▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էռնստ. մի ինքնասպանության պատմություն

Առավոտյան լրատվամիջոցներից մեկը տարածեց լուրը, թե Էռնստը ինքնասպան է եղել: Տեղափոխել են հիվանդանոց՝ այտի և պարանոցի շրջանում վերքերով, որտեղ էլ, քիչ անց, վախճանվել է: 

Հաջորդ օրը, երբ լուրը բավական տարածված էր և դևը բաց էր թողնված վանդակից, Էռնստի օգնականը հեգնաբար հերքեց տեղեկույթը: Նա փոխանցեց Էռնստի խոսքերը, թե իբր, ես չե՞մ կարող կարգին ինքնասպան լինել, որ ինքս ինձ պետք է վերքեր պատճառեմ: Ասվածը, պետք է համաձայնել, ողջամիտ էր:  

Հաջորդ օրը չէ, դրա հաջորդ օրը ծավալուն մի վերլուծություն հայտնվեց, որտեղ 2-3 հոգեբաններ և մեկ սոցիոլոգ վերլուծում էին Էռնստի ինքնասպանության դրդապատճառները: Վեր էին հանվում նաև քաղաքական բնույթի պատճառները: Այստեղ պետք է կարճ անդրադարձ կատարենք ինքնասպանի գործունեությանը:

Նա հանրային հեռուստաընկերության գլխավոր դեմքն էր՝ քաղաքականություն մշակողը: Բնականաբար, հանրային հեռուստաընկերությունը պետականամետ դիրքորոշում և կեցվածք ուներ տարբեր հարցերի շուրջ: Այն գլխավոր գործիքներից մեկն էր: Կարելի էր ակնկալել, որ հեռուստաընկերության աշխատանքի ցանկացած, անգամ չնչին բացթողումը պետք է իշխանության զայրույթն ու դրան հետևած գործողություններն առաջ բերեր: Եվ ահա նախնական լուրի մեջ ասվում էր այն մասին, որ ինքնասպանությունից առաջ նա 1.5 ժամանոց հեռախոսային զրույց է ունեցել երկրի ղեկավարի հետ: 

Այս և էլի 1-2 կամ 3 ծանրակշիռ վերլուծություններից հետո Էռնստը որոշեց անձամբ հայտնվել ու հերքել չարագույժ ու տմարդի լուրերը: Նա հայտնվեց էկրանին հեգնական ու ինքնավստահ ժպիտով հերքեց սեփական չգոյության մասին լուրը, նորից կրկնելով այն սրամտությունը, թե ինքը, ցանկության դեպքում, կարող է ճիշտ կերպով ինքնասպան լինել՝ առանց ինքն իրեն վնասվածքներ (այտին ու պարանոցին) պատճառելու: 

Այս տեսաուղերձի տարածումը, սակայն, միանգամայն հակառակ արդյունքն ունեցավ: Ինչ-որ մեկը լրագրողներից հիշեց, որ նրա ինքնասպանության մասին լուրեր տարածվել էին 7 տարի առաջ: Եվ այն ժամանակ, չնայած ներկայիս պես սաստիկ ու տմարդի չէին դրանք, Էռնստը պատրաստվում էր հանդես գալ տեսաուղերձով՝ վկայելով սեփական գոյությունը: Ինչ-ինչ պատճառներով տեսանյութն այն ժամանակ չտարածվեց, և ահա, պնդում էր լրագրողը, սա հենց այն՝ 7 տարվա վաղեմության տեսաբացիկն էր:

Այսպիսով, քայլը, որ միտված պետք է լիներ կեղծ լուրերի ջախջախմանը, հակառակը՝ ավելի ամրապնդեց ու պարարտացրեց դրանք: Դե իհարկե, եթե տարածվում է 7 տարվա վաղեմության նյութը, ուրեմն վստահաբար, մարդն այլևս չկա մեր աշխարհում: 

Էռնստը կատաղությամբ համակվեց և որոշեց անձամբ հայտնվել մարդկության մեջ: Հավաքելով կամքը և պահպանելով կատաղությունը՝ հագավ կոստյումը և գնաց մայրաքաղաքի երեկույթներից մեկը: Հավաքույթում, ըստ սովորության, ինչպես տապանի մեջ ամեն մասնագիտությունից կային գրեթե զույգերով: Դե, ինչպես անասունները տապանի մեջ գրեթե զույգերով: Կային նաև եռյակ կամ քառյակ ներկայացուցիչներ՝ տարբեր ոլորտներից, կային նաև անհատներ, բայց գերակշիռ միտումը զույգային ներկայությունն էր:

Եվ երբ Էռնստն իր հմայիչ ժպիտով մոտեցավ ու հպանցիկ հեռացավ եռյակներից մեկին, վերջիններս նրա ներկայությամբ նրա հետ սիրալիր բառեր փոխանակեցին, բայց անմիջապես հետո սկսեցին թեժ քննարկել վերջինիս ինքնասպանությունը: Եռյակից մեկն ափսոսանք հայտնեց, մյուս երկուսը ցինիկ ու բառերով չարտահայտվող դիրքորոշում ունեին, թե գուցե արժանի էր: Չէ, նրանք ոչինչ չէին պնդում, որովհետև իրենք էլ անմեղ արարածներ չէին: Բայց նաև չէին բացառում հնարավորությունը, որ գուցե արժանի էր նման վախճանի:

Էռնստը, ապշահար, քիչ դեգերելուց հետո կրկին մոտեցավ սրանց, կարծես թե բան էր մոռացել, ինչ-որ թեմա մտաբերեց, սկսեց խոսել տենդոտ: Նպատակը հետևյալն էր, որ սրանք իր անունը տային: Եվ խոսակցության ընթացքում եռյակից առնվազն 2-ը առնվազն 2 անգամ նրան դիմեցին անուն-հայրանունով: Ընդ որում՝ անկեղծ հարգանքով: Երբ Էռնստը քիչ հանգստացած, բայց դեռ կասկածը սրտի մեջ հեռացավ շամպայնի նոր բաժակ վերցնելու, 5 րոպե անց կրկին լսեց սեփական ինքնասպանության քննարկումը: Այս անգամ, սակայն, թեման ակնհայտորեն ձանձրացրել էր զրուցակիցներին և վերջիններս վերադարձել էին դրան՝ լոկ կիսատ մնացածն ամփոփոլու համար: Եվ իսկապես, բացի կարճ ու հռչակագրային ձայնարկություններից, հոգոցներից նա այլ բան չքաղեց վերստին թափ հավաքած զրույցից: 

Էռնստը, գրեթե հուսահատության հասնելով, որոշեց գնալ աշխատավայր, որտեղ հույս ուներ ազատվել տարօրինակ կացությունից: 8-րդ հարկ բարձրանալիս նա ոչ մեկին չհանդիպեց, քանի որ ուշ ժամի էր աշխատանքի եկել: Մինչ այդ գիշերը մղձավանջային էր եղել և նա ուշ էր քնել: Գուցե լավ էր ոչ մեկին չհանդիպելը: Ցանկացած հանդիպում, ի վերջո, հիշեցում է մահվան մասին: Ընդ որում՝ կրկնակի հիշեցում: Եվ սեփական մահդ ես հիշում և դիմացինի: Այնպես որ, մենակ 8-րդ հարկ մագլցելն ավելի ապահով է ու պակաս ցավոտ: 

Վերելակից դուրս գալուց հետո առաջին բանը, որ տեսավ ձախի վրա՝ իր նկարն էր՝ սև-սպիտակ, լայն ժպտացող ու կիսաթեք դեմքով, առջևը՝ մեխակների 10-14 հատանոց փունջ: Նկարն իսկապես հաջող էր, թերևս՝ լավագույնը, որ կարելի էր ընտրել նման առիթի համար: Զգացվում էր, որ նկարն ընտրող աշխատակիցը չի մոտեցել դրան որպես հերթական ու տհաճ պարտականությանը, այլ կատարել է սիրով և նույնիսկ նվիրումով: 

Էռնստը ժպտաց լիուլի և մտավ աշխատասենյակ: Այնտեղ ինչ-որ մարդիկ աշխատում էին՝ պատի վրա անցք էին բացում կամ գրադարակն էին ցանկանում տեղաշարժել: Աշխատասենյակն իրենն էր, իր հարազատ տեղը: Բայց վախեցավ բան հարցնել, քանի որ ցանկացած պատասխան վտանգավոր էր: Էռնստն ընտրեց ապահով լռությունը: 

Կանչեց քարտուղարուհուն, ով ներս մտավ իսկույն, արտասվաթոր ու վշտից դողահար: Աչքերը հառած գորգին, խուսափելով քարտուղարուհու աչքերին նայել, Էռնստը սկսեց հարցնել ընթացիկ գործերից ու նախկին առաջադրանքների կատարումից: Քարտուղարուհին պատասխանում էր արհեստավարժ, անգամ վիշտը նրան չէր ճկում: 

Էռնստն իրեն վատ էր զգում, ամաչում էր:

Այս զրույցի ժամանակ ամենաքիչը 2 անգամ լսեց իր անուն-հայրանունը, բայց մշուշի մեջ տեսիլ դյութական: Քարտուղարուհին իր անունը տալիս թեթևակի ցնցվում էր, իսկ 2-րդ անգամ արտասանելիս անգամ աչքերը քիչ-միչ լցրեց, բայց չհոսեցրեց: 

Ես սրիկա չեմ, մտածեց Էռնստը ու կտրուկ շնորհակալություն հայտնելով քարտուղարուհուն՝ դուրս եկավ սենյակից: Միջանցքում վերջին անգամ նայեց սև ու սպիտակ, լայնահուն ու անդորր ժպիտով, այնքան հաջող ընտրված նկարին: Մարդ պետք է բարեբախտություն ունենա – մահվանից հետո նման պայծառ նկար ունենալու: Մտածեց Էռնստը: 

Այն, ինչ հաջորդ պահին մտքով անցավ, նախկինում երբեք մտքով չէր անցնի: Հեռուստաընկերությունից անմիջապես ուղևորվեց նախագահի նստավայր: Նա անմիջական մուտք ուներ թե նախագահի, թե նրա աշխատակազմի մոտ: Այնպես որ, այցելությունը ոչ ոքին անհանգստություն չպատճառեց: Պետական քարոզչամեքենայի ղեկավար լինելը լայն արտոնություններ էր տալիս: 

Ճիշտ է, ստիպված եղավ մոտ 9-10 րոպե սպասել նախագահի ազատվելուն: Մինչ այդ, սպասասրահում, հարազատ հեռուստաընկերության եթերից իմացավ այն մասին, որ նախագահը հրամանագիր է ստորագրել իր հուղարկավորության պետական հանձնաժողով ձևավորելու մասին: Հանձնաժողովը պետք է գլխավորի տրանսպորտի և հեռահաղորդակցության նախարարը: Սա ամենևին էլ քիչ բան չէ: Ճիշտ է, նախարարը վարչապետ չի, բայց էլի մեծ պատիվ է: 

Նախագահի մոտ մտնելուց հետո կանգնեց աթոռի թիկնակին հենված և լռեց մեկ րոպեի չափ: Նախագահը տարված էր թղթերով, դրա համար լռության սկզբնական մասը չնկատեց: Բայց 25-27-րդ վայրկյաններից սկսած նախագահը մի տեսակ սթափվեց ու նկատելով աթոռի թիկնակին կանգնած հենված Էռնստին՝ քիչ զարմացած նրան անուն հայրանունվ դիմեց, վերստին կրկնեց նստելու հրավերը և նորից խորասուզվեց թղթերի մեջ: Այս անգամ նա աչքերը բարձրացրեց 2-րդ րոպեի 18-20-րդ վայրկյանների ընթացքում և բացահայտ ապշանքով նայեց հեռուստաընկերության ղեկավարին: Նախագահի աչքերում տարակուսանքից բացի նաև հազիվ նշմարելի վախ կար. Էռնստը երբեք իրեն այսպես տարօրինակ չի պահել:

Մինչ այդ Էռնստի մտահղացումը հասավ իր գագաթնակետին, նա շրջանցեց սեղանը, հանդարտ ու ինքնավստահ քայլերով մոտեցավ նստած նախագահին, նայեց նրա աչքերին գրեթե նույն խաղաղ ժպիտով (բայց ոչ թեք դեմքով, այլ՝ ուղիղ): Նախագահի մոտ, չնայած իրավիճակի տարօրինակությանը, զարմանքն աստիճանաբար չքանում էր: Նա գորովալից, գրեթե եղբայրաբար նայում էր Էռնստին:

Էռնստը, նույն գորովանքով նրան դիտելով, վերջին անգամ հավաքեց ուժերն ու թքեց դեմքին: Չէ, սա բարոյական ակտ չէր: Սա փորձնական քայլ էր: Տեսնելով, որ նախագահը դիմակայելու ջանք չի թափում, Էռնստը թքեց 2-րդ ու 3-րդ անգամ՝ ավելի ու ավելի ուժգին ու առատ: 3-րդ անգամից հետո զգալով վստահություն, նա անցավ ավելի համարձակ գործողությունների՝ վերցրեց այն թղթերը, որոնց մեջ խորասուզված էր նախագահն իր ներս մտնելու պահին: Դրանցով հարվածեց դեմքին: Այս անգամ ոչ թե նախագահի էությունը խորասուզվեց թղթերի մեջ, ինչպես այն պահին՝ երբ նոր էր մտել աշխատասենյակ, այլ դեմքը՝ ֆիզիկապես: Սակավ մազափնջերից երկուսը տարածվեցին թղթերի հակառակ կողմում՝ որպես դեմքի միակ պատգամաբերներ: Դեմքը չէր երևում, իսկ նրա նշանները՝ մազափնջերի ծայրերը, կախվել էին թղթերի վրա: 

Մի քանի անգամ գործողությունը կրկնելուց հետո Էռնստը լիովին հագուրդ տվեց կուտակված ագրեսիային և անցավ այնպիսի գործողությունների, որ իրենց մեջ ագրեսիա ու չարություն այլևս չէին պարունակում: Նախ, ոտքը բարձրացրեց ու կոշիկի տակի մասով երկու անգամ հարվածեց նախագահի դեմքին: Պետք է խոստովանել, սակայն, որ հարվածը ուժգին չէր: Էռնստն այնպիսի մարզավիճակում չէր, որ հաջողացներ ուժգին խփել: 

Չգիտես ինչու, ապտակել չէր ուզում: Դա ամենահեշտ լուծումն էր, բայց Էռնստին չէր գրավում այս գործողությունը: 

Ծոծրակի մազափնջից բռնեց նախագահի գլուխը և կրկին 2 անգամ հարվածեց սեղանին: Սեղանի վրա երկրորդ հարվածից հետո թեթև խոնավության հետք մնաց: Պարզ չէր՝ լորձունք էր, թուք էր թե աննկատ արյուն: Այնուամենայնիվ, նախագահը նույնպես մարդ է և ոչինչ մարդկային նրան խորթ չէ: Նրա մեջ նույնպես մարդկային հեղուկներ կան: 

Այսպես էլի մի քանի գործողություններ կատարեց, յուրաքանչյուրը՝ երկու անգամ: 

Վերջում կռացավ նախագահի ականջին և նրա հոգնատանջ կիսադեմին շշնջաց, դիմացեք, պարոն նախագահ: Չնայած, չէ, ոչ թե պարոնով դիմեց, այլ՝ անուն-հայրանունով: Շշնջոցից հետո Էռնստը վարագույրի կապերից 2-ը արձակեց և 2-ն էլ տվեց նախագահին, որ դնի բերանը՝ գոռոցը խլացնելու համար: Նախագահը համագործակցաբար վերցրեց դրանք ու ամուր կծեց: Սպասումով աչքերը հառելով աջ կողմի վարագույրին: Էռնստը բռնեց նախագահի աջ ձեռքի ճկույթը, գրչահատը մոտեցրեց ու սկսեց արագ կտրել: Արագությունը պայմանավորված էր հնարավորինս քիչ ցավ պատճառելու ցանկությամբ: 

Գրչահատի առաջին շարժումներից նախագահը սկսեց գռմռալ վարագույրի կապերի ուղեկցությամբ: Նա հմտորեն էր գործածում դրանք՝ ամուր կծել էր և բացի դառնաղի տնքոցից, ոչ մի այլ հնչյուն չէր արձակում: Ինչքան Էռնստը գրչահատը սուզում էր մատի հյուսվածքների մեջ, նույնքան նախագահը ատամներով մխրճվում էր վարագույրի 2 կապերի մեջ: Այդպես համընթաց նրանք առաջ էին տանում գործընթացը: 

Ի վերջո, Էռնստը վերջացրեց, գոհունակությամբ և շնորհակալությամբ նայեց նախագահին, շուրջը պտտեց հայացքով և նկատելով սեղանի փոքր չափերի սահմանադրությունը՝ վերցրեց այն ու մատը դրեց մեջը: Ճկույթը տեղ գտավ մոտ 52-57 էջերի արանքում: Հետաքրքիր է, թե այդտեղ սահմանադրության որ հոդվածներն են հանգչում: 

Նախագահը ցավից ընկղմվեց աթոռի մսեղ թիկնակին՝ դեռ ատամներով գրկած երկու կտորները: էռնստը գոհունակ քայլեց դեպի դուռը, սահմանադրության մեջ փաթաթած ճկույթով: Երբ համարյա դռան մոտ էր, գրքույկից մի քանի կաթիլ արյուն ընկան գորգի վրա: Դրանք ձուլվեցին նախշերին և վստահաբար չէին երևում: 

Հաջորդ օրը պատրաստվում էր կնոջ հետ խոսել, բայց կինը ննջարանից դուրս եկավ սևազգեստ: Հա, ոնց էի մոռացել, մտածեց Էռնստը, էսօր ախր հոգեհանգիստ պետք է գնա:  

Նա համբերեց մինչև հաջորդ օրը, և ժամանակն օգտագործեց՝ տոմսեր պատվիրելու և ճամպրուկը հավաքելու համար: Հաջորդ օրը՝ հուղարկավորությունից 2 ժամ անց կնոջ հետ ճանապարհվեց օդակայան: 

Երկու օր անց Էռնստը դուրս եկավ լայնատերև տերևներով ծածկված հյուղակից: Կինը դեռ քնած էր՝ դեմքին վշտի՝ արդեն անհետացող հետքեր: Թող հանգստանա: Էռնստի հագին գույնզգույն խալաթ էր, որի վրա ձմերուկի նմանվող մրգի լայնակի կտորներ էին պատկերված, թութակի կտուց, և ևս մի գույնզգույն տարր: Այս 3 տարրերից յուրաքանչյուրը կրկնվում էր մոտ 10-12 անգամ: Ձմերուկի նմանվող մրգի լայնակի կտորներն ու թութակի գունավոր կտուցները նման էին իրար: 3-րդ տարրը կլորավուն ու այս երկուսից երկրաչափորեն տարբերվող պատկեր էր: Դրանք միասին հետաքրքիր ու տրամադրություն բարձրացնող համադրություն էին ստեղծում: 

Նա նայեց դիմացը ծավալվող օվկիանոսին: Ժպիտն այնքան անհուն ու լայն ու հանդարտ էր: Այն սև-սպիտակ, մեխակներով ծածկված նկարի ժպիտն էր՝ բայց ավելի լայն ու տոլստոյ: Այն ընդգրկում էր իր մեջ թե այդ ժպիտը, թե դրա նմանները:  

Ավետիք Մեջլումյան   

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին