հասցնելով, քան՝ ես: Ուստի, կարծում եմ, որ սույն վերլուծությունը, որն իմ մտորումների արգասիքն է, կընդունվի իբրև սկզբունքային դիրքորոշում և մոտեցում:
ՊԱՅՔԱՐ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՇՈՒՐՋ
Սյունիքի մարզպետի պաշտոնը թափուր է մնացել արդեն տևական ժամանակ: Ըստ բազմաթիվ դիտարկումների, Վահե Հակոբյանը տեղափոխվեց այլ պաշտոնի՝ Սուրիկ Խաչատրյանի համար տեղ բացելու նպատակով: Արդեն նախկին մարզպետն ունեցել էր և՛ հաջողություններ, և՛ ձախողումներ: Ինչպես ընդունված է ասել, ջանքեր էր գործադրում՝ մարզպետի պաշտոնում կայանալու համար: Գորիսի քաղաքապետի ընտրությունները պիտի փորձաքար դառնային Վահե Հակոբյանի համար, սակայն վարչապետ Հովիկ Աբրահամյանը կոտրեց Վահե Հակոբյանի մեջքը՝ թույլ չտալով ընտրություններին մասնակցել մարզպետի կողմից սատարվող թեկնածուին՝ Տիգրան Կարապետյանին: Սա Հովիկ Աբրահամյանի՝ մարզպետին ուղղված ,,գոտկատեղից ներքև,, հարվածն էր, որը որոշակիորեն սասանեց Վահե Հակոբյանի հեղինակությունը: Նշենք, որ եթե քաղաքական որոշում էր կայացվել, որ քաղաքապետ է ընտրվելու Վաչագան Ադունցը, ապա նա կընտրվեր՝ ունենալով հենց Սուրիկ Խաչատրյանի աջակցությունը: Պարզապես, ընտրությունները շատ ավելի հետաքրքիր կլինեն, առավել ինտրիգային և կարող էին նպաստել ժողովրդավարության դրսևորումներին: Հովիկ Աբրահամյանը Գորիսում ձևավորեց անվստահության մթնոլորտ, ծնեց հիասթափություն՝ գուցեև հարվածելով Սուրիկ Խաչատրյանի հեղինակությանը, քանզի այս դեպքում բոլորը պատրաստ էին հենց նրան մեղադրել, նրա մեջ տեսնել գորիսեցիների ազատ կամքին բռնացողին:
Ինչևէ: Վահե Հակոբյանի հեռանալուց հետո, սկիզբ առան թեկնածուների շքերթները: Շրջանառության մեջ դրվեցին տարբեր անուններ, որոնցից ոչ մեկը չէր արտացոլում սյունեցիների ցանկություններն ու տրամադրությունները: Առաջին օրվանից, որպես ֆավորիտ, հիշատակվեց Սուրիկ Խաչատրյանի անունը: Այսինքն, այն մարդու, որը 2013 թվականի հունիսի մեկի ողբերգական իրադարձություններից հետո հեռացել էր պաշտոնից՝ արդար նախաքննություն իրականացնելու նպատակով: Հիշենք, որ Սուրիկ Խաչատրյանին ոչ ոք պաշտոնանկ չի արել, նա հեռացել է սեփական դիմումի համաձայն: Ուրեմն, մինչև հունիսի մեկը Սուրիկ Խաչատրյանն ընդունելի է եղել բոլորի համար՝ իշխանությունների և սյունեցիների: Բացի Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի, ոչ ոք հրապարակայնորեն չի ելել Սուրիկ Խաչատրյանի դեմ, ոչ ոք չի քննադատել: Ավելին, շատերն առիթը բաց չեն թողել նրան քծնելու և մեծարելու համար: Սա պայմանավորված է եղել վա՞խի մթնոլորտով: Ընդունենք: Սակայն ողջ Սյունիքի մարզը չէր կարող վախենալ Սուրիկ Խաչատրյանից: Եթե նրա դեմ ելնում էր Աամվել Հարությունյանն առանց վախի, հետևաբար կարող էին ուրիշներն էլ ելնել: Չեն ելել: Միակ մարդը, որը ժամանակ առ ժամանակ սուր քննադատության է ենթարկել Սուրիկ Խաչատրյանին, եղել է ,,Սյունյաց երկիր,, թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանը, որի խոսքին ու հոդվածներին ոչ ոք լուրջ չի վերաբերում, որովհետև Սյունիքում բոլորը գիտեն, որ այս մարդը գործում է պատվերով, սրա-նրա սեղանի մոտ հացկատակություն անելով, անձնական շահերով առաջնորդվելով: Ողջ Սյունիքում բոլորին է հայտնի, թե ում նվիրած ,,Նիվա,, ավտոմեքենան է վարում և ինչի համար է ստացել այդ ավտոմեքենան:
Ուրեմն, Սուրիկ Խաչատրյանը եղել է այն մարզպետը, որին ներել են, որին ընդունել են, որի մի շարք նախաձեռնություններով հիացել են: Մինչդեռ 2013 թվականի հունիսի 1-ը ջրբաժան դարձավ նրա գործունեության մեջ, նրա հանդեպ ձևավորված վերաբերմունքի մեջ: Բուդաղյաններ-Լիսկա հակամարտությունը հասավ իր բարձրակետին և ավարտվեց արյունահեղությամբ: Եվ այժմ արդեն սկսեցին հիշել Սուրիկ Խաչատրյանի և նրա հարազատների բազմաթիվ հանցագործություններ, ոչ հրապարակայնորեն, սակայն հնչեցին դժգոհություն, եղան ատելություն արտահայտող կոչեր: Իշխանությունները գնահատականներ չհնչեցրեցին կատարվածին, սակայն ոչ պաշտպանության տակ առան նրան, ոչ դատապարտեցին: Սա տարօրինակ էր, քանզի Սուրիկ Խաչատրյանը մոտ 13 տարի ղեկավարել է Սյունիքի մարզը, հանդիսացել պետության հենարաններից մեկը, Հարավային Հայաստանի կառավարիչը, ռազմավարական նշանակություն ունեցող տարածքում պետության կողմից լիազորված մարմնի ղեկավարը: Խնդիրն, իհարկե, բավական նուրբ էր, որովհետև սպանվել էր Ավետիք Բուդաղյանը, վիրավորվել էր Արտակ Բուդաղյանը, որը նույնպես ընդգրկվեց մեղադրյալների ցանկում: Կարճ ժամանակ անց անց Արտակ Բուդաղյանն ազատվեց զորամասի հրամանատարի պաշտոնից և նշանակվեց 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի՝ մարտական գծով տեղակալ: Այսինքն, բարձրացվեց նրա պաշտոնը: Անազատության մեջ գտնվող Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը և ,,Լիսկայի Զարզանդը,,՝ Զարզանդ Նիկողոսյանը, ազատ արձակվեցին՝ անհրաժեշտ պաշտպանության արդարացմամբ:
Տրամաբանությունը հուշում էր, որ Սուրիկ Խաչատրյանը նախաքննական մարմնի կողմից հռչակված արդարացման որոշումից հետո պիտի վերանշանակվեր իր պաշտոնում, քանզի նա հեռացել էր՝ նախաքննությանը չխանգարելու պայմանով: Տրամաբանությունը, այո, սա էր պահանջում: Սակայն պարզ էր ու որոշ, որ նրա հեռանալու որոշումը կայացվել էր իշխանության ամենաբարձր օղակներում, որ այս ողբերգությունն ընդամենը պատրվակ էր նրանից ,,ազատվելու,, համար: Մեկնաբանությունները կարող էին տարբեր լինել. Սյունիքի մարզպետի անունը հեռու պահել ողբերգական դեպքերի քննարկումներից, իրադարձությունները չքննարկել պաշտոնականության սահմաններում՝ այսպես ոչ թե պաշտոնյային, այլ անձին դարձնելով բողոքի ու ցասման թիրախ: Կարո՞ղ էին իշխանություններն այս ընթացքում Սուրիկ Խաչատրյանին նոր պաշտոն առաջարկել, կարո՞ղ էին նրան տեղավորել որևէ նախարարությունում կամ գերատեսչությունում, նշանակել որևէ ՊՈԱԿ-ի տնօրեն: Իհարկե, կարող էին, մանավանդ որ նախաքննական մարմինն արդեն կայացրել էր արդարացման որոշում: Մանավանդ որ իշխանության մեջ գտնվողներից ոմանք պնդում են, որ Սուրիկ Խաչատրյանն ունի մեծ ներուժ՝ գործադիր իշխանության մեջ գործելու համար: Հանուն արդարության, ասենք, որ, այո՛, նախկին մարզպետն իսկապես ունի այդ ներուժը, նա կարողանում է մարդկանց համախմբել իր շուրջ, կարողանում է լուծել պետության ուերկրամասի համար կարևոր խնդիրներ, անգամ սեփական ֆինանսական միջոցների ներդրմամբ՝ հասնում է իր ծրագրերի իրականացմանը: Ուրեմն, այնուհանդերձ, ինչու՞ Սուրիկ Խաչատրյանը նոր պաշտոն չստացավ: Իշխանությունները մտածեցին, թե կշարժե՞ն հանրային զայրույթը: Գուցե: Բայց սա չափազանց պարզունակ բացատրություն է, որովհետև վերջին տարիներին իշխանությունները ոչ մեկ անգամ են հեղինակազրկված, պետությանն ահռելի ֆինանսական և բարոյական վնասներ հասցրած պաշտոնյաներին ազատել զբաղեցրած պաշտոններից, ապա նորերն առաջարկել: Միայն այս ,,սկզբունքայնությունը,, դրսևորվեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի և Սուրիկ Խաչատրյանի հանդեպ: Եթե Սուրիկ Խաչատրյանի տան բակում սպանություն էր տեղի ունեցել, ապա Վարդան Ղուկասյանի անունը չէր կապակցվում որևէ սպանության կամ աղմկալի հանցագործության: Ուրեմն, կային ու կան առավել խորքային, սակավ տեսանելի ,,ներքնաշերտեր,, , որոնք գուցե վերաբերում են ազդեցությունների ոլորտներին, ոմանց ամբիցիաներին և կամ իսկապես պետական մտածողությանն ու սկզբունքայնությանը:
Սուրիկ Խաչատրյանի՝ Սյունիքի մարզպետի պաշտոնում վերադառնալու մասին խոսակցություններն ակտիվացան այն բանից հետո, երբ Հովիկ Աբրահամյանը ստանձնեց վարչապետի պաշտոնը: Տարածքային կառավարման նախկին նախարար Հովիկ Աբրահամյանը լավ է ճանաչում Սուրիկ Խաչատրյանին, տեղյակ է նրա աշխատանքային ձեռագրին ու մեթոդներին: Նախկին մարզպետին լավ է ճանաչում նաև նախագահ Սերժ Սարգսյանը, որը ոչ մեկ անգամ է դրվատել լավ աշխատանքների համար: Ուրեմն, ի՞նչ, Հովիկ Աբրահամյանի միջոցով սկիզբ էր առնում ,,ռեաբիլիտացիա՞ն,, , վարչապետը կամենում էր Սուրիկ Խաչատրյանի անունը դու՞րս բերել մեղադրանքների ու քննադատություններիի շրջածիրից: Այո՛: Բայց խիստ պարզունակ կլիներ այս մեկնաբանությունը, որովհետև Հովիկ Աբրահամյանի ծրագրերը շատ ավելի հեռահար ու ավելի քաղաքական ենթաշերտերի վրա կառուցվող են: Մենք մի քանի հրապարակումներում անդրադարձել ենք այն խնդրին, որ վարչապետը մղվում է դեպի նախագահական աթոռ, ուստի նրան անհրաժեշտ է աջակիցների հզոր թիմ, նրան անհրաժեշտ են ազդեցության նոր հանգրվաններ, իսկ Սուրիկ Խաչատրյանն այն անձնավորությունն է, որ կարող է ցանկացած միջոցներով մարդկանց համոզել, ոգեշնչել, պարտադրել, ստիպել: Հենց վերջերս անցկացված ստորագրահավաքն ապացույցն է այն բանի, որ Սուրիկ Խաչատրյանը երբեք չի հեռացել իր իշխանությունից, որ նա հանդիսացել է Սյունիքի ստվերային մարզպետն ու մարդկանց մեծ խմբի պահել իր ազդեցության և իր իշխանության ներքո: Նշանակում է, Հովիկ Աբրահամյանի հաշվարկները ճիշտ էին: Նա կարող է նաև Սուրիկ Խաչատրյանի աջակցությամբ ընդլայնել իր հարստությունները, տեր դառնալ Սյունիքում նոր հարստությունների: Սակայն Հովիկ Աբրահամյանը լուրջ սխալներ թույլ տվեցհատկապես մարտավարության մեջ՝ չհասկանալով, որ Սուրիկ Խաչատրյանի անունը շրջանառության մեջ դնելով՝ նրա դեմ է հանում սյունեցիներից շատերին, որոնց մի մասը գործում է ազնիվ մղումներով, մի մասն էլ՝ թելադրանքներով և հուշումներով: Հարկավոր էր Սուրիկ Խաչատրյանի ,,ռեաբիլիտացիան,, սկսել, ասենք, վարչապետի խորհրդականի կամ մեկ այլ հայեցողական պաշտոնից, ապա նոր մտածել մարզպետական գահը վերադարձնելու մասին: Բայց այստեղ, որքան ընկալում ենք, միայն Հովիկ Աբրահամյանի կամքը չէ: Եթեվարչապետըկամենում է նախկին մարզպետի վերադարձը, ապա տեսանելի է, որ իշխանության մեջ կան ուժեր, որոնք դեմ են վերանշանակմանը: Եվ այդ ,,դեմ,,-ի գլխավոր հանգրվանը նախագահական նստավայրն է: Կարծում ենք, հենց այստեղ են ձևավորում խոչընդոտներ Սուրիկ Խաչատրյանի ճանապարհին: Այստեղ և ՀՀԿ վերնախավում են տարաձայնությունները: Այլապես որևէ խնդիր չէր ներկայացնում վերանշանակումը՝ որքան էլ շատ սյունեցիներ դեմ են նախկին մարզպետի վերադարձին, որքան էլ մի շարք լրատվամիջոցներ աշխատում են նրա դեմ:
Եվ հիմա, գլխավոր հարցը: Կվերանշանակվի՞ Սուրիկ Խաչատրյանը, նորից կստանձնի՞ մարզպետի պաշտոնը: Գործողությունների ընթացքը հուշում է, որ այս պահին չկաքաղաքական որոշում, չկա երկրի նախագահի համաձայնությունը կամ հանձնարարականը: Ակնհայտ է, որ նախագահը դեռ տատամսումների ու դեգերումների մեջ է: Մինչ նախագահը չի ասել իր վճռական խոսքը, մարզպետի թեկնածուների անուններ են շրջանառության մեջ դրվում: Անկախ անունների առատությունից, վերջերս էլ ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի անվան հայտնությունից, ֆավորիտները մնում են Սուրիկ Խաչատրյանը և Խաչիկ Ասրյանը: Սակայն երկուսի դեպքում էլ չկան որոշումներ: Չկա նախագահի հստակ դիրքորոշումը:
Այս իրավիճակը հուշում է մի բանի մասին. Սուրիկ Խաչատրյանը հայտնվել է յուրատեսակ խաղի առանցքում: Օգտագործելով նրա անունը՝ իշխանության վերին օղակներում զարկ են տվել դիրքային պայքարին: Սուրիկ Խաչատրյանն ընդամենը միջոց է, բայց ոչ նպատակ: Ուրեմն, անհրաժեշտ պահին իշխանությունը կկատարի իր ընտրությունը՝ կախված դիրքային պայքարի ,,հայեցակարգերից,,:
Այս պահին երկրի նախագահի տրամադրվածությունը Սուրիկ Խաչատրյանի կողմը չէ: Բայց չի բացառվում, որ կշեռքի նժարը թեքվի դեպի նախկին մարզպետը:
Թեքվելու դեպքում՝ չափազանց լուրջ և հիմնավոր բացատրություններ են պետք, այնպիսիք, որոնք անառարկելի դարձնելի Սուրիկ Խաչատրյանի վերադարձը: Արդյո՞ք նման բացատրություններ կգտնվեն:
Սպասենք վաղվա օրվան…