▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե այդքան եկեղեցիների փոխարեն մենք ամրոցներ կառուցեինք` ստիպված գաղթական չէինք դառնա

ՀՀ պետական բյուջեով վերականգնվում է աշխարհիկ կառույցի օրինակ, միջնադարյան անառիկ ամրոց Լոռի Բերդը:

«Այն ոչ միայն հոգևոր նշանակություն ունի, այլ նաև աշխարհիկ: 2010 թվականից «Լոռի Բերդ քաղաքատեղին» հռչակվեց որպես արգելոց-թանգարան»,-ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև  Սամուելյանը:

«Այստեղ մենք տեսնում ենք միջնադարյան Հայաստանի ծաղկուն շրջանի պաշտպանական կառույցներից մեկը: Վերկանգնված է մուտքը` իր աշտարակներով և շարունակվում է մինչև հրվանդանի եզրը: Արգելոցի ստեղծմանը իր օժանդակությունն է ցուցաբերել նաև Լոռի Բերդ համայնքը»,-ասաց Ա. Սամուելյանը:

«Պատմամշակութային ժառանգություն» գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Հակոբ Սիմոնյանը նշեց, որ մենք ոչ միայն եկեղեցի, այլև ամրոցներ ունենք:

«Թևավոր խոսք կա. Եթե այդքան եկեղեցիների փոխարեն մենք ամրոցներ կառուցեինք` ստիպված գաղթական չէինք դառնա: Լոռի Բերդը մեր ամենահզոր ամրոցներից մեկն է: Բացառիկ` իր ինժեներական, ճարտարագիտական և պատմական տեսանկյունից: Հիմնադրվել է այն ժամանակ, երբ Հայաստանը որպես միջնադարյան ֆեոդալական երկիր` ստեղծում էր իր համակարգը. տարբեր հզոր կենտրոններում ստեղծում էր թագավորություններ, որոնք ճանաչելով Բագրատունյաց գերակայությունը` դառնում էին արդեն առանձին թագավորություն:

11-րդ դարի սկզբից հիմնվեց Կյուրիկյան թագավորությունը: Սա Բագրատունյաց հարստության կրտսեր ճյուղն էր: Հիշարժան է Դավիթ Անհողին թագավորը, որը և կառուցեց այս հզոր ամրոցը»,-մանրամասնեց Հակոբ Սիմոնյանը:

Խոսելով պեղումների մասին` նա նշեց, որ առաջին ուսումնասիրողը եղել է Նիկողայոս Մառը:

«Իհարկե, նրանից առաջ եղել են շատ եվրոպացի ճանապարհորդներ: Լուսապատկերներ են արել, հիշատակություններ թողել: Բերդը համարվել է ռազմական հենակետ, որին տիրելով  կարելի  էր  ռազմական հենակետ ունենալ: Մառից հետո ուսումնասիրություններ է  կատարել Թորոս Թորոմանյանը: Ապա, 60-ական թվականներից սկսվեցին պեղումները, որոնք ընդհատումներով շարունակվում են մինչ օրս»:

Հակոբ Սիմոնյանի խոսքով` առաջին անգամ ամրաշինության մեջ կարողացան տեսնել հիդրոինժեներական մտահղացում:

«Պարսպի հիմքերը դրված են հսկայական ժայռերի վրա, հատուկ գլորել-բերել են բեկորներ, որ դիմանա ջրին: Կա ենթադրություն, որ այստեղ ջրաղացներ են օգտագործվել: Քաղաքն ունեցել է ոռոգման և խմելու ջրի ցանց,  հատուկ պատրաստված խողովակներ, որոնք ճյուղավորվելով ընդգրկել են ամբողջ միջնաբերդի տարածքը:

Ամրոցում երկու բաղնիք է գործել, մեկը հավանաբար արքունի բաղնիք է եղել, որովհետև պալատական շենքի մոտ է, մյուսը եղել է քաղաքի կենտրոնում և, երևի, եղել է հասարակական բաղնիք: Ունենք տեղեկություններ, որ բաղնիքը ծառայել է ոչ միայն  լողանալու,  այլև հանդիպումների, առևտրական պայմանագրերի, միմյանց հետ շփվելու մի տեղ: Այնպես,  ինչպես հռոմեական բաղնիքները: Հատակը տաքացվել է, որ բոբիկ քայլող մարդիկ իրենց շատ հանգիստ զգան, աստղաձև ելքեր են եղել, որպեսզի գոլորշին դուրս գա և օդափոխություն կատարվի»,-պատմեց Հակոբ Սիմոնյանը:

ՀՀ մշակույթի նախարարության պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրենի տեղակալ Հովհաննես Սանամյանը, շարունակելով վերջինիս խոսքը`  ասաց, որ սկսած 60-ական թթ,, շատ քիչ մասն է պեղվել.

«Քաղաքացիական շենքի շրջակայքը, եղել է եկեղեցի, հետո դա վեր է ածվել մզկիթի, հետո նորից եկեղեցու: Պեղվել են երկու բաղնիքները, պալատական շենքը մասամբ և պարիսպները»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է գտածոներին, ապա մասնագետներն առանձնացրեցին դրանցից ամենակարևորը` 2012 թվականին գտնված բրոնզե թիթեղը, որի վրա 16-17-րդդ դարի բոլոր քաղաքների անուններն են արաբերենով, իսկ մյուս երեսի վրա ֆրանսերենով գրված է  «Փարիզի քաղաքագլուխ»: Շատ ծխամորճեր են գտնվել:

Նշենք, որ վերականգնման ծրագրերը շարունակական են. աշխատանքներ են կատարվում Օձունի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում, Քոբայրում:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին