▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի քաղաքապետարանը շրջանցում է կամարանցումների նկարազարդողներին վճարելու հարցը

Օրեր առաջ ֆոտոլրագրող Նարեկ Բախտամյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում հայտարարություն տարածեց այն մասին, որ Երևանի կամար-դալանները նկարազարդած նկարիչներին Երևանի քաղաքապետարանը տրամադրել է միայն ներկի գումարը, իսկ իրենց աշխատանքի դիմաց նրանք չեն վարձատրվել: Մինչդեռ, ըստ նույն գրառման, կամարների նկարազարդման համար  ծախսվել է 1 մլն 200 հազ. դրամ: Ֆոտոլրագրողը նկարիչների կոչ արեց համախմբվել և պահանջել իրենց հասանելիքը:

Մենք փորձեցինք մանրամասներ ճշտել վերոհիշյալ խնդրի վերաբերյալ: Անդրանիկ Ավագյանը, ով կամարանցումների նկարազարդողներից է, ASEKOSE.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենց տրամադրել են միայն ներկի գումարը և ընդամենը 20 հազար դրամ տրանսպորտի և սննդի համար: «Ես միայն մեկ կամար եմ նկարազարդել, հետո, երբ հասկացա, որ չեն վճարում, հրաժարվեցի շարունակել: Ես մի քանի ծանոթներ ունեմ, որոնք նույնպես աշխատանքի դիմաց չեն վճարվել»,- նշեց Անդրանիկը: Ըստ նրա՝ նկարազարդել հանձնարարողները պատճառաբանել են, որ բյուջեն չի բավարարում նրանց վարձատրելու համար:

Վերոհիշյալ խնդրի շուրջ փորձեցինք պարզաբանումներ ստանալ Երևանի քաղաքապետարանից: Մեր հարցմանն ի պատասխան՝ քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նամակը ներկայացնում ենք առանց խմբագրման.

«Տեղեկացնում ենք, որ այս տարի Երևանում վերանորոգվել և նկարազարդվել է 130 կամարանցում, ընդհանուր առմամաբ 2011-2012թթ. ընթացքում` 144 կամարանցում: Ծրագիրը շարունակական է, և կան կամարնցումներ, որոնք ևս պետք է վերանորոգվեն և նկարազարդվեն մյուս տարի: Բոլոր ձեռքբերումները կատարվել են համաձայն գնումների օրենսդրության:

Երևան քաղաքի կամարանցումների վերանորոգման և նկարազարդման համար հատկացվել է մոտ 177մլն դրամ Երևան քաղաքի 2012 թվականի բյուջեի միջոցներից:
Կամարանցումների աշխատանքները կատարվել են 3 փուլով` վերանորոգում, նկարազարդում, լուսավորում: Ըստ գնումների օրենսդրության` քաղաքապետարանը հայտարարել է մրցույթ և մրցույթում հաղթող կազմակերպությունները կատարել են տվյալ աշխատանքները (վերանորոգում և նկարազարդում): Երևանի գլխավոր դիզայներ Գագա Ամատունու կողմից հաստատվել են նկարների նկարազարդվող էսքիզները, այնուհետև բոլոր նկարազարդված կամարանցումների ավարտուն տեսքը (նկարների) ընդունվել է իմ կողմից: Եվս 3 կամարանցում նկարազարդվել է «Կանաչաստան» կազմակերպության կողմից, որոնք չեն մտնում կամարանցումների ընդհանուր 144 թվի մեջ»:

Նկատենք, որ պատասխան նամակում քաղաքապետարանը շրջանցել և չէր պատասխանել այն հարցերին, թե որքա՞ն գումար է տրամադրվել նկարազարդումների հեղինակ- նկարիչներին՝ յուրաքանչյուրին: Մինչդեռ հենց այս հարցի պատասխանն էր, որր թույլ կտար իմանալ, թե ինչու նկարիչները չեն վարձատրվել:

Ստացվում է, որ Երևանի բյուջեից կամարանցումների վերանորոգման և նկարազարդման համար հատկացված մոտ 177մլն դրամից նկարիչներին ոչինչ չի հասել, գումարը «չի բավարարում» վարձատրելու համար նրանց, որոնց նկարազարդումների արդյունքում Երևանի կամարանցումները  գեղեցիկ տեսք են ստացել:

Սեդա Հերգնյան

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին