ԱԺ-ն այսօր արտահերթ նիստը սկսեց «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի քննարկումով, որը բազմաթիվ տարաձայնությունների առիթ էր հանդիսացել և հետ էր ուղարկվել լրամշակման:
Հիմնական զեկուցող, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ շեմը հաշվարկել են նվազագույն աշխատավարձի 50 տոկոսի չափով: Աշխատող մայրը, անկախ նրանից, թե որքան կկազմի նպաստի չափը, դրանից պակաս նպաստ չի ստանա: Առավելագույն շեմ է սահմանվել նվազագույն աշխատավարձի 15-ապատիկի չափով: 4.6 միլիոն դրամից ավելի նպաստ չի կարող վճարվել:
ՀՀԿ-ական պատգամավոր Լևոն Մարտիրոսյանն առաջարկեց ոչ թե կատեգորիաներով այլ ըստ կարիքի վճարել նպաստը.
«Օրինակ, եթե միայնակ մայր է, հղի է, բայց կարիք չունի և չի գրանցվում նպաստի համար, ինչո՞ւ ենք նրան վճարում, ինչո՞ւ ենք 30.000 դրամը զոռով տալիս, ինչ է թե այդ կատեգորիայում է»,-հարցրեց պատգամավորը:
Արտեմ Ասատրյանը պատասխանեց, որ մինչև 1998 թվականն էր գործում ըստ սոցիալական խմբերի տարբեր նպաստների ինստիտուտը: 1999թ.-ից սկսած նպաստները միավորվեցին և այսօր, շուրջ 105.000 ընտանիք օգտվում է ընտանեկան նպաստից, որոնցում ընդգրկված են մինչև 18 տարեկան շուրջ 180.000 երեխաներ: Միևնույն ժամանակ՝ կան նպաստների տիպեր, որոնց տրամադրումը պայմանավորված է ոչ թե սոցիալական կարգավիճակից, այլև կոնկրետ խնդիրներ լուծելու համար:
«Երեխայի ծնելիության միանվագ նպաստը տրամադրվում է ցանկացած ընտանիքում ծնված երեխայի համար. 1-ին և 2-րդ երեխայի դեպքում՝ 50.000, 3-րդ, 4-րդ երեխայի դեպքում՝ 1 միլիոն դրամ, 5-րդ երախայի՝ 1.5 միլիոն դրամ: Իսկ անապահով ընտանիքում ծնված երեխայի համար վճարվում է լրացուցիչ 50.000 դրամ: Մինչև երկու տարեկան երեխաների նպաստը վերաբերում է աշխատող և երախային խնամող կանանց»:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը նշեց, որ այս պահին չկա եկամուտների ամբողջական համակարգի տեղեկատվական շտեմարան, ուստի, վճարումներն այս կերպ են կատարվում: