Հունվարի 19-ին անմահացավ Հրանտ Դինքը, սպանվելով Ակօս-ի դռան առաջ: Հրանտը վախ էր առաջացնում իր անվախությամբ, հանդես գալով Թուրքիայում ոչ թե որպես հայրենասեր, այլ որպես հայրենատեր: Ոչ ոք չէր հավատում նրա խիզախությանը, ոչ հայերը, ոչ էլ թուրքերը, կարծելով, որ այդ խիզախությունը ինչ-որ մի ուժ հովանավորում է: Երբ նա ընկավ, հազարներով մարդիկ ոտքի ելան. նրանք արդեն 8 տարի շարունակ համալրում են անվախների բանակը: Երեւում է հունվարի 19-ը դարձավ անմահության օր, որովհետեւ հենց 19-ին մենք ունեցանք եւս մի հերոս ի դեմս Արմեն Հովհաննիսյանի: Փառք նրա ապրած կյանքին: Ես միշտ վախենում էի այցելել Եռաբլուրը, բայց մի անգամ գնացի ու այնպիսի ուժ զգացի, յուրահատուկ մի էներգետիկա: Այստեղ ննջեցյալներ չէին պառկած, այլ հայրենիքի պահապանները, զինված ու պատրաստ ամեն վայրկյան ոտքի ելնել գերեզմանից: Ինչ քաղցր բան է կյանքը տալ քեզ ծնած հողի համար: Ամենամեծ ուժը մարդ ստանում է իր ծնած հողից: Եթե հերոսները կյանքը չտան իրենց հողի համար, հողը էլ չի ծնի հերոսներ: