Տիգրան Կարապետյանը գուցե ամենաակտիվ քաղաքական գործիչը չէ, սակայն նրա հնչեցրած ցանկացած կարծիք երբեք չի մատնվում անուշադրության: Asekose.am-ի թղթակիցը զրուցել է Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանի հետ` Եռյակի, դրա ծավալած գործունեության, Գագիկ Ծառուկյանին վստահելու, հնարավոր իշխանափոխության մասին և ոչ միայն:
-Արդեն բավական երկար ժամանակ է, ինչ Դուք և Ձեր ղեկավարած Ժողովրդական կուսակցությունը քաղաքական դաշտում ակտիվ չէ, ինչո՞վ է պայմանավորված տվյալ հանգամանքը:
-Ակտիվ ասելով` նկատի ունե՞ք, որ հանրահավաքներ չենք անում… Մենք ակտիվ քաղաքականության մեջ ենք, ամեն ինչին հետևում ենք, մեր էլեկտորատը տեղում է, ուղղակի չենք մասնակցում, որովհետև չենք հավատում ներկա ուժերին: Տեսեք, թե ինչ է ստացվում. խորհրդարանական ուժերը կազմակերպում են հավաքներ և դրանք կոչում ժողովրդական շարժում, բայց մյուսներին չեն հրավիրում, ուրեմն` դա նախ ժողովրդական շարժում չէ, որովհետև արտախորհրդարանական ուժերը չեն մասնակցում, երկրորդն էլ բլոկային մոտեցում է… Բոլոր ղեկավարները նախկին իշխանական աշխատողներ են, բացի Ծառուկյանից: Մենք Ծառուկյանին տեղ ենք տալիս, հավատում ենք նրան, բայց մյուսներին չենք հավատում:
-Պարոն Կարապետյան, ուշագրավն այն է, որ Եռյակի ձևավորման առաջին իսկ պահից հաճախ կարող ենք հանդիպել կարծիքներ, որոնք թերահավատորեն են մոտենում Գագիկ Ծառուկյանի` ընդդիմադիր լինելու փաստին: Այդ տեսակետն ունեցողները նշում են, որ օլիգարխը պարզապես չի կարող ընդդիմադիր լինել: Սակայն Դուք Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ այլ մոտեցում ունեք, ինչո՞վ է դա պայմանավորված:
-Գագիկ Ծառուկյանը սովորական օլիգարխ չէ, նա շատ բաներ է արել ժողովրդի համար: Օրինակ` տեսել եմ ուսանողների, գյուղտնտեսության համար ինչեր է արել, ընդհանրապես, ժողովրդի համար ներդրած լումա ունի, բարեգործություններ է անում, ինչպե՞ս կարող եմ դա չգնահատել: Շատ օլիգարխներ կան այսօր, որոնք փոշեկուլի պես փող են կուտակում ու ոչ մի կոպեկ ժողովրդին չեն տալիս, իսկ ժողովրդի հետ կիսվելը ճիշտ մոտեցում է:
-Ստացվո՞ւմ է, որ Դուք արդարացնում եք` «եթե գումար ես աշխատում, ապա գոնե կիսվիր ժողովրդի հետ» տեսակետը…
-Բա ոնց, բա ոնց…Մենք պետք է ունենանք մեծահարուստներ, բայց մեծահարուստ` մարդկային դեմքով, ոչ թե մեծահարուստ, ով միայն սեփական հարստացման մասին է մտածում:
-Իսկ մեր մյուս մեծահարուստները, Ձեր կարծիքով, Գագիկ Ծառուկյանի նման չեն, այդպե՞ս է:
-Իսկ ինչու Դուք դա չգիտե՞ք: Նշեք որևէ օլիգարխի անուն, ով ժողովրդի համար, օրինակ, տրակտորներ է գնում, ավտոբուսներ, շտապ օգնության մեքենաներ է նվիրում. ցույց տվեք ինձ այդպիսի մի օլիգարխի: Ես ոչ թե արդարացնում եմ, այլ եղածն եմ ասում: Ես էլ էի ժողովրդի համար անում այն, ինչ կարողանում էի, մինչև չտուժեցի… բայց պետք է անենք, որովհետև մեր ժողովուրդն է, ուրիշը չէ: Այդ առումով Գագիկ Ծառուկյանը վստահություն է ներշնչում, օրինակ` նայում ես ռեժիմին լացդ գալիս է, իշխանությունը թալանում է, տեսեք էլիտան ինչ է անում, չեն կշտանում:
-Հնարավո՞ր է, որ մի օր Ձեզ էլ տեսնենք Եռյակի, մասնավորապես` Գագիկ Ծառուկյանի կողքին:
-Եթե Ծառուկյանը գնա դեպի իշխանափոխություն, մենք կկանգնենք իր կողքը:
-Իսկ իշխանափոխությունն իրատեսակա՞ն է:
-Իրատեսական է, որովհետև ընդհուպ Մոսկվան ներկայիս իշխանություններին չի վստահում:
-Իշխանափոխությունը տեղի կունենա՞ մոտ ժամանակներս:
-Հունվարի 1-ից, այսինքն` Հայաստանի` ԵՏՄ պաշտոնապես մտնելուց հետո: Մանավանդ իմ տեղեկություններով Գագիկ Ծառուկյանը շատ մոտ է Լուկաշենկոյի հետ և շատ հնարավոր է, որ դա տեղի ունենա: Չեմ մտածում, որ այնտեղ Սերժ Սարգսյանին շատ տեղ են տալիս:
-Քանի որ Գագիկ Ծառուկյանից այսօր շատ խոսեցինք, չեմ կարող չհարցնել. հնարավո՞ր է, որ նա լինի մեր հաջորդ նախագահը:
-Ինչու ոչ... ներկայիս իշխանությունն ինչո՞վ է առավել` իր բիրտ ուժով, թե՞ որ ծեծում և կրակում է ժողովրդի վրա` հաշվի առնելով մարտի 1-ի դեպքերը:
-Պարոն Կարապետյան, նշեցիք, որ իշխանափոխություն Հայաստանում հունվարի 1-ից հետո տեղի կունենա, հետաքրքի՞ր է` այդ հարցում Եռյակը ներդրում կունենա:
-Ոչ, Եռյակն ի՞նչ է իրենից ներկայացնում... ինչ էլ, որ անի, ժողովուրդը կանի:
-Այդ ժողովրդին գլխավորողը Եռյակը չի լինի՞:
-Ես չէի ցանկանա, որ Եռյակը գլխավորեր, ժողովուրդը պետք է հեղափոխություն անի և ընտրի որևէ մեկին. լավ կլինի, որ ընտրի բարի մարդու, ոչ թե նորից ընկնի ծուղակը:
-Իսկ Եռյակին հետևելը նշանակո՞ւմ է ընկնել ծուղակը:
-Եթե հաշվի առնենք Լևոն Տեր-Պետրոսյանին և Րաֆֆի Հովհաննիսյանին, ուրեմն` այո:
-Ձեր ասածը պարադոքսալ է, Դուք չեք հավատում Եռյակին, սակայն հավատում եք Գագիկ Ծառուկյանին, չէ որ, ի վերջո, նա այսօր Եռյակի մի մասն է:
-Դաշնակցությունն էլ էր իրենց հետ, բայց հետ կանչվեց: Այն ժամանակ էլ հարցնում էին, թե ինչո՞ւ չեմ հավատում Քառյակին, որովհետև Դաշնակցությունը հետ կանչվեց, որտեղից իմանանք, թե ինչ կլինի հետագայում:
Հեղինակ` Լիլիթ Հակոբյան