Մաս 1
Ինչո՞ւ են վախենում «քաղաքական բառից»։
Արդյո՞ք իշխանություններին հաճելի է մարդկանց բողոքը, հատկապես հոծ զանգվածը, հատկապես սկզբունքային, համառ ու պողոտա փակող ցուցարարները, սոցիալական բունտը և այլն։
Ո՞րն է «քաղաքակիրթ» լուծումը։
Քաղաքակիրթ լուծումը մեխանիզմներ ստեղծելն է՝ այդ մեխանիզմներին տարբեր անուններ են տալիս՝ ինստիտուտներ, միջին խավ, ինտելիգենցիա, որոշումների կայացման խողովակներ ու հարթակներ, ու վերջիվերջո՝ քաղաքական էլիտայի ձևավորման կուլտուրա իր թաշախուստով։
Այս ամենն անհրաժեշտ է մեկ բանի համար, ոչ մի բուրգ չի կարող լինել վերևից՝ էլիտայից, ու ներքևից՝ «պրոլետարիատից»։
Նման աղճատումը միշտ հանգեցնելու է քաղաքական ճգնաժամերի։
Նման բողոքների ու ցույցերի դեպքում է երևում էլիտայի ձևավորման ինստիտուտների սնանկությունը։ Իսկ ինչպե՞ս է ձևավորվում էլիտան Հայաստանում՝ թաղի տղերքի, վարչական լծակների, ընտրակաշառքի, մամուլի, «ինտելիգենցիայի» ու մի շարք այլ քաղաքական կուլտուրայի միջոցով, որոնք էլ հետագայում ձևավորում են ներիշխանական հարաբերությունները։
Հարց՝ ո՞ւր էին այս կառույցները Բաղրամյանի կամ ավելի ճիշտ էլեկտրաէներգիայի սակագնի ճգնաժամի օրոք։
Քաղաքական կոնյուկտուրան չպիտի նման սնանկ լինի։ Ավելին, այսօրվա քաղաքական կոնյուկտուրան, որ ձևավորում է էլիտա մտածում է, որ այս խնդիրների հետ կապ չունի, որ այն պետք է լուծի բյուրոկրատիան ու ոստիկանությունը՝ երկու ապաքաղաքական կառույց։ Ու դրա համար էլ միշտ վախենում է ցանկացած խնդրի քաղաքականացումից, քանի որ դրա պատասխանատուն արդեն ինքն է, իսկ իր մեթոդները այլ են։ Այս մեթոդներից խույս են տալիս նաև շատ ապաքաղաքական շարժումներ ու խմբեր, քանի որ գիտեն վերոնշյալ խմբերի մեթոդները (այդ մեթոդներից միայն ագիտացիոն մամուլն են իրենց մաշկի վրա զգում)։
Սակագնի հարցը չի լուծելու հայաստանի քաղաքական խնդիրները։ Այն պարզապես ի ցույց դրեց քաղաքական կոնյուկտուրայի սնկանկությունը։ Նույնիսկ կարող է խթան հանդիսանալ վեջինիս ձևավորման։
Պետք չի վախենալ քաղաքական բառից։
Սակայն պետք չի վախենալ նաև ապաքաղաքական բառից։
Սրանք երկուսն էլ ունեն լայն հատման շերտ, բայց տարբեր աշխարհներ են։
Ազդեցությունն էլ է լինելու երկուսի վրա։ Երազում եմ, որ ոչ միայն էներգետիկ հարցը սկսվի լուծվել, այլև քաղաքական տրանսֆորմացիա տեղի ունենա։
Մաս 2
Քաղաքական տրանսֆորմացիա
Քաղաքական կուլտուրան բարդ ու տարիներով ձևավորվող գործընթացի հետևանք է։ եթե նայենք մեր կուլտուրային, կգտնենք մի պարզ ճշմարտություն՝ խնդիր Հայաստանում չկա, կան միայն լուծումներ։ Ի դեպ, սա իշխող քաղաքական կուլտուրան է, որին ենթարկվելու են բոլոր քաղաքական ուժերն անխտիր, ով էլ որ գա իշխանության։ Ցանկացած պաշտոնյա էլ, որ հեռանում է պաշտոնից, հետո այնպես է խոսում, իբր իր ժամանակ ոչ մի խնդիր չի եղել, մինչդեռ հիմա (կամ անցյալում) մյուսների օրոք միայն խնդիրեր էին։
Ինչո՞ւ եմ սա ասում։ Հայաստանը լեփ-լեցուն է խնդիրներով, որոնք չեն բարձրաձայնվում։ Կամ քննադատություն է կամ՝ «դրախտ»։ Սակայն խնդիրները կուտակվում են, միայն լուծում առաջադրելուց է բնակչությունն իմանում, որ կար խնդիր։ Ահա և ցանկացած բողոքի հիմնական աղբյուրը։ Նույնիսկ եթե լուծումն անխուսափելի է (տվյալ դեպքում ենթադրենք 7 դրամ սակագնի աճը), բանական ցանկացած արարծ հարց է տալիս, ինչո՞ւ։ Ինչո՞ւ մինչև այսօր ամեն ինչ լավ էր, մեկ էլ հանկարծ պարզվեց՝ ՀԷՑ-ը լուրջ ֆինանսական պարտավորություններ ունի, ու եթե յոթ դրամ չբարձրացվի սակագինը՝ «կանցնենք հովհարային ռեժիմի»։ Ցանկացած մարդ բողոքում է։ Սա բնական բողոք է։ Ու բոլոր ոլորտներում էլ այս վիճակն է։ Ինքնախաբեությունն ու խնդիրը թաքցնելը լուծում չէ։
Մեր քաղաքական կուլտուրայում խնդիրը բարձրաձայնելը պետք է դառնա նորմա։ Վատ բան չդիտարկվի։ Նախարարի հեղինակության անկում չպիտի նշանակի խնդրի առկայությունը։ Ավելին՝ դրա բարձրաձայնելը հետագայում ավելի կհեշտացնի լուծումների փնտրտուքը։ Սկիզբը, բնականաբար, հեշտ չի լինի։ Բայց այս քայլը մենք պիտի կատարենք։ Գոնե հին պաշտոնյաները ռիսկ անեն ու այս քայլը կատարեն։ Ասեն, որ իրենց օրոք ահա այսպիսի խնդիրներ կային։
Իսկ եթե շարունակենք հին ոճով, ապա մեկ ա՝ սկսելու են տրաքել կուտակված խնդիրները։
Նշածիս սիգնալը երևաց կենսաթոշակային բարեփոխումների տապալման ժամանակ։ Ռեֆորմը տապալվեց, մարդիկ ուրախացան։ Բայց խնդիրը, որը տարիներ շարունակ չէր բարձրաձայնվում, մնաց՝ մենք ծերացող ազգ ենք, այսօր չխնայենք, վաղն անտեր ենք մնալու։ Մեր ծերությունը վտանգի տակ է։
Մաս 3
Ինչպե՞ս
Իրոք, ինչպե՞ս բարձրաձայնել խնդիրները։ Տարբերակ մեկ. ընդդիմադիր պատգամավորները երբեմն կարող են պարզ հարց ուղղել նախարարներին՝ ոլորտում կա՞ խնդիր, որ լուծում չի ստացել։
Կամ (այսպես ՄԲ-ում է) նախարարությունները հաշվետվությունում պարտավոր են ներկայացնել նաև ոլորտի խնդիրները ու ստացված բողոքները՝ լուսաբանել բացասական կարծիքներն ու անդրադառնալ նաև նրանց։
Հույս ունեմ, որ քաղաքական դաշտում գոնե այս մի փոփոխությունը տեսնեմ։
Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման քաղաքական կողմը
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet