Հունիսի 7-ին Թուրքիայում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունները իրենց վրա են հրաւիրում դիտարժան բազմահայացքային մոտեցումներ։ Պարզ է, որ գործող իշխանություների գլխաւոր առաջադրանքը՝ նախագահ Էրդողանի կուսակցությանը խորհրդարանում մեծամասնություն ապահովելն է։ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը այսպիսով փորձում է իրականացնել նոր սահմանադրության մշակումը։ Իսկ այստեղ գերխնդիրը գործող նախագահի լիազորությունների ընդլայնումն է։
Այստեղ հայկական ոսպնյակը անմիջապես համեմատություն է կատարում պաշտոնական Երեւանի հրապարակած առաադրանքի հետ։ Մշակել սահմանադրություն, ոչ թե ընդլայնելու, այլ սահմանափակելու նախագահի լիազորություններն անցնելով խորհրդարանական համակարգի։
Հայկական ոսպնյակը պահելով արագ անցում կատարենք եւրոպական ոսպնյակին, որովհետեւ նույն իշխող կուսակցության գլխաւոր առաջադրանքներից է նաեւ եւրոպական կառոյցների համարկումն ու դեպի Եվրամիություն ուղղությունը։ Եւ անմիջապես դարձյալ արծարծենք համեմատական քաղաքական տրամաբանությունը հիշելու համար, որ Երեւանում սահմանադրագետների հանձնաժողովը սահմանադրության բարեփոխման հոդվածները քննարկում է դեպի Եվրոպա ընթացող երկրների սահմանադրական բարեփոխումների հարցերով զբաղվող եվրոպական համապատասխան կառույցի` Վենետիկի հանձնաժողովի հետ։ Սա այն հանձնաժողովն է, որը մի քանի տարբեր առիթներով ողջունել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության բարեփոխումների նախագծի հիմնադրույթները։
Սա ինքնին նշանակում է, որ սահմանադրության գլխաւոր բարեփոխումը՝ նախագահականից խորհրդարանական անցումը կամ ժողովրդավարական կարգերի ընկալումով միանձնյա հենքի վրա կառուցված գերգործառույթների բաշխումը օրենսդիր եւ գործադիր հաստատությունների, դրական է գնահատվել համաեվրոպական օրենսդրական գերատեսչությունների կողմից։
Իրաւաքաղաքական իրադարձություններում առկա է շաղկապվածության գործոնը։ Ռիգայում Երեւանի ձեռք բերած արդյունքը կամ ԵՏՄ-ին անդամակցած ՀՀ-ին ԵՄ-ի հետ վերաբանակցելու ազդանշանի մեկնարկը անպայման աղերս ունի եվրոպական քաղաքական արժեհամակարգին ընդառաջ սահմանադրություն բարեփոխելու Երեւանի կամքի հետ։
Անկարայի ձեռնարկվող քայլը հետընթացի համոզումն է փոխանցում։ Տարբեր հարց, որ դեռեվս լիազորությունների չիրաւականացրած Էրդողանը գերուժի կուտակում է ապահովել իբրեւ նվազ լիազորություններ ունեցող նախագահ։ Թուրքիայի դեպքում, լիազորությունները պաշտոնից պաշտոն են անցնում իշխող անձի հետ։ Ուժի կենտրոնը վարչապետական պաշտոնից այսօր արդեն իսկ անցել է նախագահական պաշտոնին իրողապես. մնում է այն իրաւականցնել սահմանադրությամբ։
Գերլիազորման ընթացքի մեջ գտնվող Թուրքիայի նախագահը այս օրերին ուժի կենտրոն լինելու հռետորական հարցեր է հնչեցնում շատ հասկանալիորեն ընտրարշաւի պարունակում ներքին շուկային արտադրատեսակներ հրամցնելով։ Պէտք չէ արագ շրջանցել նաեւ հետեւյալ իրադարձությունը.
Էրդողանը ն մեղադրել է արևմտյան ԶԼՄ-ների այն ուժերին աջակցելու մեջ, որոնք ձգտում են «թուլացնել և մասնատել երկիրը». «Հասկանալի է, թե որ ուժերն են դրա հետևում կանգնած: Նրանք գնում են այն ուղղությամբ, որը նրանց մատնանշում են: BBC-ն և CNN-ը նույնն էին անում Գեզիի բողոքների ժամանակ: Դուք գիտեք, թե ո՞րն է նրանց նպատակը: Նրանք ցանկանում են թուլացնել Թուրքիան, մասնատել այն և կուլ տալ: Բայց մենք թույլ չենք տա դա անել, նրանք չեն հասնի հաջողության», - հայտարարել է Էրդողանը
Ստացվում է այն, որ անհրաժեշտ է, որ մեծամասնություն ստանա, իշխող կուսակցությունը եւ գործող նախագահը նոր սահմանադրությամբ լիազորություններ ապահովի Թուրքիան փրկելու համար թուլությունից եւ մասնատումից։
Հասկանալի է, որ ներքին սպառման համար բարձրացել է հռետորաբանության եւ ստեղծված կացությունների վտանգաւորության աստիճանաչափերը։
Հետաքրքրականն այն է, որ ամենաբարձր մակարդակից արծարծվում է Թուրքիայի մասնատման հնարավորությունը։ Վերադառանալու համար հայկական ոսպնյակին` 100-ամյակի տարվա ընթացքին։
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր