Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀԿ խորհրդի նիստում ելույթ ունենալով, Սերժ Սարգսյանն անդրադարձել է ներքաղաքական կյանքին ու նաև գնահատականներ տվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործունեությանը:
Սերժ Սարգսյանը, դիմելով հանրապետականներին, մասնավորապես, ասել է.
Տարիներ շարունակ ես եմ ուղղակիորեն արգելել ձեզ հրապարակավ հանդես գալու Ծառուկյան Գագիկի բոլոր անհեթեթությունների դեմ՝ անձամբ փակելով այդ քաոսը, ե՛ս եմ արգելել որևէ մեկին հոլովել ժողովրդի կողմից դակված «Դոդի Գագո» կնիքը, ե՛ս եմ բոլորիդ հորդորել ժամանակ տալ այստեղ-այնտեղ հնչեցրած հերթական վտանգավոր նախադասությունից հետո՝ բացատրելով, որ նա ուղղի իր սխալը: Անձնական ինչ-որ շահ չեմ ունեցել. փորձել եմ ինձնով փակել ակնհայտ խնդիրը՝ այն շատ-շատերի խնդիրը չդարձնելու համար: Դա նախ և առաջ արել եմ որպես երկրի Նախագահ, որպես իշխող քաղաքական ուժի ղեկավար: Երկրի երկրորդ քաղաքական ուժի ֆորմալ ղեկավարի քայլերը չէին կարող կարևոր չլինել ինձ համար՝ հատկապես երկրում քաղաքական կայունությունը պահպանելու և մեր հասարակությանը ամենատարբեր արկածախնդրությունների մեջ ներքաշելու հեռանկարից հեռու պահելու համար: Միշտ փորձել եմ համբերատար լինել, ներողամիտ լինել, դանդաղ բացատրել, հանգիստ ուղղություն ցույց տալ: Երբեմն ընկալել է, երբեմն հնարավոր չի եղել իրողու-թյունները պարզունակության աստիճանի հասցրած ներկայացնել, և ինչ-որ բան չի ստացվել: Սխալվել եմ: Փորձել եմ պաշտպանել շատերին, բայց չեմ նկատել, որ դրանով վնասում եմ ամբողջ քաղաքական դաշտը, քանի որ նման քաղաքական երևույթի առկայությունն ինքնին աղճատում է ողջ դաշտը: