▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբեք չեմ լսել, որ աշխարհի որևէ երկրի ղեկավար 29 օրյա արձակուրդ գնա․ Հարութ Սասունյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրասենյակը զարմանալիորեն հայտարարեց, որ նա երկարատև արձակուրդ  է մեկնում հուլիսի 15-ից մինչև օգոստոսի 12-ը: Ավելի ցնցող է, որ Հայաստանի մի քանի այլ պաշտոնյաներ որոշել էին միաժամանակ արձակուրդ գնալ՝ երկիրը թողնելով առանց բարձրագույն ղեկավարության:

Ես ոչ մի մտահոգություն չէի ունենա, եթե Փաշինյանը մեկ կամ նույնիսկ երկու շաբաթ տևողությամբ արձակուրդ մեկներ։ Ամեն մարդ, ժամանակ առ ժամանակ, հանգստի կարիք ունի: Սակայն երկրի բարձրագույն ղեկավարի գրեթե մեկ ամիս արձակուրդում լինելն անհավատալի է: Ես երբեք չեմ լսել, որ աշխարհի որևէ երկրի ղեկավար 29 օրյա արձակուրդ գնա:

Բացի աշխատավայրում վարչապետի բացակայության ապշեցուցիչ երկարատևությունից, ես այլ երեք մտահոգություններ ունեմ.

1) Թվում է, թե տարրական հասկացողություն չունեն, որ երկրի մի քանի ղեկավարներ միաժամանակ չեն կարող բացակայել աշխատավայրից: Ի՞նչ կլիներ, եթե, Աստված մի արասցե, պատերազմ սկսվեր կամ այլ լուրջ արտակարգ իրավիճակ ստեղծվեր։ Սովորաբար, երբ որևէ երկրի ղեկավար ժամանակավորապես բացակայում է, նրա տեղակալը կատարում է իր գործառույթները, բայց՝ ոչ Հայաստանում: Հայաստանի մի քանի լրատվամիջոցներ հաղորդեցին, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որը պետք է փոխարինի վարչապետին նրա բացակայության ժամանակ, նույն ժամանակահատվածում ինը օրով արձակուրդ է մեկնել: Բարեբախտաբար, կա երկրորդ փոխվարչապետ, որը կկատարի վարչապետի պարտականությունները: Բացի այդ, խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը որոշել է հուլիսի 16-ից օգոստոսի 5-ը 20 օրով արձակուրդ գնալ: Նրան կփոխարինեն փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը (հուլիսի 16-22-ը) և փոխխոսնակ Հակոբ Արշակյանը (հուլիսի 23-ից օգոստոսի 5-ը)։ Արձակուրդում են նաև ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը (10 օրով) և արտգործնախարար Արարատ Միրզոյանը (մինչև հուլիսի 22-ը):

2) Եթե Շվեյցարիայի ղեկավարներն օրերով, շաբաթներով կամ նույնիսկ ամիսներով բացակայեին իրենց աշխատավայրերից, ապա ոչ մի վատ բան տեղի չէր ունենա, քանի որ նրանց երկիրը գտնվում է աշխարհի խաղաղ հատվածում: Ցավոք, Հայաստանը գտնվում է անկայուն տարածաշրջանում, որտեղ մշտական սպառնալիքներ կան Ադրբեջանի կողմից։ Հայաստանի ղեկավարները պետք է մշտապես զգոն լինեն և ջանասիրաբար աշխատեն լուծելու երկրի առջև ծառացած բազմաթիվ խնդիրները։ Այս պայմաններում նրանց երկարատև և միաժամանակյա արձակուրդ գնալն անխոհեմություն է և անպատասխանատվություն:

3) Ի վերջո, Փաշինյանը նախորդ ամիս հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է մեկ ամսվա ընթացքում խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ: Ինչո՞ւ նա պետք է հետո շրջվեր և մեկ ամսով արձակուրդ գնար: Արդյոք նա չպե՞տք է իր աշխատավայրում լիներ, եթե, մի հրաշքով, նախագահ Ալիևը համաձայներ ստորագրել նման պայմանագիր, որը, իմ կարծիքով, ոչ միայն անօգուտ է, այլև հակասում է Հայաստանի շահերին: Ալիևը խելամտորեն ձգձգում է խաղաղության պայմանագրի ստորագրումը, որպեսզի անվերջ զիջումներ կորզի Հայաստանից․․․
Թեև ամբողջ ղեկավարության բացակայությունը լուրջ վտանգ է ներկայացնում որևէ երկրի համար, սակայն բազմաթիվ հայեր այնքան էլ մտահոգված չեն: Ընդհակառակը, նրանք ուրախ են, որ ղեկավարները հեռու են աշխատավայրից, ուստի նրանք ավելի քիչ վնաս կհասցնեն երկրի շահերին: Հանրության որոշ անդամներ հույս ունեն, որ այդ ղեկավարները կմնան մշտական արձակուրդում և չեն վերադառնա իրենց պաշտոններին:

Որոշ ընթերցողներ կարծում են, որ ես չափազանց քննադատաբար եմ վերաբերվում Փաշինյանին: Թեև ճիշտ է, որ ոչ ոք կատարյալ չէ, սկսած ինձանից, սակայն վարչապետը մեծ ջանքեր է գործադրում կոպիտ սխալներ ու անհիմն հայտարարություններ անելու համար, որոնք ծիծաղելի կլինեին, եթե այդպիսի լուրջ հետևանքներ չունենային: Նման հարյուրավոր օրինակներ են գալիս մտքիս։ Նշենք միայն վերջին օրինակը, երբ հուլիսի 14-ին Բեռլինում վարչապետն իր տիկնոջ հետ ներկա էր ՈւԵՖԱ-ի ֆուտբոլի առաջնության խաղին:

Սոցիալական ցանցերով տարված Փաշինյանը պարբերաբար իր բոլոր ելույթները, հանդիպումները և այցելությունները հրապարակում է Facebook-ում, TikTok-ում, Instagram-ում, Twitter-ում (X) և YouTube-ում։ Ի տարբերություն աշխարհի այլ ղեկավարների, նա շրջում է մեկ կամ երկու բջջային հեռախոս ձեռքին։

Բեռլինում ֆուտբոլային խաղի ժամանակ նա իր բջջային հեռախոսը դրել է իր առջև և նկարահանել իր դեմքը և ոչ թե խաղը, տեսահոլովակին ավելացնելով 31-ամյա ամերիկացի երգչուհի Թինաշեի տարօրինակ երգը: Վիքիպեդիայում «Nasty» («Գարշելի») երգը նկարագրվում է որպես R&B («Ռիթմ և բլյուզ») և ռիթմիկ փոփ երգ, որում Թինաշեն «ռեփ է երգում» իր սեռական էներգիային համապատասխանող մեկին փնտրելու մասին, որին նա հերթականությամբ անվանում է իր «արտասովորն» և իր «գարշելին», միաժամանակ օգտագործելով մի քանի ռիսկային կրկնակի իմաստներ: Երգն ունի «ռոբոտային» հեշտ մտապահվող հատված, իսկ երկրորդ քառյակում Թինաշեն մանրամասնում է սեքսուալ ժամադրության մասին՝ երգելով․ «Շտապ, ազդրերս նստարանին են, ես ոչինչ չունեմ ներքևում, կարծես դու պատրաստվում ես գիշերել, կարծես թե ես պատրաստվում եմ փոխել քո կյանքը»։

Ինչո՞ւ է Հայաստանի վարչապետն իր տեսահոլովակին այդքան անպատշաճ երգ ավելացնում, որի տեքստում կա «գարշելի» բառը, և այդ «գարշելի» բառը կրկնվում է 59 անգամ։
Զարմանալի է, որ Փաշինյանի տեսահոլովակը «Nasty» երգի հետ մեկտեղ հաղորդվել է Լոս Անջելեսի Channel 5-ով։ Հեռուստատեսությամբ հեռարձակվող այդ հատվածի վերնագիրն էր՝ «Փաշինյանն ու կինը Բեռլինում՝ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչում լսում են «Nasty» երգը»։ Հեռուստաալիքը հարցրել է. «Ի՞նչ ընդհանուր բան կա 2024 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակչի, Թինաշեի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև»: Իմ պատասխանն է՝ բացարձակապես ոչինչ․․․

Channel 5-ը հայտնել է, որ Փաշինյանը TikTok-ում տեղադրել է երկրորդ տեսանյութը, որտեղ ցուցադրվում է հաղթանակի տոնակատարությունը ֆուտբոլային խաղի ավարտին՝ ևս մեկ անգամ ավելացնելով «Nasty» երգը։ Հեռուստաալիքը նշել է. «Հայտնի չէ, թե ինչու է նա ընտրել Crescenta Valley-ի միջնակարգ դպրոցի երբեմնի աշակերտուհու երգը որպես երկու տեսահոլովակների ֆոնային երաժշտություն։ Նաև, առաջին հերթին, հայտնի չէ, թե նա ինչպես է գտել այդ երգը»։
Գրեթե անհնար է բացատրել վարչապետի գործողություններն ու դրդապատճառները։ Միգուցե նա աշխատանք է փնտրում Հոլիվուդում, երբ այլևս վարչապետ չլինի:

 

Հարութ Սասունյան
TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին