Գրանադայի հայտարարությունում հայտարարվել են այն ուղենիշները, որոնք ըստ մեզ՝ պետք է տեղ գտնեն խաղաղության պայմանագրում կամ հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրում, և այս ուղղությամբ աշխատանքները շարունակվելու են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։
Նա հայտնեց, որ Երևանն ստացել է ադրբեջանական կողմի առաջարկները։
«Մեր կողմից նոր գրավոր առաջարկ դեռևս չի ներկայացվել, քննարկումների մեջ ենք, պատասխան փաթեթը պատրաստելիս սպասում ենք, որ Գրանադայի հայտարարության շուրջ ադրբեջանական կողմը հանրային կերպով կդիրքավորվի և կբարձրացնի՝ արդյոք իրենց համար ընդունելի են այդ ուղենիշները», - նշեց ԱԳ նախարարի տեղակալը։
Հարցին, թե արդեն հայտնի՞ է Բրյուսելում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպման օրը, Կոստանյանը պատասխանեց. «Բրյուսելյան հանդիպման հստակ օր ունենալու համար, կարծում եմ՝ անհրաժեշտ է, որ Ադրբեջանը նախ հաստատի իր մասնակցությունը, որից հետո օր կկարողանանք ֆիքսել»:
Ինչ վերաբերում է նրան, թե Հայաստանի ո՞ր առաջարկների հետ կապված Ադրբեջանն ունի խնդիր, ԱԳ փոխնխարարն ասաց. «Ենթադրում եմ, որ ավելի ճիշտ կլինի սպասել Ադրբեջանի արձագանքին Գրանադայի հայտարարությանմ մեջ արձանագրված ուղենիշներին: Դրանից հետո արդեն հնարավոր կլինի խոսել ընդհանուր կարգավորման հեռանկարների մասին»: