▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երեխաներս զրկված են մի շարք հետաքրքրություններից». միայնակ հոր պատմությունը

Սարգիս Գասպարյանը միայնակ հայր է: 2012թ նախկին կնոջ մահից հետո նա իր խնամակալության տակ առավ 9-ամյա Միլենային և 12-ամյա Վիլենին, և միասին Ալավերդուց տեղափոխվեցին Երևան, որտեղ ծառայում է Սարգիսը:

Նա ծառայում է ՀՀ  Հատուկ նշանակության զորքերում՝ որպես դեղատան պետ-բուժակ: Սակայն նման աշխատանքը խլում է նրա ժամանակի մեծ մասը, ինչը հնարավորություն չի տալիս նրան երեխաների հետ անհրաժեշտ ժամանակ անցկացնել:

Սարգիսի խոսքով` ամենամեծ խնդիրը դպրոցն ու դասերն են, քանի որ վերադառնալով միայն երեկոյան ժամը 8-ին՝ երեխաների կրթությանը բավարար ուշադրություն չի կարողանում դարձնել:

«Շնորհակալություն երեխաներիս ուսուցիչներին, որ մտնում են իմ դրության մեջ, ու երեխաների թերացումները շատ խիստ չեն ընդունում, բայց ես ինքս ձգտում եմ, որ նրանք լավ սովորեն»,- ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում նշել  է Սարգիսը:

Սակայն նրա ծառայության միակ խնդիրը սա չէ: Բացի այն, որ երեխաները օրվա մեծ մասն անց են կացնում տանը միայնակ. Սարգիսը շաբաթական մեկ օր ստիպված է հերթապահության մնալ ծառայությունում, իսկ վատագույն դեպքում՝ երկու շաբաթով կամ մեկ ամսով նրան կարող են գործուղել նաև Հայաստանի տարբեր զորամասեր:

Սա մեծ խնդիր է ընտանիքի համար, քանի որ Սարգիսի ծնողները բնակվում են Վանաձորում, և նման դեպքերում կա´մ նրանք պետք է տեղափոխվեն Երևան՝ երեխաների հետ լինելու համար, ինչը թույլ չի տալիս նրանց առողջությունը, կա´մ երեխաները պետք է գնան Վանաձոր, ինչի պատճառով չեն հաճախի դպրոց և իհարկե` գիտելիքներով հետ կմնան իրենց հասակակաիցներից:

Սարգիսի խոսքով` ծառայությունից դուրս գալը ավելի բարդ դրության մեջ կգցի նրանց, որովհետև այլ աշխատանք գտնելը չափազանց դժվար կլինի:

«Երկու ամիս առաջ խոստացան ընթացք տալ իմ խնդրանքին և վերանայել դիմումը, բայց հետո ես մերժում ստացա»,- պատմել է Սարգիսը:  Նա այլընտրանք չունի. ստիպված է հարմարվել ծառայության պայմաններին, սակայն այս դեպքում տուժում է նրա ընտանիքը:

Ալավերդիում Վիլենը և Միլենան հաճախում էին պարի, դաշնամուրի դասընթացների, Վիլենը նաև երգում էր քաղաքում անցկացվող  համերգներին: Այստեղ երեխաները զրկված են այս հնարավորություններից, քանի որ Սարգիսը ֆիզիկապես հնարավորություն չունի մի փոքր ավելի ժամանակ տրամադրել երեխաների նմանատիպ հետաքրքրություններին:

Սարգիսը մտահոգվում է նաև երեխաների հոգեբանական ներաշխարհի համար, քանի որ նրանց դրությունը և տարիքը ծնողի ներկայություն են պահանջում: Այժմ երեխաների և հոր տրամադրության տակ միայն կիրակին է, բայց դա չնչին ժամանակ է երեխաներին առողջ մտածելակերպով դաստիարակելու և մեծացնելու համար: Իսկ դասերով ոչ հետևողական  զբաղվելը երեխաների ծուլության պատճառ է, և ուսուցիչների ուշադրությունն ու բարեհոգությունը գլխավոր խնդիրը չեն լուծում:

«Դժվար է միայնակ հայր, և ընդհանրապես՝ միայնակ ծնող լինելը: Ես աղջիկ եմ դաստիարակում, բայց շատ նրբություններ ինքս չգիտեմ: Իսկ իմ բացակայության պատճառով երեխաներս իրար ավելի շատ են վստահում, քան ինձ, և ինձանից արդեն գաղտնիքներ ունեն»,- նշել է Սարգիսը:

Նրա նպատակն է որոշ չափով թեթևացնել աշխատանքի բնույթը,  որոշակիորեն կրճատել գործուղումների ժամկետը, սակայն նրա՝ միայնակ հոր բարդ դրությունը շատ քչերին է անհանգստացնում:

 Հեղինակ` Սոնա Ամիրջանյան

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին