Էրեբունու գործողությունը կարելի է միայն որոշ առումով աւարտված համարել. պատանդներն ազատ են արձակվել։
Հետզհետե պարզ է դառնում, թե ի՞նչ երաշխիքների հիման վրա է կայացել ազատ արձակումը կամ բանակցությունները առաւելաբար ի՞նչ կետերի վրա են կենտրոնացել։
Հետեւյալ լրատվությունը իր վրա վերլուծումների որոշ լուսարձակներ է բացում. «Երեւանյան վերջին իրադաձությունները ՊՊԾ գնդի գրաւման համատեքստում միտված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի տապալմանը: Մինչ այս բանակցություններում կողմերն արձանագրել են որոշակի արդյունքներ»,- այս մասին Բաքվում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական գործերով նախկին օգնական Մեթյու Բրայզան: Նրա խոսքերով, Սանկտ Պետերբուրգի եւ Վիեննայի հանդիպումների ժամանակ ղարաբաղյան հակամարտության կողմերն իսկապես արձանագրել են որոշակի արդյունքներ. «Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունները Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի բանակցություններից հետո վկայում են, որ քննարկումներում որոշակի տեղաշարժեր են եղել»: Խոսելով հակամարտության կարգավորման գործընթացում Ռուսաստանի դերակատարության մասին, Բրայզան նշել է, որ նախագահ Պուտինն իսկապես անհանգստացած է այն հանգամանքով, որ ապրիլյան ճգնաժամը շատ լուրջ էր, և պատերազմի վերսկսման մեծ հավանականություն է պարունակում, որը ձեռնտու չէ Ռուսաստանին: «Պուտինը կարող է խաղաղապահի դերակատարում ունենալ այս հակամարտության մեջ», կարծիք է հայտնել ամերիկացի պաշտոնյան: Ինչ վերաբերում է երևանյան վերջին իրադարձություններին, ապա այս համատեքստում Բրայզան համաձայնել է այն քաղաքագետների հետ, որոնք կարծում են, թե ՊՊԾ գնդի գրավումը միտված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի տապալմանը:
Մեթյու Բրայզան արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցություններին ուղղակի մասնակցել է, փորձ է կուտակել եւ աշխույժ համանախագահ է եղել։Նրա հայտարարությունները դիւանագիտական ասելաձեւեի արվեստին տիրապետող գործչի տպավորություն եւ համոզում են փոխանցում։ Վերը նշված հայտարարության պարագայում, առաջին բաժինը առանձնապես նոր բովանդակություն չի ապահովում։ Տեղաշարժ, Վիեննայի եւ Պետերբուրգի հանդիպումների ընդհանուր դրական գնահատական։
Այստեղ որոշակի տեղաշարժն էլ նախապես բազմիցս օգտագործված ասելաձեւ է եւ հատուկ դեպի բեկում տանող որեւե հունաւորում չի փոխանցում։ Թվում է, որ հետաքրքրականը հայտարարության երկրորդ եւ երրորդ կետերն են, գրեթե փոխկակակցված։ Երկրորդ կետը՝ ՌԴ-ի ղեկավարի կատարած ճիգերի գնահատականն է ամերիկացի պաշտոնատարի կողմից։
Այն տպաւորությունն է թողնում, որ Վաշինգտոնը լիարժեք համաձայն է Մոսկվայի գերմիջնորդությանը , Պուտինին վերագրելով քառօրյա պատերազմից խորապես անհանգստացած լինելը։ Աւելին, ՌԴ-ի խաղաղապահ դերակատարությունը շեշտելով Բրայզան, գեթ դեկլարատիվ, Մոսկվայի գերմիջնորդության անհրաժեշտությունն է տեսնում եւ արդարացնում բանակցային գործընթացի ղեկը ստանձնելու ռուսական ճիգերը։
Իսկ առաջին եւ երկրորդ կետերը ամփոփ բանաձեւելով, ստացվում է այն, որ ՌԴ-ի գերմիջնորդությամբ աշխուժացած բանակցությունները որոշակի տեղաշարժ ապահովել են եւ պատերազմի վերսկսումը նույնինքն Մոսկվայի համար ձեռնտու է, ուրեմն համոզիչ է ՌԴ-ի կողմից լուծման հանգելու համար տարվող աշխատանքների դրդապատճառները։
Հիմա գանք երրորդ կետին. Բրայզան առնչություններ է գծել եւ լուսարձակի տակ առել երեւանյան դեպքերն ու արցախյան կարգավորման գործընթացի նորագույն փուլը։ Այսպես. ռուսական աշխուժության շեշտումով գոյացած դրական տեղաշարժը, որը նաեւ նախանշել է (ըստ Բրայզային) որոշակի արդյունքների հասնելու հաւանականությունը, ՊՊԾ գնդի տարածքի գրաւումով տապալելու վտանգի առջեւ էր։ Աւելորդ չի լինի այստեղ նշել, որ Էրեբունու գործողության արցախյան կարգավորման հետ փոխկապակցված լինելու մասին թեկուզ ոչ նույն շեշտադրումներով, այսուհանդերձ ակնարկ էր արել նաեւ ՌԴ ԱԳՆ բանբեր Զախարովան նշելով, որ այդ իրադարձությունները ինչ-որ ձեւով խանգարում են Ղարաբաղյան բանակցություններին։
Փորձենք պահել Բրայզայի ուղերձի տրամաբանությունը։ Էրեբունու հանգուցալուծումը քաղաքական հարթության վրա տեղափոխելն ու պատանդներին ազատ արձակելով գրաւման վերջ տալը իշխանությունների կողմից տարածքներ չհանձնելու երաշխիքների դիմաց սկսել է ձեւ ու մարմին ստանալ եւ բնութագրել ամբողջ պատահածի բուն շարժառիթը գրաւող խմբի կենսագրությունը եւ հայտարարված առաջադրանքները նկատի ունենալով։ Նաեւ երկկողմանիորեն ընկալված միջնորդի կենսագրությունը։
Մինչ, Խորենացու փողոցի վրա հաւաքված ցուցարարներին կամ ընդհանրապես հրապարակային քննարկումներին մասնակիցների կողմից հնչած իշխանափոխության պահանջները շատ չէին արծարծում արցախյան խնդիրը եւ կենտրոնանում էին աւելի ներհայաստանյան իրավիճակի վրա։
Բրայզայի կողմից ընդգծված երեւույթների փոխկապակցվածությունը իհարկե այլ շարժառիթներ ունի։ Թվում է, որ այստեղ թեման աւելի օգտագործման գործիք է Բրայզայի համար, որ ի դեպ, ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական գործերով նախկին օգնականի պաշտոնն է զբաղեցնում։
Իսկ գուցե իրականում Բրայզան եւ Զախարովան, այստեղ ելնում են ոչ թե իրական վիճակից, այլ միանգամայն իրատեսական թվացող այն հեռանկարից, որ տարածքների վերադարձի մասին խոսակցությունները որքան առարկայական բնույթ ընդունեն, այնքան Հայաստանում մեծանալու է ժողովրդային դիմակայության հավանականությունը: Ամենայն հավանականությամբ, նրանք լավատեղյակ են այն տրամադրություններից, որ գոյություն ունեն Հայաստանում:
Մենք՝ իբրեւ հայկական կողմ, գուցե հաջողենք այս փոխկապակցվածությանը տալ դրական հունավորում՝ առաջին հերթին Էրեբունու հանգուցալուծման առաջին բաժինը առանց ցնցման եւ առանց արյունահեղության աւարտած լինելով։
Ապա, իշխանությունների եւ «Սասնա Ծռերի» միջեւ բանակցությունների առանցքը կենտրոնացնելով արցախյան հիմնախնդրի վրա, նկատի ունենալով թե՜ զինյալների կենսագրությունը, թե՜ միջնորդի արցախյան կերպարը եւ թե՜ ստեղծված միջազգային քաղաքական շահագրգռության բարձր աստիճանի իրավիճակը` արցախյան հարցի կարգավորում ապահովելու անվան տակ։
Սա գուցե կօգնի նաեւ հայկական կողմին բանակցութիւններին աւելի ամուր դիրքերից մեկնելու համար։
Փոխկապակցվածությունը կարող է օգտակար լինել. բայց ոչ ելնելով Մեթյու Բրայզայի ու նաեւ Զախարովայի ծխածածկութաւոր շարժառիթներից եւ նպատակներից ։
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր