▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ կլինեն մանդատերից զանգվածային հրաժարումներ մեկ գիշերում...«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ակնհայտ է, որ Հայաստանում սկսվել են 2017 թվականի խորհրդարանական պատկերի ձեւավորման աշխատանքները, եւ կոալիցիայի մասին ՀՅԴ-ի հայտարարությունը, իհարկե, այս աշխատանքների մեկնարկի մասին հայտարարությունն է, որ Հրանտ Մարգարյանի շուրթերով անում է Սերժ Սարգսյանը: Եվ պատահական չէ, որ հետեւում է ՀՀԿ-ի արձագանքը Վահրամ Բաղդասարյանի շուրթերով, որը, ըստ էության, հայտարարում է, որ Սերժ Սարգսյանը թող անձամբ ասի այդ մասին եւ միանգամից իրենց՝ ՀՀԿ խմբակցությանը:

ՀՀԿ խմբակցությունը լինելու է խորհրդարանական պատկերի առանցքը, եւ ակնհայտ է, որ հենց այդ առանցքի շուրջ պետք է հավաքվի, այպես ասած, մնացյալ խորհրդարանական խճանկարը: Եվ իրականում այն է հարցը, թե ինչ կոալիցիա է ձեւավորվելու ՀՀԿ-ում: Իսկ այս կուսակցությունը վաղուց է գործում կոալիցիոն սկզբունքով՝ դեռ 2007 թվականից, երբ կուսակցությունում իրենց, այսպես ասած, թիմային ներդրումներն ունեցան եւ՛ Սերժ Սարգսյանը, եւ՛ Ռոբերտ Քոչարյանը:

Իհարկե, այսօր ՀՀԿ-ն այլ պատկեր ունի, սակայն կուսակցության կոալիցիոն բնույթը շարունակվում է եւ, ըստ էության, ավելի է խորացել այն բանից հետո, երբ լուծարվեց ներիշխանական երկրորդ ուժը՝ ԲՀԿ-ն: Իրական կոալիցիոն բանակցությունները սպասվում են հենց ՀՀԿ-ի շրջանակում, առավել եւս այսօր, երբ չկա նախագահական պաշտոնը, եւ երկիրն անցել է խորհրդարանական կառավարման մոդելի, որտեղ առավել բարձրանում է պատգամավորական ամեն մի մանդատի, այսպես ասած, իշխանական արժեքը:

Դա նշանակում է, որ եթե նախկինում առանցքային խնդիրը որեւէ ՀՀԿ-ական թիմի համար կարող էր լինել խորհրդարանական խմբակցությունում թեկուզ փոքր ներկայացվածությունը, այսօր ըստ էության կարեւոր է դառնում ամեն մի մանդատի տարբերությունը, քանի որ պատգամավորական մանդատից այն կողմ առաջնային մանդատ այլեւս չկա, եւ ամեն պատգամավոր, ըստ էության, դառնում է յուրօրինակ մի նախագահ:

Բնականաբար, սա նշանակում է, որ ի տարբերություն նախորդ խորհրդարանական ընտրությունների՝ եւ՛ 2012, եւ՛ 2007, 2017-ին ընդառաջ ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատերը հստակեցնելը լինելու է շատ ավելի թեժ գործընթաց՝ նկատի ունենալով նաեւ այն հանգամանքը, որ բաց է մնում նաեւ վարչապետի հարցը, եւ հայտնի չէ, թե ի վերջո ինչ է անելու Սերժ Սարգսյանը: Ավելին՝ իրավիճակը դրանով առանձնահատուկ է դառնում նաեւ այն տեսանկյունից, որ կապված Սերժ Սարգսյանի պլանների հետ՝ ՀՀԿ խմբակցության հարցը կարող է վերստին բարձրանալ նույն սրությամբ, ինչ սրությամբ որ այժմ, նաեւ 2018-ից հետո:

Եվ այստեղ արդեն տեղի է ունենում ոչ միայն, այսպես ասած, անցողիկ շրջանակների մանդատների արժեքի բազմապատկում, այլ նաեւ ոչ անցողիկ թվացող տեղերի, քանի որ 2018-ից հետո, կախված Սերժ Սարգսյանի պլաններից, կարող է առաջանալ ՀՀԿ խմբակցության արմատական վերանայման անհրաժեշտություն, երբ կլինեն մանդատերից զանգվածային հրաժարումներ մեկ գիշերում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին