▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եթե ուզում եք վերադառնալ Արցախ, պետք է դիմանաք Հայաստանի դժվարություններին»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․

«2020-ի պատերազմից հետո բազմաթիվ Արցախցիներ սկսեցին մտահոգվել, որ կարող է լինել նոր պատերազմ, և կորցնենք ամբողջ Արցախը։ Թեպետ ես զօրուգիշեր համոզում էի մարդկանց, որ այդ վտանգը փոքր է, բայց միաժամանակ օգնում էի Արցախի պաշտպանության բանակին՝ ուժեղացնելու նոր ձևավորված առաջնագիծն ու քողարկվելու թշնամու աթս-ներից։
Բլոկադայի ժամանակ Արցախի մեր եղբայրներն ու հատկապես քույրերը ծանր ապրումների մեջ էին, չկար սնունդ, դեղորայք, չկար գազ, հաճախ էլեկտրականություն։ Բնական է, որ մարդու կյանքի համար պայմանները օրեցօր դառնում էին ավելի անտանելի։ Ես ընկերներիս հետ տարբեր զարտուղի ճանապարհներով ապրանք էի ուղարկում Արցախ ու միաժամանակ մարդկանց համոզում, որ պետք է դիմանալ, քանի որ թշնամու նպատակն է հայաթափել ամբողջ Արցախը։
Անձնական նամակներով, ֆեյսբուքի մեկնաբանություններով, նույնիսկ առանձին հրապարակումներով բազմաթիվ Արցախցիներ, նույնիսկ ինձ շատ մտերիմ մարդիկ սկսեցին ինձ մեղադրել, թե իմ տանը ապահով նստած եմ և չեմ պատկերացնում իրենց վիճակը, դրա համար եմ պայքարի ու դիմանալու կոչեր անում։ Այդ ծանր օրերին մոդայիկ էր դարձել ինձ և իմ նման հայերին կոչ անելը' եկեք տեղերով փոխվենք, դուք եկեք Արցախ դիմացեք, մենք գանք ձեր տներում հայրենասեր լինենք:
Դա ինձ շատ էր ցավեցնում, բայց նաև հասկանում էի Արցախի մեր եղբայրներին ու քույրերին, նրանց տառապանքը։
Դիմեցի Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանին, ապա նաև Արցախի ԱԳ նախարարին' բլոկադայի ժամանակ Արցախ տեղափոխվելու և այնտեղ միասին հաղթահարման ծրագրեր անելու։ Եղան խոստումներ, բայց ոչ ռուսների, ոչ էլ կարմիր խաչի միջոցով հնարավոր չեղավ հասնել Արցախ։
Իսկ Արցախի մեր եղբայրներն ու քույրերը ավելի ծանր հոգեբանական վիճակում էին։ Օրեցօր իմանում էի, թե ինչքան մարդ է հիվանդության կամ այլ հնարովի պատճառաբանությամբ լքել Արցախը։ Ռուսներն ու Կարմիր խաչը կարողանում էին մարդկանց հանել Արցախից, բայց հետ տանել կարողանում էին շատ քչերին։ Հետ գնալ ցանկացողներն էլ քիչ էին կամ գրեթե չկային։
Ծանր էր Արցախի վիճակը, և մարդիկ միմյանց էին մեղադրում, ինձ էին մեղադրում պայքարի կոչերի համար, հաճախ ասում էին, թե իմ երեխաները կոնֆետ ուտում են, իսկ իրենց երեխաները՝ ոչ։ Դա ինձ էլ էր ճնշում հոգեբանորեն, ու հաճախ երեխաներիս միտումնավոր զրկում էի տարբեր բաներից՝ անարդար համարելով Արցախի բլոկադայի ժամանակ իմ երեխաների ապահովված լինելը։
Եղավ Նիկոլի պայմանավորված պատերազմի վերջին փուլը։ Զոհվեցին մեր շատ եղբայրներ ու քույրեր։ Իմ ընկերներից շատերը հավերժ մնացին Արցախի հողում։ Արցախը հանձնվեց։ Մարդիկ զանգվածաբար տեղահան եղան։ Գնացի Գորիս ու փորձեցի հնարավորինս օգնել։ Ծանր էր։ Անասելի ծանր էր, մեռնելու չափ ծանր էր հայրենի հողի կորուստը։
Այսօր Արցախի մեր եղբայրներն ու քույրերը էլի ծանր ապրումների մեջ են, բայց արդեն Արցախի կարոտից։ Ու մարդիկ ուզում են տուն վերադառնալ, ապրել թեկուզ բլոկադայի ու թշնամու կրակոցի պայմաններում։ Ու երբ ասում եմ, որ պետք է դիմանանք, ոտքի կանգնենք, հեռացնենք Հայաստանի դավաճանական կառավարությանը և պատրաստվենք 10 տարի հետո Արցախի ամբողջական ազատագրմանը, ինձ էլի մեղադրում են, թե շատ ուշ ժամկետներ եմ ասում։ Կարծես ես եմ որոշում բանակի վերականգնման, աշխարհաքաղաքական իրավիճակների, ուժերի հավասարակշռության փոփոխությունների ժամանակները։ Դրանք գործոններ են, որոնք ժամանակ են պահանջում։
Հիմա Արցախի մեր եղբայրներն ու քույրերը զանգվածաբար լքում են նաև Հայաստանը' այստեղ ապրուստի միջոցներ չունենալով։ Մարդիկ ընտանիքներով հեռանում են Հայաստանից ու հաստատվում հատկապես Ռուսաստանում ու Ֆրանսիայում։ Եվ երբ խնդրում եմ չհեռանալ, ինձ մեղադրում են, թե ես տուն ունեմ, հանգիստ եմ, իսկ իրենք տուն չունեն։ Ավելին' մարդիկ վստահ չեն, որ Հայաստանը ևս չի հանձնվի, հետևաբար այստեղ ապագա չեն տեսնում։ Բայց միաժամանակ մարդիկ անհամբեր պահանջում են տուն վերադառնալ և ինձ մեղադրում են, թե մոտ ժամկետներ չեմ ասում։ Հաճախ տուն վերադառնալու մասին խոսում են այն մարդիկ ու հատկապես այն մտերիմները, ովքեր բլոկադայի ժամանակ երազում էին լքել Արցախը և ինձ առաջարկում էին փոխվել տեղերով, որ իրենք գան իմ տանը ապրեն, ես՝ Արցախում։ Հիմա այդ նույն մարդիկ ասում են՝ պատրաստ են բոլոր դժվարություններին, միայն թե Արցախում ապրեն։
Ես հասկանում եմ մարդկային բնույթը։ Հասկանում եմ, որ տուն, գերեզմաններ, ամեն ինչ կորցրած մարդը դառնում է խոցելի, դրան գումարած նաև Հայաստանում որոշ հիմարների կողմից հալածանքը, արհամարհանքը, մեղադրանքը և այլ հիմարություններ, որոնք ծանր հետք են թողնում Արցախի մեր հայրենակիցների վրա։ Որևէ Արցախցու չեմ մեղադրում։ Եթե մեղադրում եմ, ապա միայն Հայաստանի և Արցախի իշխանություններին։ Մեկին՝ դավաճանության ու հայրենավաճառության, մյուսին՝ թուլակամության ու մորթապաշտության համար։
Բայց Արցախի մեր եղբայրներին ու քույրերին հասկանալով հանդերձ, վստահ եմ՝ 2035-ին, երբ ազատագրենք ամբողջ Արցախը, շատ քիչ մարդ կվերադառնա իր տանն ապրելու, քանի որ մեծ մասը լավ կյանքի որոնումներով արդեն կլինի օտար երկրներում, իսկ այնտեղից ոչ իրենք, ոչ առավել ևս իրենց երեխաները չեն վերադառնա։ Հայաստանը լքող Արցախցիներին ես համարում եմ մեզ համար կորցրած։ Կլինեն չնչին բացառություններ՝ 1-2%, ոչ ավելին։
Սիրելի Արցախցիներ, եթե իրոք ուզում եք վերադառնալ տուն, Արցախ, ապա պիտի մեզ հետ միասին դիմանաք Հայաստանի դժվարություններին։ Պիտի դիմանաք ու հաղթահարեք, պատրաստվեք, որ նորից մեր դրոշը դնենք Ստեփանակերտում, Մարտակերտում, Ասկերանում, Մարտունիում, Գանձասարում, Քարվաճառում, Բերձորում, Կովսականում, Վարանդայում ու մնացած վայրերում։
Ինձ համար անընդունելի է, երբ ասում են՝ գնանք դրսում տուն-տեղ դնենք, ապրենք, երբ Արցախը կազատագրեք, հետ կգանք։ Նախ՝ հետ չեք գա, ապա՝ ոչ ոք պարտավոր չէ պայքարել ու գրկաբաց սպասել այն մարդկանց, ովքեր գնացել են ծանր ժամանակներում և գալիս են դրանք հաղթահարելուց հետո։
Եթե ուզում եք Արցախի վերադարձ, ապա մնացեք Հայաստանում, օգնեք ազատվել Նիկոլից, որից հետո ազգային պետությունը կկազմակերպի ձեր բնակարականային և ապրուստի միջոցները։ Այստեղ ստեղծեք ձեր տունը, նոր կյանքը և այստեղ պատրաստվեք Արցախի ազատագրմանը»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին