▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես փշերի վրայով եմ քայլել, բայց որևէ խոչընդոտ ինձ չի կանգնեցրել. Տաթևիկ Հովհաննիսյան

6 տարվա ընդմիջումից հետո խորհրդային ջազ վոկալի «թագուհու»` հանրահայտ ու սիրված երգչուհի Տաթևիկ Հովհաննիսյանի արվեստին կարոտած ու միշտ սպասող հայ հանդիսատեսը կրկին հնարավորություն կունենա ունկնդրել նրան Հայաստանում…

«Azd production»-ի նախաձեռնությամբ՝  երգչուհին երկու անգամ ելույթ է ունենալու  Երևանում՝ հունիսի 28-ին «Յանս» ակումբում և հուլիսի 4-ին՝  Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, հունիսի 30-ին՝ Գյումրիում, հուլիսի 2-ին՝ Ստեփանակերտում:

«Ապրել Նյու Յորքում և լինել ջազ երգիչ՝ արդեն մարտահրավեր է»,- մի առիթով նշել է երգչուհին: Իր իսկ բնորոշմամբ՝  դեպի ջազային արվեստ տանող ճանապարհը փշոտ է եղել, սակայն թե՛ Հայաստանում, թե՛ ԱՄՆ-ում Տաթևիկ Հովհաննիսյանը ճանապարհ է հարթել՝ դիմակայելով բոլոր մարտահրավերներին ու դժվարություններին, նվաճել ամենահեղինակավոր բեմերը, վաստակել բազմահազար հանդիսատեսի ծափերն ու գնահատանքը:

Այսօր էլ  Տաթևիկ Հովհաննիսյանը վստահ քայլում է իր ճանապարհով՝  միշտ հավատարիմ իր արմատներին, շարունակում նաև հայ երգը ներկայացնել աշխարհին :

ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում Տաթևիկ Հովհաննիսյանը պատմել է հայաստանյան տպավորությունների ու զգացողությունների, առաջին ելույթի, դեպի ջազային արվեստ տանող ճանապարհին հանդիպած դժվարությունների, ընտանիքի, հայկական արմատներին միշտ հավատարիմ մնալու և այլ թեմաների մասին…

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Շատ սիրելի Տաթևիկ, Ձեր արվեստին կարոտած հայ հանդիսատեսը վերջապես հնարավորություն կունենա կրկին ունկնդրել Ձեզ… Հետաքրքիր է՝ Ե՞րբ եք վերջին անգամ եղել Հայաստանում, ի՞նչ տպավորություններով եք հեռացել և ի՞նչ զգացողություններով եք գալիս  հայրենիք այս անգամ:

-Վերջին ելույթս Հայաստանում 2008 թվականին էր: Իհարկե, դրանից հետո եղել եմ Հայաստանում՝ հարազատներիս տեսնելու նպատակով, բայց ելույթս 6 տարի առաջ էր: Ամեն անգամ հայրենիքից վերադառնում եմ շատ քաղցր, հաճելի ու ջերմ տպավորություններով,  լիցքավորված, արևով ջերմացած, պտուղներով հագեցած: Ելույթներից հետո իհարկե կհանգստանամ, այս պահին, սակայն,  լարված եմ, համերգի նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են, բայց այս փուլը միշտ անցողիկ է: Շատ բարձր տրամադրությամբ եմ գալու Հայաստան, հատկապես,  որ իմ սիրելի  ամիսներից է.  տաք է, հաճելի, գեղեցիկ, քաղաքը եռուն: Յուրաքանչյուր այցիս  միշտ նոր դրական երևույթներ եմ նկատում, փոփոխություններ, որոնք  ոգևորում և ուրախացնում են ինձ: Բոլոր երկրներում, բոլոր հասարակություններն, անշուշտ, ունեն խնդիրներ ու դժվարություններ,  բայց դրական փոփոխությունները Հայաստանում ակնհայտ են:  

-Հիշու՞մ եք Ձեր առաջին բեմելը, առաջին ծափերը, հանդիսատեսի առաջին ջերմությունը...  11 տարեկանում առաջին անգամ ջազ եք երգել… ի՞նչ էր ջազը՝ 11-ամյա աղջնակի համար:

-Բացի այն, որ մայրս  հրաշալի երգչուհի է,  հայրս էլ երաժիշտ էր՝ քամանչահար: Եղբայրս ջութակահար է, սակայն շատ մեծ սեր ուներ ջազային արվեստի նկատմամբ: Եվ երաժշտությունը՝  թե դասական, թե ժողովրդական, մեր տանը միշտ հնչել է: Նույնիսկ մինչև 11 տարեկան հասակս ես հետաքրքրվել եմ երաժշտությամբ, սիրել և ունկնդրել եմ: Ինձ համար շատ հետաքրքիր աշխարհ էր դա: Անգամ չեմ կարող ասել, թե որ տարիքից է երաժշտության նկատմամբ սերն արթնացել և սկսել եմ երգել՝ լսելով տարբեր ջազային,  ժողովրդակական երգիչների կատարումները: Չգիտեմ՝ ինչպես եղավ, ճանապարհս ուղղվեց դեպի ջազային երաժշտությունը, մեծ սեր արթնացավ իմ մեջ: 11 տարեկանում արդեն երաժիշտների կատարումներին  բավական  ծանոթ ու այդ արվեստի մեջ մխրճված էի: Քանի որ մայրս և հայրս ռադիոկոմիտեում էին աշխատում, ծանոթ էի նաև այդ միջավայրին: Մայրս ինձ հաճախ էր տանում իրենց փորձերին: Հատկապես երբ մրցույթներ էին կազմակերպվում, ես շատ սիրում էի կողքից հետևել: Եվ ահա մի օր,  երբ ավարտվեցին մրցույթի  մասնակիցների ելույթները, ժյուրիի անդամները, որոնք ճանաչված արվեստագետներ էին, ասացին, թե լսել են, որ Օֆելյայի աղջիկն էլ է երգում և առաջարկեցին երգել: Իմ կատարումն, իհարկե, ջազային չէր: ժամանկին ֆրանսիական «swingel   singsers» խումբ  կար, որը դասական երաժշտությունը ջազային ռիթմերով  էր ներկայացնում: Այդ խմբի ստեղծագործություններից մեկը կատարեցի, որը երևի 11 տարեկան երեխայի համար բավական բարդ էր: Կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը հետաքրքրվեց, հարցուփորձից պարզեց, որ ջազային երաժշտություն եմ սիրում, և խնդրեց, որ   ջազային երգ կատարեմ, ինչից հետո  վերին աստիճանի ոգևորված՝  առաջարկեց ձայնագրվել նվագախմբի հետ: Անշուշտ, դա ինձ համար աշխարհի չափ մեծ ուրախություն էր: Դա իմ առաջին քայլն էր: Մի քանի տարի հետո ձայնագրեցի  «It's Only a Paper Moon»  երգը՝ նվագախմբի հետ,  որը ժամանակին շատ ավելի մխրճված էր ջազային երաժշտության մեջ՝  շնորհիվ Մարտին Վարդազարյանի: Այսինքն՝ Էստրադային  խումբ չէր, այլ՝ ջազային և էստրադային խմբերի կապակցություն:  11 տարեկանում երգել եմ նաև «Գիքոր» ֆիլմի համար՝  Գրիգոր Հախինյանի  երգերից:  Մանկական ձայն էր անհրաժեշտ,  և դա եղավ իմ առաջին ձայնագրությունը:

-Մի առիթով նշել եք, որ երաժշտական ընտանիքում ծնվելն  Աստծո պարգև էր...  Աստծո պարգև է նաև ժողովրդի կողմից համընդհանուր սիրո արժանացած հրաշալի երգչուհու դուստր լինելը... Տաթևիկ Հովհաննիսյանի երաժշտական ճաշակի ձևավորման հարցում ի՞նչ ազդեցություն է ունեցել Օֆելյա Համբարձումյանը…

-Օֆելյա Համբարձումյանը մինչ օրս մեծ ազդեցություն ունի ինձ վրա: Եթե մի բանի համար կարող եմ երախտապարտ լինել, դա այն է, որ  իմ մայրն Օֆելյա Համբարձումյանն է: Այդպիսի երգչուհի չի ծնվել և երևի չծնվի: Ոչ բոլորովին  նրա համար,  որ իմ մայրն է: Ես ինքս, լինելով պրոֆեսիոնալ երգչուհի, երկար  տարիներ լսելով աշխարհի  ճանաչված երգչուհիներին, կարող եմ մորս դասել  ամենատաղանդավորների շարքը: Ուրեմն՝  այդպիսի մոր դուստր լինելն ինձ  համար մեծագույն  պարգև է եղել և պիտի լինի: Եվ, անշուշտ,  իր կողմից ինձ փոխանցված ուժը, էներգիան, որ ինձ ոտքի է կանգնեցրել, նրա ելույթներին, փորձերին ներկա լինելը, և ընդհանրապես նրա հոգու զգացողությունը անգնահատելի դեր են ունեցել ինձ համար:  Շատ խստապահանջ մայր է: Շատ խիստ է վերաբերվել իր երաժշտությանը: Երբեք գոհ չմնալով ինքն իրենից՝  միշտ մտածել է, որ ավելին կարող է անել: Դա ինձ էլ է փոխանցվել: կարծում եմ՝ իմ առաջին դասատուն, առաջին ուժը,  որ ինձ մղել է դեպի երաժշտություն, եղել է և կլինի իմ մայրը: Մինչ օրս ես լսում եմ  իր երաժշտությունը,  և դա ինձ ոգևորում է, որ օտար երկրում  այսքան տարիներ ապրելուց հետո կարողանամ ժողովրդական երաժշտությունը վերածել  ջազայինի:

- 9 տարի շարունակ Դուք եղել եք «Խորհրդային ջազի թագուհի» տիտղոսակիր՝ այդ կերպ ներկայացնելով նաև Հայաստանը, ինչը, անշուշտ,  և՛ պատվաբեր է, և՛ պարտավորեցնող:  Ի՞նչ նշանակություն ուներ դա Ձեզ համար...

-Եթե մի քիչ ավելի շատ ճանաչեիք իմ բնավորությունը, կիմանայիք, որ դա ինձ համար մեծ դեր չէր կարող ունենալ: Ես երբեք չեմ ձգտել անվանի լինել, փառքի տիրանալ, հարստանալ և այլն: Դա  մի ճանապարհ էր, որ ես ընտրել եմ, առանց որի չեմ կարողացել իմ կյանքը առաջ տանել:  Երաժշտությունն ինձ համար մեծագույն պարգև է եղել և է  մինչ օրս:  Երբեք  ճանապարհս հեշտ չի եղել: Ջազային երաժշտությունը բավական բարդ է, բայց դա է  իմ սերը, առանց որի ես չէի  կարող դրսևորվել: Եվ անշուշտ, շատ հաճելի է տեսնել, որ այն երաժշտությունը, որը ես ներկայացրել եմ տարբեր երկրներում, ինչպես նաև ԽՄ-ում, ընդունվել  և գնահատվել է:  Այսպես կարող եմ ասել:

Ապրել Նյու Յորքում և լինել ջազ երգիչ՝ արդեն մարտահրավեր է: Սա ինձ համար յուրօրինակ մրցակցություն է: Դեռեւս հաջողվում է հաղթել այս պայքարում»: »,- նշել եք հարցազրույցներից մեկում: ԱՄՆ-ում Դուք շարունակեցիք Ձեր հաղթարշավը՝  միշտ հավատարիմ մնալով ջազին: Տարբեր առիթներով նշել եք, որ թե՛ Հայաստանում, թե՛ ԱՄՆ-ում Ձեր ճանապարհը լի է եղել դժվարություններով: Ի՞նչ դժվարությունների եք բախվել, ինչպե՞ս եք հաղթահարել մարտահրավերները:

-Նախքան հարցի պատասխանին անցնելը՝ նշեմ, որ Հայասատանն իր առաջին ջազ նվագախումբն ունեցել է 1930 թվականին: Եվ չնայած դրան՝  միշտ էլ ջազային երաժշտությունը սիրվել և ընկալվել է ավելի նեղ  շրջանակների կողմից: Խորհրդային միության տարիներն էին, իսկ ԽՄ-ն ԱՄՆ-ի հետ եղբայրական հարաբերությունների մեջ չէր, ուստի  ջազային  երաժշտությունը ներկայացնել տարբեր քաղաքաներում այդքան էլ հեշտ չէր: Փաստորեն, ես փշերի վրայով եմ քայլել, բայց քանի որ սիրել եմ  երաժշտությունը, երբեք որևէ խոչընդոտ ինձ չի կանգնեցրել:  Այսինքն՝ երբեք չեմ մտածել, որ եթե այդքան լսող չունեմ, եթե այդքան հասկացող չունեմ, հարկավոր է գնալ մեկ այլ ճանապարհով: Սերս այնպիսին  է եղել, որ ինձ առաջ է տարել, բայց ճանապարհս դժվարին էր: Բոլոր նրանք, ովքեր իսկապես սիրել են ջազային երաժշտությունը, եղել են շատ խիստ ֆանատիկներ: Թեկուզ մի բուռ լինեին, նրանք իրենց ուժով կարողացել են միշտ առաջ գնալ: Ես տեղափոխվեցի ԱՄՆ այն ժամանակ, երբ  Խորհրդային Միությունում արդեն 9 տարի եղել էի ջազի առաջին լեդի: Թողնել այն ամենն,  ինչ  կառուցվել էր, և գալ մի անհայտ երկիր, որտեղ պետք է ամեն ինչ զրոյից սկսել, իսկապես մարտահրավեր էր: Սկզբնական շրջանում  հայ համայնքը  բավական օգնեց ինձ առաջին ելույթներս կազմակերպելու առոջմով: Ես ԱՄՆ-ում եմ  վերջապես ապրում և անհնար էր, որ ունկնդիրներս միայն հայեր լինեին: Անշուշտ,  օտարազգի հանդիսատես ևս ունեի: Աստիճանաբար քայլերս ավելի ընդլայնվեցին, և կարողացա այդպիսով  ջազային կատարումներով ներկայանալ նաև հայակական համայնքներից դուրս: Համագործակցում էի  երաժիշտների հետ, ովքեր ԱՄՆ-ում ծնված հայեր էին և ելույթներ էին ունենում ոչ միայն հայ համայնքի  համար: Այսպիսով՝  շրջանակներն ավելի  ընդլայնվեցին: Արմեն Դոնելյանն առաջին երաժիշտերից էր, ում հետ սկսեցի աշխատել:  Փառք Աստծո,  հնարավորություն ստեղծվեց ավելի մոտիկից ծանոթանալ նաև աշխարհահռչակ պրոդյուսեր Ջորջ Ավագյանի հետ: Պարզվեց, որ նա 1975 թվականից լսել էր ինձ, երբ Կոնստանտին Օրբելյանի հետ հյուրախաղերի էինք գնացել ԱՄՆ: Այդ պահից հետևել էր իմ ելույթներին: Այդ ժամանակ իմ ջազային երգերի հետ հասունացել էր դրանք ժողովրդական երգերի հետ զուգակցելու գաղափարը: Ջորջ Ավագյանը առաջարկե իմ երկրորդ ձայնասկավառակի պրոդյուսերը լինել: Այդպիսով՝  ավելի շատ եղա այդ միջավայրում: Իմ երաժշտությունը սփռվեց ամբողջ աշխարհում: Այս ամենը չեմ ասում, որ ներկայացնեմ ինձ որպես փառքի հասած երգչուհի:  Ոչ, սա մի ճանապարհ էր, որ անցել եմ քրտնաջան աշխատանքով: Դա ինձ պարզապես օգնեց, որ  շրջանակներն ավելի ընդլայնվեն, ավելի մտերմիկ հարաբերություններ ձևավորվեն այնպիսի երաժիշտների հետ, որոնց միշտ երազել էի տեսնել նկարներում ու գրքերում: Ինձ հնարավորություն ընձեռվեց երկար տարիներ համագործակցել նրանց հետ, ընկերանալ,  երգել: Ճանապարհս շարունակվում է, և  ինչքան ուժ ունեմ, ինչքան  կարող եմ պետք է առաջ քայլեմ այդ ճանապարհով  որ փորձեմ նորանոր բարձունքների հասնել՝ երբեք կանգ  չառնելով:

-Ապրելով և ստեղծագործելով Հայաստանից դուրս՝ երբեք չհեռացաք արմատներից՝ միշտ հավատարիմ մնալով հայկական մաքրամաքուր ժողովրդական երգին: Ավելին՝ ջազի և հայկական ժողովրդական երգի յուրօրինակ զուգակցումը ներկայացրիք  նաև աշխարհին: Ազգայինը՝  ամենաթանկ ժառանգությունը, ի՞նչ է տվել Ձեզ՝ հատկապես օտար միջավայրում:

-Երաժշտությունը յուրաքանչյուր մարդու համար իր արմատներն են: Եթե մարդը կապվածություն ունի  իր արմատների հետ, ուրեմն՝ հույս կա, որ նրա աճը չի կանգնի: Կարելի է համեմատել ծառի հետ: Եթե ծառի արմատները խորն են, եթե արմատների հետ խիստ կապվածություն կա, ծառը սնունդ է  առնում այդ հողից, և բարգավաճում: Իսկ եթե արմատները  չոր են, խորություն չունեն, ծառն ի վերջո պետք է մեռնի: Այս առումով մենք բախտավոր ենք: Շնորհակալություն ճակատագրին և Ատծուն, որ ես հայ եմ ծնվել, միշտ հպարտանալու առիթ եմ ունեցել, քանի որ հրաշալի երաժշտություն ունենք՝ խորը, սփռված և այնքան գեղեցիկ,  որ սիրվում է նաև օտարների կողմից:  Մորս շնորհիվ միշտ կապված եմ եղել մեր  երաժշտությանը: Երբեք չեմ կտրվել արմատներից, իմ ժողովրդական երաժշտությունից: Հատկապես երբ երկրից հեռանում ես, կարոտն ու կապվածությունն ավելի է ուժգնանում: Դեռ Հայստանում ապրելու տարիներին  երբ շրջագայում էի,  համերգների  վերջում անպայման հայերեն երգ էի ներկայացնում, քանի որ իմ երաժշտությունը անգլերենով էր: Որտեղ էլ  լինեի, մարդկանց միշտ հետաքրքրում էր, հարցնում էին երգի ծագման մասին: ԱՄՆ տեղափոխվելուց հետո որոշ ժամանակ անց ինձ խեղդում էր այն միտքը, որ եթե ես ջազային երգչուհի եմ և մենք ունենք այսպիսի հարուստ երաժշտություն,  կարելի է և հնարավոր է դա կապակցել: Այդ գաղափարն առաջարկեցի Արմեն Դոնելյանին, ում հետ արդեն աշխատում էի: Նրան էլ հետաքրքրեց, և այդպես  սկսվեցին աշխատաքները: Առաջին իսկ երգը մեծ հաջողություն ունեցավ, և դա ոգևորեց մեզ, որ շարունակենք: Իմ արմատներից երբեք չեմ կտրվել, ամերիկյան իմ մեծ երգացանկի հետ մեկտեղ ունեմ մեծ ծրագիր, որը կազմված է  հայկական ժողովրդական երգերից:

-Ինչպիսի՞  ընդունելության է արժանանում հայկական ժողովրդական երգը օտար հանդիսատեսի կողմից:

-Նախ նշեմ, որ վերջին տարիների հատկապես էթնիկ երաժշտությունը սերտորեն միացել է ջազայինին: Փառք Աստծո՝ այս ուղղությունը  բավական մեծ  տարածում է ստացել: Հետաքրքիր օրինակներ շատ կան՝ և գործիքային,  և վոկալ երաժշտության մեջ: Մարդկանց ընկալումներում ավելի պարզորոշ է դարձել այն միտքը, որ ջազային երաժշտությունը չի պարփակվում միայն ամերիկյան երաժշտության օրինակներով: Հայկական երգերն այլազգիների կողմից հիմնականում ջերմ ընդունելության են արժանանում: Միգուցե չեն հասկանում, թե ինչ լեզվով է երգը,  բայց զգում ես, որ իրենց սրտին փոխանցվեց: Ոմանք խիստ հավատարիմ են ամերիկյան երաժշտությանը և գտնում են, որ սա ջազ չէ, բայց ջազը ընդլայնվել է… Ջազ է,  թե ոչ, սա իմ հոգու ճիչն է, որն արդեն կանգ չի  առնելու:

-Ինչո՞վ է առանձնանում հայ  հանդիսատեսը…  Կա՞ որևէ  առանձնահատուկ որակ, որ ունի միայն հայ հանդիսատեսը: Որևէ լիցք, զգացողություն, որ կարող է տալ միայն հայը, որ երբեք չեք ստացել աշխարհի  այլ բեմերից: 

-Եթե խոսենք էթնիկ ջազի մասին, անշուշտ այն շատ ավելի խորն ու ջերմ կարող է ընդունվել հայ հանդիսատեսի կողմից, քանի որ լսողն ինքը կապված է այդ  երաժշտության հետ, նույն արմատներներ են: Գուցե այլազգիները  նույն խորությամբ չընկալեն:  Ընդհանուր առմամբ՝ մեր հանդիսատեսը տաք, ջերմ,  խորը  զգացողություններով հանդիսատես է և անշուշտ այդպիսի  լսարանի առջև ելույթ ունենալը հաճելի է: Քո ազգի հետ շփվելը, հայ հանդիսատեսին տեսնելը, նրանց աչքերի ջերմությունը զգալը լիցքեր է հաղորդում, որ շարունակես առաջ գնալ:

-Ելույթներ եք ունեցել աշխարհի տարբեր երկների ամենահեղինակավոր փառատոններում, ամենահեղինակավոր համերգասրահներում: Հետադարձ հայացք ձգելով փորձենք առանձնացնել՝ ո՞րն է Ձեզ համար  ամենամեծ գնահատականը:

- Կառանձնացնեմ մի ելույթ, որը կայացավ 1995-1996 թվականներին: Ես առաջին անգամ  ներկայացրեցի հայկական ժողովրդական երգը՝  ընդգրկված  իմ ընդհանուր ծրագրում: Այդ օրը  անկրկնելի բան տեղի ունեցավ: Միշտ պատմել եմ այս ելույթի մասին, քանի որ խորը տպավորություն է թողել ինձ վրա:  Ելույթս հանրահռչակ համերգասրահում չէր, այլ  Նյու Յորքի եկեղեցիներից մեկում: Եկեղեցու  համերգասրահը լեփ-լեցուն էր: Անգամ հանդերձասենյակի աթոռներն էին տրամադրել հանդիսատեսին: Ես ինքս աթոռ չունեի,  որ կարողանամ նստել ու պատրաստվել: Ելույթի վերջում հայտարարեցի, որ անակնկալ ունենք, և առաջին անգամ պիտի  ներկայացնենք ժողովրդական երգ, որն Արմեն Դոնելյանի և մեր խմբի հետ փորձել ենք զուգակցել ջազի հետ: Կատարեցի  Կոմիտասի «Անձրևն եկավ» երգը: Սա  մեր առաջին քայլն էր: Այդ պահին անբացատրելի բան տեղի ունեցավ: Մարդիկ ոտքի կանգնեցին և սկսեցին մոտենալ բեմին: Փորձում էին հնարավորինս մոտ լնել:  Երաժշտությունն այնպիսի ուժ փոխանցեց ինձ, ապա ինձնից՝ հանդիսատեսին և կրկին ինձ: Չէինք կարողանում երգն ավարտել: Անբացատրելի զգացողություն էր, որ հանդիսատեսը կարող է այդպես միանալ քո կատարմանը:

-Ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ  ձեռքբերումը:

-Ես երկար տարիներ՝  դեռ Հայաստանից սկսած՝ նաև դասավանդում եմ՝ փորձելով իմ փորձառությունը փոխանցել աշակերտներին: Եկա այս երկիր և շարունակեցի դասավանդել:   Սկզբնական շրջանում  աշակերտները միայն Նյու Յորքից էին: Աստիճանաբար նրանց թիվն ավելացավ: Գիտեք, թե համացացն ինչպես է տարածում տեղեկությունը:  Ես անգամ չէի պատկերացնում, որ ինձ կարող էին այդ քանակությամբ նամակներ ուղարկել  աշխարհի տարբեր ծայրերից: Էթնիկ ջազը հետաքրքրություն էր առաջացրել և տարբեր ազգերի ներկայացուցիչներ ցանկություն էին հայտնում սովորել այդ երաժշտությունը: Այսօրվա դրությամբ՝  կանադացի, շվեյցարացի, գերմանացի, հույն, ռուս, ճապոնացի աշակերտներ ունեմ: Ապշեցուցիչ բան է կատարվում. շվեյցարացին երգում է «Յարիմո», գերմանացին  երգում է՝ «Հով արեք»... սիրահարված են հայկական երգերին: Սա ամենամեծ պարգևն  ու ձեռքբերումն է, որ ես կարողացել եմ մեր հոգու երաժշտությունը փոխանցել նրանց և աշխարհին ճանաչելի դարձնել:

-Ի՞նչն եք ամենաշատը կարոտում Հայաստանում: Ի՞նչ եք տանելու Ձեզ հետ…

-Ամենաշատը ծիրանն եմ կարոտում, որովհետև այդ պտուղը ուրիշ ոչ մի երկրում  նույն համը, քացրությունն ու հրաշքը չունի: Կարոտում եմ մեր դաշտերի  ու ծաղիկների հոտը, մեր սարերը… հայի հումորը: Մեր ազգն օժտված է մի այնպիսի հումորով, որ իսկապես կարոտում եմ դա: Եվ իհարկե հարազատներիս…

-Հետևու՞մ եք հայաստանյան իրադարձություններին՝  հատկապես մշակութային կյանքին… եթե այո, հետաքրքիր է Ձեր կարծիքը…

-Ցավոք, ոչ այնքան, որքան կարող էի, քանի որ չափազանց զբաղված եմ: Ավելի շատ ամուսինս է հետևում, լսում, կարդում, երբեմն պատմում ինձ հայաստանյան անցուդարձի մասին: Թե ինչ է կատարվում արվեստի ոլորտում, չեմ կարող Ձեզ պատասխանել: Երբ Հայաստանում եմ լինում,   հեռուստատեսությամբ երաժշտական ծրագրեր եմ դիտում և չէի ասի, թե սիրահարված եմ այդ ծրագրերին: Մենք սովորություն ունենք միմյանց քննադատել: Սակայն  այն վարակը, որ  ավելի հասարակ, էժան, պարզունակ, հեշտ ընդունելի երաժշտությունն ավելի մեծ շահույթ է բերում, ամբողջ աշխարհում է տարածված: Հուսանք՝ ժամանակավոր է, կշրջանցնենք այս շրջանը և արվեստն ավելի կգնահատվի: Քաղաքականությունով փորձում եմ չհետաքրքրվել, քանի որ ատում եմ քաղաքականությունը: Չէի ասի, որ տեղեկացված չեմ, բայց հետաքրքրված չեմ: Հայաստանում միշտ եղել է մի ուժ, մի էներգիա, որ ապշեցուցիչ ձևով ստեղծում էր  որևէ տաղանդավոր գործ… Թափթփուկների, դատարկաբանության կողքին հանկարծակի տեսնում ես՝ հայտնվեց մի հանճարեղ գործ: Միշտ ունեցել ենք այդպիսի ուժ, որը փակում է մնացած թափթփուկներին:

-Փառք Աստծո, որ այդպես է… Ստեղծագործական ի՞նչ կյանքով է ապրում այսօր Տաթևիկ Հովհաննիսյանը… կյանքի կոչվելիք ի՞նչ ծրագրեր ունեք:

-Գարուն է բացվել, իսկ գարունն ինձ համար արթնացում է: Եվ ես, լինելով երգչուհի, անընդհատ զբաղված լինելով իմ ելույթներով, աշակերտներով,  շատ կապված եմ նաև տան հետ: Շատ սիրում եմ իմ ամուսնուն: Մենք ունենք պարտեզներ, բուսականություն, որոնց հետ ես շատ կապված եմ: Սիրում եմ ցանել, ստեղծել, աճեցնել… ծաղիկներ եմ սիրում: Դրանք միշտ ինձ արթնացրել են: Հայաստանից սերմեր եմ բերում, կամ ուղարկում են: Փորձում եմ լոլիկ, վարունգ, ռեհան ցանել և փոքրիկ Հայաստան ստեղծել իմ շուրջը: Չմոռանամ ասել, որ այստեղ տարածում եմ մեր խոհանոցը, սերմեր եմ բաժանում՝ բացատրելով, թե որն ինչ է: Մյուս կողմից,  անշուշտ, զբաղվում եմ իմ ելույթներով: Ելույթ ունեմ  Նյու Յորքում, Հայաստանում: Աշակերտներիցս ոմանք արդեն հայտնի երաժիշտներ են: Նրանց ևս փորձում եմ օգնել, ստուդիա եմ գնում նրանց հետ, և անշուշտ, նոր երգերի, նոր ծրագրերի վրա եմ աշխատում: Սիրով շարունակում եմ իմ ճանապարհը, իմ կյանքը:  

Հեղինակ՝ Հասմիկ Գյոզալյան

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին